Ռոբերտ դե Նիրո
Advertisement 1000 x 90

Ռոբերտ դե Նիրո

Ինձ դուր է գալիս, երբ հարցազրույցը երկար չի տևում: Միգուցե այսքանով սահմանափակվե՞նք:

Պատանի էի, երբ գնացի New School համալսարանի «Դրամայի արվեստանոց»: Մտնում եմ ներս: Ռեժիսորն օտարերկրացու ահավոր շեշտադրությամբ հարցնում է. «Իսկ դուկ ինչո՞ւ եկ ուսում դեռասան դարնալ»: Ես լռեցի, որովհետև չգիտեի՝ ինչ ասեմ: Նա իմ փոխարեն պատասխանեց. «Ոռպեսզի ինկնառտաայտվեկ»: Ու ես վրա տվեցի. «Այո, իհարկե, հենց դրա մասին եմ երազում»:

Մենք անվավոր չմուշկներ ունեինք: Կախվում էինք բեռնատարների հետևից ու մի երկու թաղամաս այդպես սլանում, մինչև բեռնատարը կանգ էր առնում կարմիր լույսի տակ: Բայց մի օր փոփոխություն մտցրին երթևեկության կանոնների մեջ, իսկ մենք ոչինչ չգիտեինք: Բոլոր լուսանցույցներն այնպես էին աշխատում, որ մեքենաները 20-30 խաչմերուկ անցնեին առանց կանգ առնելու: Ես կախվել եմ բեռնատարի հետևից ու միայն 4-րդ խաչմերուկից հետո հասկանում եմ, որ դեռ երկար ենք գնալու: Վարորդը չգիտի, որ մենք կախված ենք նրա բեռնատարից: Միայն տարիների հետ ես հասկանում, թե ինչ հիմարություն էր մեր արածը:

Ոմանք ասում են. «Նյու Յորք կարելի է գալ միայն որոշ ժամանակով, բայց ես այստեղ մշտապես չէի ապրի»: Իսկ ես նույն բանը կարող եմ ասել բոլոր այլ վայրերի մասին:

Մի՞թե կարող էի ենթադրել, որ տարիներ անց անծանոթ մարդիկ ինձ տեսնելով փողոցում՝ դուրս են ցցվելու իրենց մեքենաներից ու գոռալու են. «Դու դա ի՞նձ ես ասում»: «Տաքսիստի» նախնական սցենարն արդեն չեմ հիշում, բայց կարծեմ՝ այդպիսի ռեպլիկ չկար: Դա իմպրովիզացիա է: Չգիտես ինչու՝ այդ արտահայտությունը մարդկանց դուր է եկել: Ի՞նչ ասեմ, պատահում է:

Վախենալը նորմալ երևույթ է: Քանի ապրում ես` վախենում ես:

Փողը թեթևացնում է կյանքդ: Եթե փողի հարցում բախտդ բերում է, ուրախ եղիր դրա համար:

Երբ Նյու Յորքի երկնաքերներին բախվեց առաջին ինքնաթիռը, ես գործնական հանդիպման էի: Անմիջապես գնացի տուն (իմ տան պատուհանները հարավ են նայում) ու ամեն ինչին սեփական աչքերով էի հետևում: Տեսա, թե ինչպես էր հրդեհը շարժվում Հյուսիսային աշտարակի ճակատով: Ես զինվեցի հեռադիտակով ու տեսախցիկով, թեև նկարահանելու միտք չունեի: Տեսա, թե ինչպես են մարդիկ դուրս նետվում պատուհաններից: Հետո՝ թե ինչպես փլվեց հարավային աշտարակը: Դա այնքան անհավանական էր թվում, որ ես անմիջապես հայացքս փոխեցի դեպի հեռուստացույցի էկրանը. CNN-ն էր միացած: Ուզում էի հավաստիանալ: Այլ միջոց չկար՝ ինքդ քեզ ներշնչելու, որ դա երազ է: Ինչպես որդիս է ասում, դա նույնն է, թե տեսնես՝ ինչպես է լուսինը երկնքից ընկնում:

Կարիերայիս ներկա փուլում չի լինում այնպես, որ կաստինգից հետո ինձ զանգեն ու ասեն. «Դուք մեզ չեք համապատասխանում»: Դրա համար ես այլ բաներ եմ անում ինձ մերժված զգալու համար: Այդ զգացումն ինձ կարող են տալ երեխաներս: Նրանք մեկից մեկ կարող են հախիցդ գալ:

pizap.com14704813587771

Այո, ճիշտ է, որ «Արյունոտ մայր» ֆիլմի նկարահանումների ժամանակ ես ընդմիջում եմ արել գերեզմանում: Երբ երիտասարդ ես, քեզ թվում է, թե նման բաներն անհրաժեշտ են կերպարի մեջ մտնելու համար: Տարիքի հետ դու ավելի ինքնավստահ ես դառնում, արդեն գործիդ չես վերաբերվում այդքան ջերմեռանդորեն, իսկ արդյունքը նույնն է: Նույնիսկ՝ ավելի լավը, եթե կարողանում ես չմտածել արածիդ մասին. այդ ժամանակ դադարում ես լարվելուց: Գլխավոր գաղտնիքը չլարվելն է: Եթե հանգիստ ես ու ինքնավստահ, ամեն ինչ հրաշալի է ստացվում:

Փառքի գլխավոր թերությունն այն է, որ բոլորը քեզ գլխի վրա դրած են պահում: Ինչ էլ ասես, բոլորը համաձայնում են, եթե անգամ հիմարություն ես դուրս տալիս: Պետք է լինեն մարդիկ, որոնք երեսիդ ասեն այն, ինչ դու չես ուզում լսել:
Ֆիլմեր նկարելը դժոխային աշխատանք է:Հանդիսատեսը դա չի նկատում: Սակայն յուրաքանչյուր ֆիլմի ստեղծման մեջ չափից դուրս մեծ աշխատանք է դրված:

Ո՞րն է տարբերությունը սեքսի և սիրո միջև: Հըըմ, լավ հարց է: Լսեք, դուք Ալ Պաչինոյից էլ եք հարցրազրույց վերցրել, նա ինչպե՞ս է պատասխանել այդ հարցին:

Երբ մահանում են հայրը կամ մայրը, դա աշխարհի վերջն է: Ես ողջ կյանքում երազել եմ գրել մեր ընտանիքի պատմությունը՝ ըստ մորս պատմածների: Ուզում էի այնպես անել, որ ինձ հետ աշխատող մասնագետները զրուցեին մորս հետ, սակայն այդ գաղափարը մորս մի քիչ նյարդայնացնում էր: Գիտեմ, ի վերջո կհամաձայներ: Հայրս նույնպես դեմ չէր լինի: Սակայն ես չէի ուզում նրանց վրա ճնշում գործադրել, և արդյունքում ընտանեկան քրոնիկան այդպես էլ չգրվեց: Այ, սրա համար ափսոսում եմ: Ես չկարողացա մեր ընտանիքի մասին իմանալ այն ամենը, ինչ հնարավոր էր: Իսկ դա հարկ էր անել հանուն իմ երեխաների:

Ինչքան մեծանում ես, այնքան բարդանում է կյանքդ: Երբ երեխաներիդ հետ զբաղվում ես ինչ-որ պարզ, հասարակ բաներով, կարծես հոգիդ բուժվում է:

Ով ռիսկի չի դիմում, նա չի իմանում, թե ինչի է կոչված ինքը:

«3 Միլիոն»