– Է՛լ ի՞նչ քեզ պատմեմ…
Մայրիկ, պետք է ապրել ծովափին, անել այն, ինչը սիրում ես, և հնարավորության դեպքում, ոչինչ չբարդացնել: Դա միայն ընտրության հարց է, մայրիկ. Կարելի է ամիսներով ինքնակեղեքմամբ զբաղվել, թե՝ ինչքան բան կարելի էր անել ու չարվեց, թե՝ որքան բան կորավ, գնաց… կամ՝ որոշել, որ մնացյալ կյանքը լրիվ բավարար է երազանքները իրագործելու համար ու, գործի անցնել:
Մի ողջ կյանք կարելի է սղոցել մերձավորին, ինչ է թե՝ այնքա՜ն բութ արարած է նա, անպիտան, կամ՝ գովել նրան, գովել այնպես, որ ուժ հավաքելով ծաղկի՝ ծաղկի պես, զգալով սեփական անհրաժեշտությունը, կարևորությունը: Եթե հետն ես, սիրում ես, էլ ի՞նչ կարիք կա սղոցել նրան, արյուն պղտորել:
Ընտրելու հնարավորություն միշտ էլ կա: Ասել, թե՝ մեկ է, դու կլքես ինձ, իսկ հետո ցնծությամբ ճչալ՝ ես այդպես էլ գիտեի, երբ իսկապես նա կլքի քեզ… կամ էլ ընդհանրապես չմտածել այդ մասին, ուրախանալ համատեղ կյանքով, ապրել, ապրել սխալներ թույլ տալով, բայց միասին և ուրախ, առանց կեղեքումների և որդերի:
Կարելի է անընդհատ կրկնել՝ չեմ կարող, սկսելն անգամ հիմարություն է, կամ գեթ մեկ անգամ փորձել՝ առհամարելով պայմանականությունները… նույնիսկ, եթե ոչինչ չստացվի՝ նորից փորձել:
Լինել հպարտ, ճակատագրի կողմից անտեսված, կամ՝ խորը շունչ քաշել, օգնություն հայցել, երբ դրա կարիքը կա: Ո՞րն է ամենաանհավանականը. տարիներով ատել, թե՞՝ մեկ անգամ զանգ տալ ու անկեղծորեն հարցնել՝ ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ:
20 տարի տառապել լքված սիրուց կամ համառել, կամք դրսևորել և կրկին վստահել մարդկանց, նորից կապ հաստատել, երջանկանալ: Երկրորդ տարբերակում խիզախությունն ավելի շատ է, քանի որ առաջին դեպքում հոգու պայքարը բացակայում է:
Ընթերցել մի տխմարություն ու շաբաթներով հիշել դա, կամ էլ ուս թափ տալով մտածել, թե որքան մեղկ է հեղինակը…
Տառապել, համարելով, որ աշխարհը Մատրիցայի Ճարտարապետի անպիտան ստեղծագործությունն է: Խոցել վերքերը, ասես շքանշան ես ամրացնում: Խղճալ սեփական անձը, կամ պարզապես ընդունել, որ այն ինչ համեղ է՝ համեղ է, տաք է՝ տաքացնում է, գեղեցիկ է՝ աչք է շոյում, լավն է՝ ստիպում է ժպտալ:
Եվ մենք, գիտակցելով այս աշխարհի բարությունը, ինքներս ենք պատրաստ այն ուրիշներին տալ, կիսվել, վանելով կասկածները, ծաղրը և հեգնանքը:
Տեր Աստված, դա այնքան պարզ է, մայրի՛կ: Դրա զորությունից մարդ արբում է, չեմ հասկանում, թե այս պարզ բանը ինչու եմ ե՛ս տեսնում, և ոչ բոլորը:
Ընտրության հարց է՝ վերջ: Ոչ մի նախապատվություն, նախախնամություն… անհասանելի բարձունքներ:
Դու ես քո կոշիկի մեխը, և վատ նշան է, երբ քեզ ես վերագրում խեղճ լինելը, միայնակ լինելը… եթե գտնում ես, որ աշխարհը քո դեմ է, այդպես էլ ապրիր, բայց դա քո ընտրությունն է, ուրեմն՝ մի բողոքիր այն աշխարհից, ուր մարդիկ Էվերեստ են բարձրանում, պլատինե սկավառակների են արժանանում, գեղեցկուհիների սրտերն են գրավում, լինելով անանում ակնոցով մի կլերկ:
Այո, կամք է հարկավոր, պետք է կարողանալ ընտրել, վճռել, հավատարիմ լինել: Տիեզերքը՝ ճկուն նյութ է, զգայուն է. դրանից կարելի է Պիացա մատեյը ծեփել, կարելի է Սոլնցևո կառուցել: Դու միակն ես, որ պետք է ընտրես, թե ինչ է քե՛զ հարկավոր ծեփել:
Ես գտնում էի, որ դա հնարավոր է, բայց ոչ մարդկանց դեպքում: Փող ես ուզում՝ կլինի, փառք՝ կլինի, ճանապարհորդել՝ կլինի, միայն թե գծիր երթուղիդ: Նույնն էլ մարդն է, փոխիր վերաբերմունքդ, խոսիր, ջերմություն և ուշադրություն հաղորդիր, և նրանք կփոխվեն, զարմանալիորեն՝ կփոխվեն: Ամեն բան կփոխվի, մայրիկ…
garsoz.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը