Հայ արիները մայիսի 13-ի արևածագին՝ Շիրակի մարզում՝ Հայաստանի Արևմտյան և Արևելյան արհեստական ու ժամանակավոր սահմանագծային հատվածներից մեկում նշեցին Հայոց Վանատուր աստծո տոնը:
Տարիներ առաջ հայ արիների վերականգնած ու վերաիմաստավորած տոներից մեկն է Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը: Եվ արդեն պարբերաբար տոնվում են Հայ Աստվածների բոլոր տոները՝ համապատասխան ծիսակարգով ու տոնականությամբ: Սա հայ արիներին հաղորդում է հազարամյակների հայոց շունչն ու հավատի ոգին, զորացնում հային ու հայի Աստվածներին: Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայ արիական օջախներում նոր թափ է ստանում հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Հայոց հյուրընկալության երաշխավորն ու հովանավորը Վանատուր Աստվածն է՝ հայ օջախ ների պահապանը: Գարնանային տոնական հաջորդականությունն իր բնական սահմանագլխին է հասնում հենց Վանատուրյան տոներին: Հայ արիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի և հայոց երկիրն էլ լի ու առատ դարձնի…
Ինչպես տեղեկացրին Հայ արիական միաբանության լրատվական կենտրոնից, Վանատուր աստծո տոնը սկսվեց ծիսական արարողությամբ, որ կազմակերպել էին Հայ Արիական Միաբանության հոգևոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները: Մինչ արարողությունը սկսելը նրանք ներկաներին բանջարով բրդուճներ բաժանեցին: Թե բանջարը տարատեսակ է, ուրեմն՝ հողը բերրի է: Ուրեմն՝ հողը դեռ չի խռովել, դեռ սնում է մեզ, որ ուժ ստանանք ու տեր լինենք մեր Հայոց տան մյուս հատվածին: Թե տան մի մասը մերը չէ, ուրեմն՝ տունը օջախ չի դառնա, բնակար ան է լինելու պարզապես: Ծեսը քրմերից ավագի ձեռամբ եղավ, ում չորս թոռները այս պահին Հայոց բանակում են ծառայում՝ հօգուտ մեր Մեծ տան վերականգնման, մեր Հայրենիքի: Նա ձոն հղեց Հայոց մեծ տան, օջախի հովանավոր Վանատուր աստծուն՝ ի զորակցություն հայորդիների: Հայկական Լեռնաշխարհը Հայոց Մեծ Օջախն է, և հայորդիները խոստում ունեն օջախի կրակը վառելու:
Ծիսական արարողությունը շարունակվեց հայ նորաստեղծ ընտանիքի օծումով: Հարսնացուն ի նշան տան կրակն անմար պահելու կամքի, կրակ վառեց, և գինի լցրեց բոլորի գավերը: Հետո բոլորին երկուական ճյուղեր բաժանեց: Ամեն ոք իր մի ճյուղը հյուսեց մյուսին՝ ի նշան մեր Մեծ տան արևելյան և արևմտյան հատվածները մի տանիքով ամրակցելու:
Տոնական արարողությունը շարունակվեց ավանդական ուտեստների ու ըմպելիքների համտեսմամբ, երգ ու պարով, ծիսական փառաբանումներով և գինեձոներով: