«Հայֆեստ» միջազգային թատերական 5-րդ փառատոն
Advertisement 1000 x 90

«Հայֆեստ» միջազգային թատերական 5-րդ փառատոն

High, higher, highFest… Բարձր, ամենաբարձր… Այս կարգախոսով առաջ է շարժվում 5-ամյա «Հայֆեստը», որը 2006թ. ԽՍՀՄ նախկին երկրների մշակութային միջոցառումների շարքում (բացառությամբ Ռուսաստանի) ճանաչվել է գլխավոր թատերական փառատոն: Փառատոնն այս տարի ընդլայնելով իր գործունեությունը՝ դարձել է Կատարողական արվեստների փառատոն: Պար, համերգ, շքերթ, ֆիլմեր, տիկնիկային ներկայացումներ… 33 երկրներից շուրջ 350 մասնակիցներ հանդես եկան Երևանի 14 թատերաբեմերում: «Քանակն է որակ ստեղծում: Հանդիսատեսը պետք է տեսնի և՛ լավ, և՛ վատ ներկայացումներ, որպեսզի կարողանա տարբերակել: Ի վերջո, վատը կմաղվի, կմնա լավը»,- ասում է փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանը: Փառատոնն անցկացվել է ՀՀ Մշակույթի նախարարության և ՀՀ վարչապետի աջակցությամբ: Պետբյուջեից «Հայֆեստին» տրամադրվել է 39 միլիոն դրամ: «Հայֆեստի» շրջանակներում հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնելու Իտալիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, Իսրայելի, Ռուսաստանի, Գերմանիայի, Հոլանդիայի և այլ երկրների թատերախմբերի ներկայացումներ: Փառատոնի բազմաժանր ծրագրից առավել ընդգծված էին Եվգենի Գրիշկովեցի «Թե ինչպես ես շուն կերա» և «Միաժամանակ» ներկայացումները, Նատալյա Կասպարովայի Պարային միությունը՝ «Կոմիտասի երգերը» պարով, «Արտ և Շոկ» փորձարարական թատրոնը՝ «Գագարին» դրամայով, Կլաուս Օբերմայերը՝ «D.A.V.E.» ներկայացումով, Հիլարի Չապլինը՝ «Կյանքը նրա համար» մոնոներկայացումով, Մոնիկ Շնայդերը՝ «Մամալոուով», և այլք:

«Հայֆեստը» փառատոնի բացումն ազդարարեց փոքրիկ հրավառությամբ: Բացման արարողությանը ներկա էին միջազգային փառատոների նախագահներ, բարձրաստիճան հյուրեր, թատերագետներ: Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը «Արտավազդ» մրցանակ հանձնեց փառատոնի տնօրենին: Փառատոնը բացվեց Նատալյա Կասպարովայի «Կոմիտասի երգերը» պարային ներկայացումով: Այդ սիմվոլիկ ներկայացումը հիմնված էր Կոմիտասի հոգևոր երաժշտության վրա: «Այն, ինչ կապված է Կոմիտասի հետ, լավ է ու հետաքրքիր, բայց գաղափարը կրկնակի հետաքրքիր է նրանով, որ Կոմիտասի երգը ներկայացնում է Ռուսաստանը»,- ասաց Ա. Ղուկասյանը: Միացյալ Թագավորությունից Խոսե Նավարոն, որ առաջին անգամ էր Հայաստանում՝ ցնցված էր «Կոմիտասի երգերից»: Նա ներկայացավ «Անիմալիա» տիկնիկային ներկայացումով, որի գլխավոր հերոսները կենդանիներն են: Դերասանը կերպարները ստանում էր իր ձեռքի կամ ոտքի մատներով: «Այս բոլոր կերպարները ծնվում են հայելու առաջ: Հայելին օգնում է ինձ տեսնել հանդիսատեսի աչքով»,- ասում է նա: Դերասանի ամենասիրելի կերպարները ձկներն են՝ «Ծովի աշխարհ» տեսարանից: «Թեման շատ հանգիստ է և շարունակելի»,- ասում է նա: Ներկայացման ժամանակ փոքրիկները դահլիճից բարձրացել էին բեմ՝ ավելի մոտիկից տեսնելու իրենց սիրելի հերոսներին: Դրանից դերասանն ամենևին չէր լարվում: Խոսեի կարծիքով՝ հայ ազգը շատ հյուրընկալ է: Նա հիացած էր հայկական շատ ճաշատեսակներով ու «տնական» օղիով: Միակ բանը, որ նրան դուր չի եկել Հայաստանում` ներկայացման ժամանակ հնչող բջջային հեռախոսազանգերն են: «Մեր երկրում թատրոն մտնում են արդեն բջջայիններն անջատած: Պետք չէ հատուկ զգուշացնել»,- ասում է Խոսեն: Նրան զարմացրել է այն փաստը, որ ներկայացման ժամանակ ոչ միայն չեն անջատում բջջայինները, այլև՝ պատասխանում են հեռախոսազանգերին: Միևնույն ժամանակ նա խոստովանում է, որ ներկայացումը դեռ չսկսված՝ զգում էր հանդիսատեսի ջերմությունը: Խոսեն մինչ Հայաստան գալը շատ էր լսել մեր մասին: Նույնիսկ ծանոթ էր Արտո Թունչբոյաջյանի արվեստին, և ասում է, որ անգլիացիները նրան շատ են սիրում: Հանդիսատեսը հիացած էր շվեյցարացի Մոնիկ Շնայդերի խաղով: Դերասանուհին փոքրուց հաճախել է բալետի և ակրոբատիկայի դասերի: «Մամալոու» ներկայացման մեջ նա համատեղել է պարը, ակրոբատիկան, մնջախաղը, կրկեսը: Հանդիսատեսի ուշադրությունն ամենից շատ գրավել էր մի համարձակ տեսարան, որտեղ դերասանուհին ասեղներ էր խրում դեմքին: Ներկայացումը ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում: Դրամատուրգի՝ Քրիստիան Հելլերի խոսքերով՝ ցանկացած երկրի ժողովուրդ յուրովի է այն ընկալում:

Չնայած Ա. Ղուկասյանը հավաստիացնում էր, որ փառատոնի շրջանակներում շատ համարձակ ներկայացում չի բերվել Հայաստան, որովհետև հայ հանդիսատեսը դեռ պատրաստ չէ դրան, սակայն Իսրայելից ժամանած Մայա Շտերնի և Էդո Սենդերի «Երջանկություն» ժամանակակից պարը «շոկ» էր առաջացրել հայ հանդիսատեսի մոտ: Դերասանները մարմնավորում էին երկու «չբավարարված» կերպարների: Ներկայացման նպատակն ամենևին էլ սեռական ակտը ներկայացնելը չէր: «Մեր հերոսների համար երջանկությունը դրախտում չէ, այլ՝ ցավի մեջ այն փնտրելն ու գտնելն է»,- պարզաբանում են դերասանները: Նրանց խոսքերով՝ իրենց երկրում էլ է ներկայացումը նույն կերպ ընդունվել: Հանդիսատեսը ներկայացումից հետո դժվարանում էր կարծիք հայտնել: Մի մասն ուղղակի ասում էր՝ «շոկի մեջ եմ», մյուսները՝ «խայտառակություն էր», ոմանք էլ գտնում էին, որ այն պետք չէր Հայաստան բերել: Քչերն էին հիացած նրանց «ազատ» խաղով:

Ասում են՝ հայերն ու իտալացիները նման են: Պարզվում է, որ դա միայն մեր՝ հայերիս կարծիքը չէ: Իտալացի դերասանուհի Սերենա Գալլելան, որ առաջին անգամ էր Հայաստանում, ասում է, որ հայերն ու իտալացիներն արտաքնապես շատ նման են: Իսկ այն տեսակետը, որ իտալացիները շատ տաք և էմոցիոնալ են… Նրա կարծիքով՝ վերջին տարիներին իտալացիները դարձել են շատ նյարդային (իսկապես նման ենք): Դերասանուհին, որ քաղցրի սիրահար էր, հետաքրքրվում էր հայկական ամենաավանդական քաղցրավենիքով: (Նրան խորհուրդ տվեցինք փորձել գաթա և փախլավա): Այն հարցին, թե այս ընթացքում ի՞նչ հայերեն բառ է հասցրել սովորել, նա պատասխանեց՝ «մերսի»: Շատ հայերեն է:

Փառատոնի շնորհիվ մենք ևս մեկ անգամ ներկայացանք աշխարհին: Իր նոր ոճով հանդես եկավ «Միհր» պարային պլաստիկայի թատրոնը՝ «Գույներ» և «Արդյոք խե՞նթ եմ ես» ներկայացումներով: Շարժումն ու նկարչությունը Հայաստանում առաջին անգամ միաձուլել է թատրոնի հիմնադիր Ցոլակ Մլքե-Գալստյանը: «Գույներ» ներկայացումն արվել է հատուկ «Հայֆեստի» համար: Ներկայացումը 4 գույնի մասին է: Սև, օխրա, կապույտ, մուգ կարմիր: 4 գույն, 4 անհատ, 4 տարբեր զգացմունքներ… «Սովորաբար սևն ամենաճնշող և ծանր գույնն է, որը միևնույն ժամանակ՝ ամենաանզորն է, որովհետև մենակ է: Եվ սևը երբեմն ուզում է լինել օխրա»,- ասում է Ցոլակը: Ներկայացումն ունի 8 ակտ: Ամեն ակտում 1 կամ 2 գույնի բացահայտման պրոցեսները կոնֆլիկտ ունեն, բայց, միևնույն ժամանակ, միշտ հարմոնիայի մեջ են: Բեմը սպիտակ էր: Ցոլակի խոսքով՝ բոլոր գույները սպիտակի վրա են երևում:

Հայֆեստականներն իրենց օրակարգը սպառում էին «Հայֆեստ» ակումբում: Հաճելի երաժշտություն, գինի, հետաքրքիր զրույցներ, անեկդոտ, նոր ծանոթություններ… այսպես՝ մինչև ուշ գիշեր հոկտեմբերի 4-14-ը…

Անի Մնացականյան

«3 Միլիոն»