Սեպտեմբերի 16-ին լրանում է ջրասուզորդ Շավարշ Կարապետյանի գործած սխրանքի 40-րդ տարին. 1976 թ. սեպտեմբերի 16-ին, նա փրկել է Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի։
Այդ օրը նա իր եղբոր` Կամո Կարապետյանի հետ հերթական մարզումներն էր անցկացնում Երևանյան լճի մոտ, երբ տրոլեյբուսը շրջվում է լիճը: Եղբայրներն առանց երկմտելու օգնության են նետվում: Շավարշ Կարապետյանը սուզվում է սառը ջրի մեջ, կոտրում տրոլեյբուսի ապակին ու փրկում 20 մարդու կյանք: Հերթական անգամ սուզվում է, ու փորձում դուրս քաշել, սակայն այս անգամ վիրավոր մարդու փոխարեն տրոլեյբուսի աթոռի նստատեղի բարձիկն է լինում: Շավարշ Կարապետյանը պատմել է, որ դեպքից հետո հաճախ էր երազում տեսնում այդ բարձիկը. չէ որ կարող էր դրա փոխարեն մարդու դուրս բեր ել:
Տրոլեյբուսը բավական խորն էր իջել, մոտ 10 մետր, որտեղ ջրի ճնշումը մեծ էր: Իր հերոսության համար Շավարշ Կարապետյանը թանկ է վճարում. նա հիվանդանում է թոքաբորբով: Ամիսներ շարունակ հիվանդանոցային բուժում ստանալուց հետո նա այլևս չի կարողանում վերադառնալ լողի ասպարեզ: Ավարտվում է նրա սպորտային կարիերան։
Շավարշ Վլադիմիրի Կարապետյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 19-ին Վանաձորում: Նա ջրասուզալող սպորտաձևում դարձել է 11-անգամ աշխարհի ռեկորդակիր, 17-անգամ աշխարհի չեմպիոն, 13-անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն։
«Արմենպրես»-ն իր արխիվից ներկայացնում է Շավարշ Կարապետյանի հետ ունեցած հարցազրույցը:
–Պարոն Կարապետյան, մեր սերնդի համար Դուք անցած դարի այն հերոսներից եք, ում մենք նկարներից գիտենք: Դա նրանի՞ց է, որ Դուք հիմա Հայաստանում չեք, թե քիչ է խոսվում Ձեր մասին:
-Ամեն անգամ, երբ այդ մասին հարցնում են, ես միշտ նույն պատասխանն եմ տալիս. ես ապրում եմ Հայաստանում, բայց աշխատում եմ Ռուսաստանում: Առիթներով կամ անառիթ գալիս եմ Հայաստան: Էլ չեմ ասում, թե օրվա մեջ քանիսին եմ զանգում ու քանիսից եմ զանգեր ստանում:
–Այն 20 հոգին, ում Դուք հասցրիք փրկել, երկրորդ կյանք պարգեւել,կապ պահո՞ւմ են Ձեզ հետ:
-Նրանցից շատերը հիմա ապրում են աշխարհի տարբեր վայրերում` Ամերիկայում, Սիրիայում, Պետերբուրգում, Ռուսաստանի այլ վայրերում: Զանգում են, գրում` ինչպես հարազատ եղբորը: Աշխատում ենք չհիշել այդ օրը, դա «սարսափ» երազի է նման, որը նաև երբեք չենք մոռանում: 1976 թվականի սեպտեմբերի 16-ը ես չեմ մոռանում նաեւ, քանի որ այդ օրը գերմանական Հաննովեր քաղաքում անցկացվում էր ստորջրյա լողի աշխարհի առաջնությունը, իսկ ինձ ԽՍՀՄ հավաքականի կազմից հանեցին, որովհետեւ նախորդ օրը մի քիչ վատ զգացի եւ ստուգողական պարապմունքի ժամանակ վատ արդյունք ցույց տվեցի: Կարծում եմ` ամեն ինչ «վերեւից» էր տրված: Այդ օրը, այդ ժամին, ես պետք է Երեւանյան լճի մոտ մարզվեի:
–Յուրաքանչյուր մարզիկի համար օլիմպիական ոսկին բարձրագույն պարգեւ է, սակայն Ձեր մարզաձեւը` ստորջրյա լողը, Օլիմպիական խաղերում չկա, չե՞ք ափսոսում դրա համար:
-Ինձ համար օլիմպիական ոսկուց բարձրարժեք ու թանկ է փրկվածների կյանքը: Իսկ մարզական առումով, կարծում եմ, աշխարհի 11 ռեկորդները հավասարազոր են օլիմպիական ոսկուն: Սակայն, կհրաժարվեի իմ բոլոր ռեկորդներից, միայն թե տրոլեյբուսի այն 46-ն էլ փրկվեին: Հույս ունեմ, որ օլիմպիական ոսկի մեր տուն կգա: Տիգրանը` տղաս, արդեն դասական լողի Ռուսաստանի մոսկովյան առաջնություններին է մասնակցում: Դեռ պատանի է: Վստահ եմ, որ ապագայում Օլիմպիական խաղերի կմասնակցի:
-Դուք սպորտից շուտ հեռացաք:
-Այո, սպորտից հեռացել եմ, բայց ջրերից` ոչ: Ծարավածի նման եմ մտնում լողավազան, մարզվում եմ ինձ համար: Բոլորին ասում եմ, հորդորում, որ լողալ սովորեն: Լողացեք, լողացեք, լողացեք: Սա որպես պատգամ ընդունեք: Ցավում եմ, բայց պարտադրված էի հեռանալ: Եվս մեկ անգամ շնորհակալություն այն բժիշկներին, ովքեր փրկեցին կյանքս: Տրոլեյբուսի ապակին ոտքով կոտրելիս կտրել էի ոտքս, իսկ լճի ջուրն էլ աղտոտ էր, արյան վարակ էի ստացել: Երկկողմանի ծանր թոքաբորբ ստացա: Բժիշկներին էլ հաջողվեց փրկել իմ կյանքը: Այսպես, դեռ երիտասարդ հեռացա սպորտից: Համ էլ հոգնել էի միշտ առաջին տեղը գրավելուց (ծիծաղում է):
-Ռուսական «Լող» ամսագրի վերջին համարի հոդվածներից մեկում ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը օլիմպիական լողորդներին խորհուրդ էր տվել` դժվարությունների հանդիպելիս հիշել Շավարշ Կարապետյանին. «Շնորհակալություն, որ նա կա եւ մեր կողքին է»:
-Կարդացել եմ: Շնորհակալություն, որ ինձ բարձր են գնահատում: Այո, այսօր էլ ես Ռուսաստանի լողի ֆեդերացիայի հետ եմ: Արդեն վեց տարի է կազմակերպում ենք ստորջրյա լողի մրցումներ, որը իմ անունն է կրում: Հաճախ ենք լինում Ռուսաստանի տարբեր մարզերի ու քաղաքների այդ մարզաձեւի ակումբներում: Հետեւում ենք լողորդների մարզումներին, խորհուրդներ տալիս: Ռուսաստանում մեծ ուշադրություն են դարձնում ստորջրյա լողի զարգացմանը:
-Շնորհակալություն, որ Դուք կաք:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի