Գերակտիվ կամ հիպերակտիվ երեխաներ
Advertisement 1000 x 90

Գերակտիվ կամ հիպերակտիվ երեխաներ

Երեխայի մոտ գերակտիվության հիմնական դրսևորումներից է ուշադրության բացակայությունը, դյուրագրգռությունը և ակտիվ շարժունակությունը: Ըստ մանկական կենտրոններում, մանկապարտեզներում և դպրոցներում կատարված հարցումների և հետազոտությունների՝ այս երևույթը հանդիպում է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների 4-9%-ի մոտ: Դա նշանակում է, որ միջին թվաքանակով դասարաններում՝ 25-27 աշակերտներից առնվազն 2-ը գերակտիվ երեխաներ են:

Հիպերակտիվության դրսևորումները

Այս երևույթին ծնողները կարող են հանդիպել երեխայի կյանքի առաջին օրերից սկսած: Որպես կանոն, նման երեխաների քունը լինում է անհանգիստ, շատ են լաց լինում, արթուն ժամանակ գերակտիվ են, դյուրագրգիռ, զգայուն արտաքին ցանկացած ազդակի նկատմամբ (լույս, ձայն): Նախադպրոցական տարիքում (4-5տ.) չեն կարողանում կենտրոնանալ հստակ մեկ զբաղմունքի վրա, նրանց ուշադրությունը ցրված է: Օրինակ. Հիպերակտիվ երեխաների համբերությունը չի բավականացնում, որպեսզի հեքիաթը մինչև վերջ լսեն կամ խաղան անաղմուկ խաղեր, որոնք պահանջում են կենտրոնացում ինչ-որ կառուցողական առաջադրանքի շուրջ: Նրանք չեն կարող մեկ րոպեից ավելի լուռ մնալ, միշտ աղմկում են, գոռում, վազում, ակտիվ շարժվում: Սակայն մտածել, որ այս շարժունակությունն օրգանիզմի էներգիայի ավելորդ կուտակումից է, սխալ է, քանի որ hիպերակտիվությունը դա լիցքաթափում է, ինչն անհրաժեշտ է գերակտիվ երեխաների առանձնահատուկ օրգանիզմին:

Հիմնական դժվարությունները

Իրավիճակն առավել բարդանում է, երբ երեխան սկսում է հաճախել մանկապարտեզ կամ դպրոց: Պարապմունքները պահանջում են նստակյացություն, իսկ նման երեխաներն անընդհատ շարժման, աղմուկի մեջ են, շեղում են հասակակիցների ուշադրությունը, խանգարում դասընթացին: Ունենալով բարձր մտավոր զարգացածություն՝ նրանք սովորում են «երեքներով», իսկ դասերը նրանց ձանձրալի են թվում: Իր իմպուլսիվության պատճառով երեխան շատ հաճախ բազմաթիվ միջադեպերի մասնակից է լինում, վարվում է առանց մտածելու, ինչը բազմաթիվ փոխհարաբերությունների փլուզման առիթ է հանդիսանում թե՛ ուսուցիչների, թե՛ հասակակիցների հետ:

Առաջացման նախապայմաններ

Հիպերակտիվության ախտանիշը՝ ուշադրության խանգարմամբ, հենց այնպես չի դրսևորվում: Դրա սերմերն ի հայտ են գալիս դեռ երեխայի ներարգանդային կյանքից, և, որպես կանոն, դրանց համար հիմք են հանդիսանում հղիության կամ ծննդաբերության ժամանակ առաջացած խնդիրները: Դա կարող է լինել ներարգանդային թթվածնաքաղցը, կամ ծննդաբերության ժամանակ արհեստական միջամտություններով՝ աքցանով, երեխային օգնել լույս աշխարհ գալը, հղիության ընթացքում ծխելը, կամ երկարաձգվող տրավմատիկ ծննդաբերությունը: Առիթ կարող են հանդիսանալ նաև երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում թունավորումները և վարակային հիվանդությունները: Հիպերակտիվությունը կարող է ունենալ նաև ժառանգական նախապայմաններ:

Երեխան ընտանիքում

Ծնողները հաճախ են երեխայի հետ փոխհարաբերություններում ունենում խնդիրներ և դժվարություններ: Ոմանք փորձում են պայքարել՝ օգտագործելով կանոնակարգության մեխանիզմը: Որպեսզի հաղթեն երեխայի վարքային անկանոնությանը՝ ավելացնում են ճնշվածությունը և պատժելիությունը: Այլք, ընդհակառակը, կիրառում են ամենաթողության մեխանիզմը՝ առանց սահմանափակելու, հնարավորություն են տալիս երեխային անել ամեն ինչ, սպառել էներգիան ամեն կերպ: Նման երեխաների հետ վարքային մինիմալիզացված ոսկե միջինին հասնելիս ծնողներն իրենք են խճճվում, քանի որ անհնար է հիպերակտիվ երեխայի հետ որոշակիություն գտնել: Այդ իսկ պատճառով ծնողներն առաջնային պետք է գիտակցեն, որ իրենց փոքրիկը գերակտիվ է ոչ թե՝ ի հակառակ իրենց, այլ նրա պահվածքը չմտածված է: Եվ իրենց սպառնալիքները, սաստումները, բղավոցները երեխային կարող են ավելի շատ վնասել, քան օգնել:

Անհրաժեշտ տեղեկացվածություն

  • Հիպերակտիվ երեխաների հետ շփման մեջ կարևոր դրույթ է խնդրի կամ հարցադրման հստակ արտահայտումը: Եթե ցանկանում եք, որպեսզի երեխան կատարի ձեր խնդրանքը, ապա ձևակերպեք այն հնարավորինս հստակ և հակիրճ՝ օգտագործելով ամենաշատը տասը բառ: Խորհուրդ չի տրվում երեխային տալ միանգամից մի քանի հարցադրում կամ հրահանգ. Օրինակ՝ «Գնա քո սենյակ, հավաքիր խաղալիքներդ, հետո լվա ձեռքերդ և արի ճաշելու»: Երեխան դժվար թե կընկալի այդ ամենը միանգամից: Նրա համար ավելի գերադասելի կլինի ուշադրությունը միանգամից տեղափոխել մեկ այլ գործողության վրա: Անհրաժեշտ է աստիճանաբար տալ նույն հրահանգները, սպասելով մեկի ավարտին՝ անցնել մյուսին:
  • Յուրաքանչյուր գործողության կատարման հիմքում պետք է որոշակի ժամանակ դրված լինի՝ մաքսիմում 10-15 րոպե: Ավարտը գերադասելի է ազդարարի զարթուցիչը կամ վայրկենաչափը:
  • Երեխային ինչ-որ բան արգելելուց առավել գերադասելի է, որպեսզի այն արտահայտվի ոչ թե «չի կարելի» արտահայտությամբ, այլ քննարկելով և բացատրելով: Յուրաքանչյուր իրավիճակի մասին հանգիստ զրուցեք երեխայի հետ, առանց բարձր տոնայնության:
  • Խոսքային կարգադրումները փոխարինեք գրավոր կարգադրումներով: Ունեցեք մեծ, գունավոր ժամանակացույց, որտեղ միասին կգրեք կանոններ և հստակ կատարման հրահանգներ: Երեխայի հետ միասին որոշեք՝ երբ պետք է ճաշեք, գնաք զբոսանքի, կատարեք տնային աշխատանքները: Դարձրեք ձեր հարաբերությունները փոխհամաձայնեցված և կանոնակարգված:

Եվ հիշեք, երեխան լինի հանգիստ թե գերակտիվ, նա երեխա է, և պետք չէ նրան ընկալել՝ որպես միտումնավոր վատ արարքներ կատարող փոքրիկ հրեշիկի: Իրականում նրանք այն մաքուր բյուրեղն են, որը մեզ է փոխանցում մարդկային ամենանուրբ արժեքները:

Կամիլա Խաչատրյան

Հոգեբան