Սթիվեն Հոքինգը պատրաստվում է տիեզերք ուղևորվել Virgin Galactic-ի տիեզերանավով
Advertisement 1000 x 90

Սթիվեն Հոքինգը պատրաստվում է տիեզերք ուղևորվել Virgin Galactic-ի տիեզերանավով

Բրիտանացի հռչակավոր ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ պատրաստվում է տիեզերք ուղևորվել Virgin Galactic ընկերության տիեզերանավով: Ինչպես գրել է Daily Mail թերթի էլեկտրոնային տարբերակը, այս մասին նա ասել է Good Morning Britain ծրագրում կայացած հարցազրույցում, որը ITV հեռուստաալիքով հեռարձակվել է մարտի 20-ին բրիտանական ժամանակով ժամը 06:00-ին (Երևանի ժամանակով 10:00-ին):

Այն հարցին, թե նրա համար ինչ է երջանկությունը, գիտնականը պատասխանել է, որ իրեն ամենամեծ ուրախությունը պարգևել են երեք երեխաները: «Եվ ես կարող եմ ձեզ ասել, թե ինչը կարող է ինձ երջանիկ դարձնել, ճանապարհորդությունը տիեզերք: Ես կարծում էի, թե ոչ ոք ինձ այնտեղ չի վերցնի, բայց Ռիչարդ Բրենսոնը (Virgin Group-ի սեփականատերը, ընկերություն, որի մեջ է մտնում Virgin Galactic-ը) ինձ տեղ առաջարկեց Virgin Galactic-ում, և ես անմիջապես պատասխանեցի «այո»,- պատմել է նա:

Virgin Galactic-ի պատվերով Scaled Composites LLC ընկերության կողմից մշակված և The Spaceship Company ֆիրմայի կողմից կառուցված օդանավը նախատեսված է մինչև շուրջ 100 կիլոմետր բարձրություն՝ տիեզերքի հետ Երկրի մթնոլորտի սահմանի մոտ, տուրիստական թռիչքների անցկացման համար, բայց առանց դրա ուղեծիր դուրս գալու: Վեց ուղևորներից յուրաքանչյուրի համար ճանապարհորդության արժեքը կկազմի շուրջ 200 հազար դոլար: Տոմսերն արդեն ամրագրել է մոտ 800 մարդ, այդ թվում, բացի Հոքինգից, դերասանուհի Անջելինա Ջոլին և երգչուհի Լեդի Գագան:

Սթիվեն Հոքինգը հայտնի է տիեզերաբանությանը վերաբերող իր աշխատանքներով և գիտության ժողովրդականացմամբ: Նա առաջինն է հրապարակել հոդված սև անցքերի գոլորշիանալու հնարավորության մասին: 1963 թվականին Օքսֆորդի համալսարանում ուսանելիս նրա մոտ հայտնաբերել են կենտրոնական նյարդային համակարգի հազվագյուտ հիվանդություն՝ կողային ամիոտրոֆիկ սկլերոզ:

Տրախեոտոմայից հետո գրեթե 20 տարի անց գիտնականը կորցրել է խոսելու ունակությունը և այդ ժամանակվանից ի վեր օգտվում է խոսքի սինթեզատորից: 1997 թվականից նա տեղաշարժվում է համակարգչով հանդերձված հաշմանդամի սայլակով: Ծանր հիվանդությունը Հոքինգին չի խանգարել դառնալու արդի ամենահայտնի տեսաբան-ֆիզիկոսներից մեկը և կարգավորելու անձնական կյանքը: Հունվարի 8-ին լրացել է նրա 75 տարին: