thearmenians.am-ը գրում է.
Ես չգիտեի, որ տասը տարվա որոնումներից հետո ալյումինի վրա վրձնած Քոչարի անհայտ գործը օրերս շատ պատահականորեն գտնելու եմ երևանյան գողտրիկ մի բնակարանում ու շատ մոտից նայելու եմ ավելի քան քառասուն տարվա հնության խորհրդավոր գեղեցկուհու քոչարյան դիմանկարին:
Այդ ճակատագրական կինը վաթսունականներից սկսած հեռուստաէկրաններին էր, շլացուցիչ բեմերում: Նրա թավ ձայնը հնչում էր եթերից, համերգասրահներից, ռադիոընդունիչներից, ավտոմեքենաների ձայնագրիչներից, ամենուր:
Ո՞վ էր նա, որ ոչ միայն սիրելին էր միլիոնավոր մարդկանց, այլև խենթացրել էր իր ժամանակի շատ պահանջված տղամարդկանց: Ովքե՞ր էին այդ երևելիները, ինչո՞ւ էին նրա սերերի մասին խոսում շշուկով, ակնարկներով, արդյոք նաև Քոչա՞րը…:
Ճանապարհը, որ տանելու էր դեպի այդ իշխող գեղեցկությամբ կնոջ մեծ աշխարհը, անցնում է մի դիպվածով. 2006-ին Վիգեն Իսահակյանի հիշողություններում կարդում եմ ահա այս փոքրիկ պատմությունը.
«Մի օր ես ու տղաս՝ Ավիկը, անցնում էինք Երվանդի արվեստանոցի կողքով, տեսա մարդ կա: Մտանք: Երվանդը լավ սափրված, սանրված, թարմ շապիկ հագած, կտավի առջև նստած նկարում էր…Դիմացը բազկաթոռում նստած էր մի շատ գեղեցիկ կին: Ծանոթացրեց. օրիորդ Բելա Դարբինյան. երգչուհի: Նայեցի կտավին, կտավը կտավ չէր, այլ ալյումինումի մի բարակ թերթ: Տեսա՝ հաճույքով էր նկարում Երվանդը, աչքերը փայլուն, ձեռքի շարժումները՝ արագ: Գույները՝ թարմ, քոչարյան գույներ էին, կապույտ, սպիտակ, վարդագույն, լավ էին բռնում ալյումինումի հենարանին: Դրանք համապատասխանում էին Քոչարի թեորիային, որն ասում էր՝ գեղեցիկ նկարելու համար պետք է մոդելին, բնորդին հավանես, ցանկանաս…:
Որպեսզի ոչ ոք չհասկանա, իտալերեն ասացի. «E bellissima, maestro, avanti !»: Թարգմանես՝ այսպես է. «Գեղեցիկ է, մաեստրո, շարունակիր նկարել, հառա՜ջ»: Սակայն ասելու երանգից կարելի է երկու իմաստ տալ այս բառերին, կարելի է այսպես հասկանալ՝. «Գեղեցիկ է մոդելը-կինը, մաեստրո, շարունակիր սիրահետել, հառա՜ջ»:
Երվանդը հասկացավ, աչքերով վերևի հարկը ցույց տվեց, որ ավելորդ չխոսեմ: Վերևում Մանիկը կար էր անում, մի աչքը՝ ներքև, նայում: Նորից նայեցի նկարին, շատ լավն էր, գեղեցիկ, թեթև, թափանցիկ: Բնազդաբար, բերանիցս թռավ. «Շատ գեղեցիկ է, իսկական Մարի Լաուրենսին լինի»: Երվանդը նեղացավ, բարկացավ. «Դու էլ ինձ միշտ ասում ես՝ a la-ա լյա Բոտիչելլի, ա լյա Ռեմբրանդտ, ա լյա Վերոքիո, ինչո՞ւ չես ասում ա լ յա Քոչար»:
Այս միջադեպը շեղեց Երվանդին իր աշխատանքից, ասաց «Հերիք է այսօրվա համար»: Խնդրեց Բելա Դարբինյանին, որ վաղը նորից մի ժամ տրամադրի գործին և որ անպայման կավարտի նկարը: Ի՞նչ եղավ այս գործը, ո՞ւր է. պետք է գտնել, ցուցադրել: Այս գործը, նոր գույներով, նկարված ալյումինումի վրա, կարող էր մի նմուշ լինել իր մի նոր նկարչական պերիոդի…»:
Վիգեն իսահակյանը, որ Քոչարի հետ անցել էր փարիզյան կյանքով, բոհեմով, կանանցով ու զգայուն աչք ուներ, չէր վրիպել, այլապես չէր ակնարկի, թե «…Երվանդը լավ սափրված, սանրված, թարմ շապիկ հագած, կտավի առջև նստած նկարում էր,…. հաճույքով էր նկարում Երվանդը, աչքերը փայլուն, ձեռքի շարժումները՝ արագ…»:
Սրանք նշաններ են, որ մատնում են տղամարդու սիրո, զգացմունքի, հմայվածության մասին: Յոթանասունվեցամյա Վարպետը գուցե զմայլվել էր իր ամենականացի տարիքն ապրող երգչուհով, գուցե թաքուն մի զգացմունք էր տածել, գուցե սիրել էր ցածրաձայն: Անքննելի են մեծերի հոգիները: Քոչարն այդ կտավը ստեղծելուց վեց տարի անց մահացավ՝ գուցե նաև գաղտնիքը տանելով իր հետ: Այն չէր «գաղտնազերծել» նաև երգչուհին ու «գուցե»-ն մնացել էր…:
Ես անընդհատ մտածում էի՝ «Ի՞նչ եղավ այս գործը, ո՞ւր է. պետք է գտնել, ցուցադրել» իսահակյանական հարցադրումների շուրջ ու մոտիկը թողած, ինչպես լինում է սովորաբար, դրանք փնտրում էի հեռուներում: Իսկ մոտիկը երգչուհու դուստրն էր՝ իմ վաղեմի գործընկեր, հեռուստալրագրող Թերեզ Կասյանը, որին պատահաբար պատմեցի Իսահակյանի նկարագրած դիպվածի մասին, իսկ Թերեզն առանց սեթևեթելու ասաց. «Կտավն ինձ մոտ է, սերերի մասին էլ կպատմեմ, կեղծ բարեպաշտությամբ չեմ տառապում»:
Եվ այսպես, իսահակյանական հուշը հայտնաբերելուց տասը տարի անց Թերեզի մոտ դիտում ենք Վարպետի ստեղծած դիմանկարը, շոշափում, փորփրում ընտանեկան ալբոմները՝ Բելա Դարբինյանի վայրի գեղեցկությունը փաստող հին լուսանկարներով, թեյ ենք խմում ու զրուցում Քոչարի գործից, այդ օրերից, Բելայի սերերից, նրա երևելի տղամարդկանցից՝ Օրբելյան, Սևակ, Ենգիբարով, գուցե նաև՝… Քոչա՞ր:
-Քոչարի հետ կապված ոչինչ ասել չեմ կարող: Գուցե, իրոք, Վարպետը սիրահարված է եղել: Մայրս այդ մասին ոչինչ չի պատմել: Գուցե ուղղակի նա իր գեղեցկությամբ ներշնչել է Վարպետին: Նկարն արվել է 1973-ին: Ես շատ լավ եմ հիշում այդ օրերը: Մայրս մուգ կապույտ թավշե մի զգեստ ուներ: Նա գրեթե ամեն օր հագնում էր այդ զգեստն ու գնում էր վարպետի մոտ: Նրանց ծանոթացրել էր Սանասար Կուրղինյան անունով մի մարդ: Նա իրավապահ համակարգից էր: Նրան ութսունականների վերջերին սպանեցին: Այդ պատմությունը, կարծես թե, մնաց չբացահայտված: Չգիտեմ, թե ինչու էին նրանք եղել Քոչարի մոտ, ինչ հանգամանքներում էին ծանոթացել: Հիշում եմ, որ մայրս գալիս էր Քոչարի արվեստանոցից ու անընդհատ պատմում էր բնորդուհու իր անսովոր չարչարանքների մասին: Հիշում եմ, որ մի 3-4 ամիս գնում-գալիս էր,-ասում է Թերեզը:
-Գուցե Վարպետը դիտմա՞մբ է երկար նկարել,-հարցնում եմ:
-Չգիտեմ,-ասում է Թերեզը,- հարցդ հասկանում եմ, բայց՝ չգիտեմ: Գուցե: Երբեմն նեղվում էր: Ասում էր ժամերով նստում եմ, հոգիս հանում է, հետո ասում է այսօր ավարտեցինք, հետո կշարունակենք: Բելան շատ արտասովոր մարդ էր, նյարդային խառնվածք ուներ: Պատմում էր, որ նկարելու ընթացքում Վարպետն իրեն ցույց չի տվել նկարը, իսկ երբ այն պատրաստ է եղել, ինքը նայել է նկարին ու ապշել է: Ինքն իրեն չի տեսել այդ նկարում, իրեն չի ճանաչել: Իր ներքին պատկերացումն իր մասին ուրիշ է եղել: Սանասար Կուրղինյանը խնդրել է Քոչարին, որ նկարը նվիրի Բելային: Բելան չէր հավատում, որ Վարպետն այն նվիրել է իրեն: Բոլորն են ասում, որ Քոչարը չի սիրել նվիրել իր կտավները: Բելան զարմացել էր:
Հետաքրքիր է, որ այսօր, երբ նայում եմ Վարպետի գործին, ես Բելային, նրա բնավորությունը, նրա խառնվածքը, նրա տեսակը տեսնում եմ: Ես իրեն զգում եմ: Ես հիմա հասկանում եմ, թե ինչպես կարող է մեծ նկարիչը մարդուն զգալ և դա չլինի լուսանկարչական ճշգրտություն:
-Մայրդ գիտակցում է՞ր, որ ինքը գեղեցիկ կին է:
-Ինքն, իսկապես շատ գեղեցիկ կին էր, բայց ինքը բոլորովին չուներ այդ գիտակցության զգացողությունը: Այդպիսի կանայք կան, գիտեմ: Ինքն իրեն դուր չէր գալիս: Իր տեսագրությունները որ նայում էր, իրեն ահավոր չէր հավանում: Միշտ ասում էր «վայ, աստված ջան»: Միշտ ասում էի, ինչո՞ւ ես էդպես ասում, սիրուն, հրաշալի կին ես: Շատ զգայուն էր, շատ անկախ էր, շատ տղամարդկային էր: Տղամարդ կին արտահայտություն կա, չէ՞: Ես չեմ սիրում այդ բնորոշումը, բայց ինքը շատ ուժեղ մարդ էր: Չեմ ասում ուժեղ կին էր, ասում եմ ուժեղ մարդ էր: Իր պարագայում ես այդպես եմ ընկալում այդ տղամարդ կին արտահայտությունը: Ես իր հետ շատ եմ քննարկել իրավիճակներ, որ մարդու կյանքում լինում են, կնոջ կյանքում ու ինքն իմաստուն էր այդ հարցերում:
Շատ էին իր մասին խոսում: տարբեր բաներ էին խոսում: Օրինակ ասում էին, որ Կարեն Դեմիրճյանի սիրուհին է, բայց դա բացարձակապես իրականության հետ կապ չուներ: Բացարձակապես: Չէր կարող այդպիսի բան լինել:
-Ծանոթ ես չէ՞ Պարույր Սևակի սիրո՝ Սուլամիթայի հրապարակված նամակին. «…Ինչո՞ւ նստեցիր ղեկին: Ես քո ձեռքերի մեջ պատկերացնում եմ սպիտակ հաց, օղու ըմպանակ, մածնի բաժակ, կանաչ սոխ, գրիչ, գիրք, վարդ, երեխա, ինձ, նույնիսկ Բելլա Դարբինյանին, բայց քո ինչին էր պետք ղեկը… Ինչո՞ւ դու որոշեցիր դառնալ սովորական տղամարդ»: Ակնարկն այստեղ շատ թափանցիկ է:
-Պարույր Սևակի հետ զգացմունքային կապ եղել է: Գուցե նաև՝ սիրային: Դա, հավանաբար, վաթսունականների վերջերին է եղել: Երիտասարդ, շատ գեղեցիկ կին: Սիրառատ Պարույր Սևակ: Առաջին հանդիպումը եղել է «Սկվազնյաչոկ» հայտնի սրճարանում: Բելան ընկերուհու հետ է եղել: Սևակը նստած է եղել դիմացի սեղանին, Բելային դեմ-դիմաց ու անընդհատ, երկար նայել է նրան: Հետո Բելան պատմում էր, որ ինքը սևամորթի նման մի մարդու է տեսել, որ երկար նայում էր իրեն ու սուրճ էր խմում: Սկզբից միանգամից չի ճանաչել Պարույր Սևակին: Ընկերուհին մեջքով է եղել նստած ու երբ շրջվել է, տեսել է, որ Պարույր Սևակն է այդ սևամորթի նման տղամարդը: Ինքը շատ լավ է զգացել իրեն, որ իրենով զմայլվածը Պարույր Սևակն է: Հետո հանդիպել են Էմմա անունով մի կնոջ տանը: Էմման Սևակի մտերմուհին էր, շատ մոտ, շատ հավատարիմ ու հարազատ ընկեր: Նա առևտրի ոլորտում էր աշխատում: Ես շատ լավ եմ հիշում տիկին Էմմային, քանի որ մենք նրանց տանը շատ ենք եղել: Շատ արտահայտիչ դեմքով, խոշոր կին էր: Շատ հետաքրքիր կին էր: Սևակի հետ այդ սրճարանային «հանդիպումից» հետո Էմման ու մայրս ինչ-որ մի առիթով ծանոթացել են, ընկերացել, սկսել են այցելել միմյանց: Գուցե Սևակն էր Էմմային «գործուղել» Բելայի մոտ: Չեմ կարող ասել: Սևակի հետ Էմմայի մոտ են հանդիպել: Մենք շատ մտերիմ էինք Էմմայի հետ: Ես առայսօր նրան շատ լավ ու շատ ջերմ եմ հիշում:
Սևակի հետ մեծ, երկար սիրավեպ չի եղել: Գուցե, իսկապես, զգացմունքային ինչ-որ պոռթկում է եղել: Երկուսն էլ էքսցենտրիկ մարդիկ էին: Իրենք հետագայում էլ մտերիմներ են եղել, լավ ընկերներ: Մայրս տուն չի ունեցել: Ջրվեժում վարձով է ապրել մի սարսափելի բնակարանում, հիվանդացել է, թոքաբորբ է տարել ու Սևակը նրան տարել է իրենց տուն ու կնոջ՝ Նելիի հետ հարազատի պես խնամել, պահել են նրան:
Մի անգամ միասին գնացել են ինչ-որ արտերի միջով: Շոգ ամառվա չորացած արտեր են եղել: Սևակն իր ծառայողական մեքենայով է եղել: Երեկոյան մոտ, երբ շատ գեղեցիկ մայրամուտ է եղել, Սևակը մեքենան կանգնեցրել է, իջել են արտերի մեջ, ու Սևակը կրակայրիչով այրել է չոր խոտերի մի կտոր, ու չորացած խոտերը միանգամից բռնկվել են, մեծ կրակ է եղել: Վարորդն է մի կերպ հանգցրել: «Պատկերացնում ե՞ս մեր մասին ինչե՜ր կխոսեին, եթե միասին այրվեինք այս կրակների մեջ»,-ասել է Սևակը: Իրենք խենթ մարդիկ էին ու այդպիսի խենթ մտերմություն են արել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: