GSM ասոցիացիան (GSMA) հրապարակել է բջջային ինտերնետ կապի մասին 2023-ի զեկույցը։ Փաստաթղթի համաձայն` ամբողջ աշխարհում սմարթֆոն ունի 4,3 միլիարդ մարդ, ինչը կազմում է մոլորակի ընդհանուր բնակչության 55%-ը: Բջջային ինտերնետից օգտվողների թիվը կազմում է 4,6 միլիարդ մարդ, որից 4 միլիարդը ինտերնետ է մուտք գործում սմարթֆոնների միջոցով։
GSMA-ի զեկույցում նշվում է, որ Հյուսիսային Ամերիկայում և Արևելյան Ասիայում սմարթֆոնների սեփականատերերի 69%-ն ունի 4G կապին միացված սարքեր, մինչդեռ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում օգտատերերի մեծ մասը շարունակում է օգտագործել 3G ցանց:
Շարժական ինտերնետը շարունակում է ակտիվորեն տարածվել, սակայն մոտ 3,4 միլիարդ մարդ դեռևս հասանելիություն չունի կապի այս տեսակին։ Աշխարհի բնակչության 38%-ն ապրում է այն տարածաշրջաններում, որտեղ առկա է բջջային ինտերնետ, սակայն չի օգտվում դրանից։ Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայի բնակչության 59%-ը և Հարավային Ասիայի բնակչության 52%-ը չունի ինտերնետ հասանելիություն:
Զեկույցում նաև նշվում է, որ սովորական հեռախոսների՝ ոչ սմարթֆոնների միջոցով բջջային ինտերնետից օգտվում է 600 միլիոն մարդ, կամ աշխարհի բնակչության մոտ 8%-ը։ Բջջային հեռախոսներից օգտվողների թվի ընդլայնման խոչընդոտները ներառում են անբավարար թվային հմտություններ, անգրագիտության, անվտանգության խնդիրներ և համապատասխան բովանդակության առկայությունը:
Կապի բացակայությունը միլիարդավոր մարդկանց հնարավորություն չի տալիս օգտվել կենսական ծառայություններից՝ սրելով աղքատ և ավելի քիչ կրթված բնակչության առանց այն էլ ծանր վիճակը: Նրանց վրա բացասաբար են ազդում նաև կյանքի բարձր արժեքը և արտակարգ իրավիճակների թվի աճը. կազմակերպությունը կոչ է արել «արագացնել թվային տեխնոլոգիաների ընդունումը և վերացնել խոչընդոտները՝ դադարեցնելու թվային անջրպետի հետագա ընդլայնումը»։