Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու համար պետք է զարգացնել արհեստական բանականության բնագավառը. Հովհաննես Ավոյան. tert.am
Advertisement 1000 x 90

Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու համար պետք է զարգացնել արհեստական բանականության բնագավառը. Հովհաննես Ավոյան. tert.am

Վերջերս «արհեստական բանականություն» (ԱԲ) կամ «արհեստական ինտելեկտ» (Artificial Intelligence) տերմինը շատ է հանդիպում: ՏՏ ոլորտի ներկայացուցիչները անպայման անդրադառնում են այս թեմային: Այսօր ԱԲ-ի մասին զրուցում ենք հանրահայտ PicsArt ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի հետ:

-Պարո՛ն Ավոյան, կներկայացնեք, թե ի՞նչ է նշանակում արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում:

-Արհեստական բանականությունը կամ, ինչպես ասում են, արհեստական ինտելեկտը, երկար տարիներ համարվում էր «մեռած գիտություն», բայց վերջին շրջանում այն վերածնունդ է ապրում՝ արդեն իսկ զգալիորեն ազդեցություն թողնելով թե՛ բիզնեսի ոլորտում և թե՛ մեր առօրյա կյանքում: Վերջին 5 տարիների ընթացքում շուրջ 1 մլրդ դոլար ներդրում է արվել այս ոլորտի սթարթափ ընկերությունների մեջ. այդ ներդրումների թիվը տարեցտարի աճում է: ԱԲ-ն այն է, ինչ մարդկանց փոխարեն «խելացի կերպով» կատարում են մեքենաները: Մեքենայական ուսուցումը ԱԲ-ի ուղղություններից մեկն է, որտեղ համակարգիչները կարող են ինքնուրույն «սովորել» և թաքնված օրինաչափություններ հայտնաբերել՝ հիմնվելով մեծաքանակ տվյալների վերլուծության վրա:

-Որո՞նք են մեքենայական ուսուցման պրակտիկ կիրառումները:

-Մեքենայական ուսուցման ուղղության պրակտիկ դրսևորումները շատ են։ Դրանք տարածվում են օգտատերերի նախասիրությունների օրինաչափությունների բացահայտումից մինչև պատկերի մշակում, ինտերնետային գովազդից մինչև կիբերանվտանգություն, ֆինանսական ռիսկերի վերլուծությունից մինչև բժշկական դիագնոստիկա և այլն: Մեքենայական ուսուցման մասին ամբողջական պատկերացում կազմելու համար պետք է նշեմ ևս մեկ հաճախ քննարկվող գաղափար՝ խոսքը նեյրոնային ցանցի մասին է, որը մարդկային ուղեղի նեյրոնների աշխատանքի սկզբունքի հիման վրա ստեղծված համակարգ է: Նեյրոնային ցանցը սովորաբար ներառում է մեծ թվով փոխկապված ու փոխհամագործակցող պրոցեսորների համակարգ։

-Ինչպե՞ս կարող են օգտատերերը առնչվել արհեստական բանականության հետ և համոզվել, որ սա ոչ թե հեռավոր ապագան է, այլ արդեն՝ ներկան:

-Մի պարզ օրինակ. 2015 թ.-ին Facebook-ի օգտատերերը մեկ րոպեում միջինում ուղարկել են 31,25 մլն հաղորդագրություն և դիտել՝ 2,77 մլն տեսահոլովակ: Facebook-ն այս արժեքավոր տվյալներն օգտագործում է արհեստական բանականության զարգացման համար և այն ներդնում իր պրոդուկտների մեջ: Կարող եմ նաև PicsArt-ի օրինակը բերել: Օրվա կտրվածքով PicsArt հավելվածում օգտատերերի կողմից իրականացվում է շուրջ մեկ մլրդ գործողություն, իսկ ամսական բեռնվում է մոտ 100 մլն նկար: Այս տվյալները մենք ԱԲ-ի օգնությամբ վերլուծում ենք՝ մեր օգտատերերի նախասիրությունները հասկանալու և ըստ այդմ՝ հավելվածը բարելավելու համար։

-Հիմա հասկանալի է՝ կարելի է ասել, որ կյանքն անհնար է առանց արհեստական ինտելեկտի: Օրինակ՝ ճ՞իշտ է արդյոք, որ ռոբոտների պատճառով մոտ ապագայում աշխատատեղեր կկրճատվեն:

-Եվ՛ այո, և՛ ոչ: Ըստ հետազոտությունների՝ շուրջ 350 մլն արտադրական և պահեստային աշխատողներ աշխատանքից կզրկվեն: Իհարկե, կան այնպիսի մասնագիտություններ, որոնք ավելի արդյունավետ կերպով և ցածր արժեքով կարելի է փոխարինել ռոբոտներով: Օրինակ՝ Amazon-ի պահեստում այսօր արդեն աշխատում է շուրջ 30 հազար ռոբոտ: Սակայն, հարկ է նշել, որ մեքենաները կատարում են մարդկանց աշխատանքի մի մասը, նրանք միաժամանակ նաև նոր աշխատատեղերի պահանջարկ են ստեղծում:

-…Ինչպե՞ս կարող է Հայաստանը մրցակցային առավելություն ձեռք բերել արհեստական բանականության միջոցով:

-Հայաստանը բարձրորակ ռեսուրսներ և մեծ ներուժ ունի բնական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտում, որոնք պիտի ակտիվորեն ներգրավվեն ԱԲ և մեքենայական ուսուցման ասպարեզում, ոլորտի համար համապատասխան հմտությունների զարգացման և այն տարբեր ոլորտներում ներդնելու ուղղությամբ։ Պետությունը և մասնավոր սեկտորը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն ԱԲ-ն առողջապահության, ֆինանսաբանկային համակարգի, տրանսպորտի, արտադրության, անվտանգության, հեռահաղորդակցության և այլ ոլորտներում ներդնելու համար: Ի դեպ՝ մրցունակ լինելու համար պետք է գործել հենց հիմա, քանի դեռ հնարավորություն ունենք: Ավելին՝ ԱԲ ոլորտի զարգացումը մեր միակ հնարավորությունն է համաշխարհային շուկայում մրցունակ լինելու համար:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր