Հայոց Սրբազան լեռան Սիս, Մասիս և Արարատ անունների մասին
Advertisement 1000 x 90

Հայոց Սրբազան լեռան Սիս, Մասիս և Արարատ անունների մասին

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր երկգագաթ լեռը (5.165մ) հայերը կոչել են Սիս և Մասիս: Մասիսը հայտնի է նաև Արարատ անունով: Հայոց պատմության շատ հարցերի ու հնագույն շատ անունների նման հայոց սրբազան լեռան Մասիս և Արարատ անունները ևս հետաքրքրել են ուսումնասիրողներին և բազմաթիվ հարցերի տեղիք տվել:

Իսկ հարցերը շատ են. ինչո՞ւ սրբազան այս լեռն ունի երկու անուն` Մասիս ու Արարատ, ո՞րն է հնագույնը, ի՞նչ են նշանակում Սիս, Մասիս և Արարատ անունները, ինչո՞ւ և  ե՞րբ է սարը կոչվել Արարատ: Անդրադառնանք այս հարցերից յուրաքանչյուրին և փորձենք պարզաբանել դրանք: Սիս և Մասիս անունները լեռան հնագույն անուններն են: Նկատում ենք, որ Հայկական լեռնաշխարհի այլ լեռնագագաթներ ևս կրում են Մասիս անվանը մոտ անուններ: Այսպես. Վանա լճից հյուսիս գտնվող լեռը կոչվում էր Նեխ-Մասիք (Սիփան)1, Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում` Հայկական Միջագետքում գտնվող լեռը հունական2 և հայկական3 հնագույն գրավոր աղբյուրներում կոչվում է Մասիոս կամ Մասիոն (այժմ` Տուր-Աբդին): Ասուրական գրավոր աղբյուրներն այս լեռների համար օգտագործում են Քաշշիարի լեռներ4 անունը: Շումեր-աքադական «Գիլգամեշ» դյուցազնավեպից հայտնի է երկգագաթ Մասու կամ Մաշու անունով լեռը5, որի հետևից ծագում և մայր է մտնում արևը, և որի վրա կանգ է առել Ուտնապիշտիի (Նոյի նախատիպը) տապանը: Մասու-Մաշուն հաճախ նույնացվում է Մասիոս-Մասիոն լեռների հետ:

Սիս և Մասիս անունների ծագման մասին եղել են բազմաթիվ բացատրություններ և տեսակետներ, որոնք շարունակվում են մինչ օրս: Հնագույնը Մ. Խորենացու բացատրությունն է: «Հայոց պատմություն» աշխատության մեջ նա գրում է, որ Մասիս անունը առաջացել է Հայկի թոռնորդի Ամասիայի անունից6 (Հայկ, Արամանյակ, Արամայիս, Ամասիա): Տեսակետներից մեկի համաձայն` Մասիս, Մաշու-Մասու անունները «զույգեր», «զույգ լեռներ», «երկվորյակ լեռներ»7 իմաստներն ունեն: Ըստ տարածված մեկ այլ տեսակետի` «Մասիս» անունը առաջացել է «մաս» բառից, քանի որ լեռը բաղկացած է երկու մասից և այլն: Սակայն լեռան վեհապանծ տեսքն այլ բան է հուշում:  Սիսը և Մասիսը իրենց տեսքով (միայնակ, երկգագաթ) այն տպավորությունն են թողնում, որ ասես անմիջականորեն բուսել են Մայր Երկրից, հողից և շատ ամուր կապված են հողին: Այլ դեպքերում բարձր լեռնագագաթները միայնակ չեն և անմիջականորեն կպած չեն մայր հողին: Դրանք լեռնաշղթաների բարձր գագաթներ են:

Մասիս (Սիս, Մա-Սիս) լեռան տեսքը հուշում է, որ Սիս անունը կարելի է կապել «կաթնաբեր մասունք մարց»8 բառի իմաստի հետ: Հնդեվրոպական մի շարք լեզուներում հանդիպում են իմաստով և հնչողությամբ Սիս անվանը մոտ բառեր9Մասիս անվան «Մա»-ն հայոց լեզվում «սերել» իմաստն ունի, այն է` մայր: Հետևաբար կարելի է ասել, որ Մասիսը Մայր Սիս իմաստն ունի: Հայերը Սիս և Մասիս կոչելով Հայկական եռնաշխարհի գրեթե կենտրոնում գտնվող երկգագաթ այս լեռը, այն դիտել են իբրև Մայր Երկիրը, հողը սնուցող մասունքներ, որոնք իրենց բարձր գագաթներով տիեզերական կենսատու հոսք են ստանում և սնուցում անմիջականորեն իրենց կպած Մայր հողն ու երկիրը` Հայաստան աշխարհը: Հայտնի է, որ շումերները Ստորին Միջագետք են իջել Հայկական լեռնաշխարհի հարավային մասերից` տանելով իրենց հետ բնօրրանում ստեղծված մշակութային, այդ թվում` կրոնադիցաբանական շատ արժեքներ: Անշու́շտ, նրանք իմացել են Հայկական լեռնաշխարհում Սիս և Մասիս անուններով երկգագաթ սրբազան լեռան մասին և  նոր հայրենիքում խոսելով ջրհեղեղի մասին, տապանի երկգագաթ սարը կոչել են Մասու-Մաշու:

Ի դեպ, գագաթը, որի վրա կանգ է առել Ուտնապիշտիի (Նոյի նախատիպը)  տապանը, կոչվում էր Նիսիր, որը հեռավոր նմանություն ունի Մասիս անվան հետ: Մասու-Մաշու երկգագաթ լեռը, որտեղից, ըստ «Գիլգամեշի», ծագում և մայր է մտնում արևը, պատկերված են նաև աքադական կնիքների վրա, ընդ որում լեռները պատկերված են այնպես, ինչպես դրանք երևում են Միջագետքից` Մասիսը ձախ, իսկ Սիսը` աջ կողմում: Հայերը սուրբ, աստվածային լեռ են համարում Մասիսը, որի գագաթին չպետք է դիպչի մահկանացու մարդու ոտքը: Հայոց հավատալիքներում լեռը պահպանում են քաջքերն ու վիշապազունները:

Հիշենք Մ. Խորենացու վկայությունը, երբ հայոց Արտաշես արքան անիծում է որդուն` Արտավազդին, ասելով. Թե դու հեծնես, որսի գնաս Ազատն ի վեր, դեպի Մասիս, Քաջքերը քեզ բռնեն տանեն Ազատն ի վեր, դեպի Մասիս:10  Մասիս լեռը պահպանող այս քաջքերն ու վիշապազունները հիշեցնում են «Գիլգամեշ» դյուցազնավեպի Մասու-Մաշու լեռների դարպասները պահպանող ու միայն աստվածների համար այն բացող մարդակարիճներին:  1255  թ., երբ  ֆրանսիացի ճանապարհորդ Ու. Ռուբրուքը  ցանկանում էր բարձրանալ Արարատի գագաթը, մի հայ ծերունի համոզում է նրան չբարձրանալ, ասելով.  «ոչ ոքպետք չէ բարձրանա Մասիսը, նա աշխարհի մայրն է»11

Հայերի համար Մասիսի ձյունն անգամ սուրբ է համարվել: Երբ 1829 թ. Խ. Աբովյանը գերմանացի գիտնական Ֆ. Պարրոտի հետ բարձրացել է Մասիսի գագաթը, այնտեղից շշով ձյուն է բերել, որը պահել է իբրև սրբազան մասունք: Այսպիսով` միանշանակ կարելի է ասել, որ Հայկական լեռնաշխարհի այլ մասերում գտնվող Նեխ-Մասիք, Մասիոս-Մասիոն, նաև Մասու-Մաշու լեռների անունների համար հիմք է հանդիսացել հայոց սուրբ լեռան Մասիս հնագույն անունը: Սուրբ լեռան համար օգտագործվում է նաև Արարատ անունը, որը Հայաստան երկրին տրվող հնագույն անուններից է:

Արարատ /Արար-ատ/ անունն իր իմաստով ու բացատրությամբ հասնում է արարչագործության ժամանակներ և «արարելուստեղծելու տեղվայր»12 իմաստն ունի: Արարատ անունը տարածվել է աշխարհում Աստվածաշնչի միջոցով: Ըստ Հին Կտակարանի` Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը կանգ է առել Արարատի լեռներին13: Աստվածաշնչի եբրայերեն բնագիրը Հայաստանի համար օգտագործում է Արարատի թագավորություն (Ուրարտու) անունը, իսկ Նոյյան տապանի լեռը կոչվում է Արարատի լեռներ (լեռ):

Ավելի ուշ՝  վաղ միջնադարում Աստվածաշնչի քրիստոնյա մեկնիչները Արարատի երկրում (լեռներում) գտնվող Նոյյան տապանի սարը նույնացրին հայերի կողմից Մասիս կոչվող լեռան հետ և ԱրարատՄասիսը  Արարատ անվամբ  համարվեց Նոյյան տապանի լեռ: Այսպիսով` Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնում գտնվող սրբազան լեռան Մասիս անունը հայերի կողմից լեռանը  տրված հնագույն անունն է և ՄայրՍնուցող (Մա-Սիս) իմաստն ունի, իսկ Արարատ անունը տրվել է ավելի ուշ` իբրև Արարատ-ՈՒրարտու երկրի կենտրոնում գտնվող լեռ, որտեղ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ հանգրվանել ու փրկվել են Նոյի սերունդները:

Եվ Արարատ-Մասիս լեռան շուրջ ջրհեղեղից հետո սկիզբ դրվեց մարդկային նոր քաղաքակրթության:

Ծանոթագրություններ

  1. Հայ ժողովրդի պատմություն, 1971, հ. 1, էջ 21
  2. Ստրաբոն, Աշխարհագրություն, XI, 14/2/
  3. Ս. Երեմյան, Հայաստանն ըստ Աշխարհացույցի, 1963, էջ 65, 113
  4. ՀԺՊ քրեստոմատիա, 1982, Ե., 1981, 1981, էջ 15-16, 21
  5. Հին արևելքի պոեզիա, 1982, էջ 145
  6. Մ. Խորենացի, Հայոց պատմություն, 1981, էջ 50-51
  7. Ն. Մարտիրոսյան, ՊատմաԲանասիրական հանդես, 1961, 3-4, էջ 107
  8. Նոր բառգիրք Հայկազյան լեզվի, էջ 746
  9. Հ. Աճառյան, ՀԱԲ, 1973, հ. 2, էջ 471-472, В. Даль, Толковый словарь, М., 1956, с. 188
  10. Մ. Խորենացի,  1981, էջ 233
  11. Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա.,  Եր.,  1932, էջ 18
  12. Ա. Տերյան,  Հայաստանը Արարչագործության ու քաղաքակրթության բնօրրան, Ե. 2002, էջ 18-19
  13. Ծննդոց, 4, 5

Հոդվածը տպագրվել է Ա. Տերյան, «Հայաստանը և Պատմությունը» գրքում:

Անժելա  Տերյան

magaghat.am

Լուսանկարը՝ Լուսին Դավթյանի