Հրազդանի կիրճում գտնվածը ցնցել է աշխարհը, պարզվում է, որ…
Advertisement 1000 x 90

Հրազդանի կիրճում գտնվածը ցնցել է աշխարհը, պարզվում է, որ…

Ինչպես գրում է Nyut.am կայքը, Հայաստանում, Հրազդանի կիրճում գտնվող «Մոտ 325 000 տարվա վաղեմություն ունեցող «Նոր Գեղի-1» քարեդարյան կայանում հայ-ամերիկյան արշավախմբի անցկացրած պեղումների արդյունքները վերջերս հրատարակել է ամերիկյան հեղինակավոր և գիտական աշխարհում բարձր վարկանիշ ունեցող, ամբողջ աշխարհում հղումների քանակով թերևս 3-րդ տեղը զբաղեցնող «Science» ամսագիրը:

«Մեր տվյալներն այնքան արժեքավոր են եղել, որ «Science»-ը համաձայնել է դրանք հրատարակել»,- ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող և «Science» գիտական ամսագրում հրատարակված հիշյալ հոդվածի հեղինակներից մեկը հանդիսացող Բորիս Գասպարյանը:

Այդ տվյալները, որոնք վկայում են Եվրասիան բնակեցնող առաջին նախամարդկանց` հենց այս տարածքներում ապրած լինելու և այստեղից տարածված լինելու մասին, հնագիտության ասպարեզում իրոք շրջադարձային են: Ընդ որում, տվյալ հուշարձանի պահպանվածության մակարդակը բարձր է, ինչը շատ կարևոր է:

Մենք հուշարձանը չէինք տեսնի, եթե Հրազդանի կիրճում զինվորականները ձոր իջնելու համար ճանապարհ բացելու կարիք չունենային

«Հուշարձանը բացվել է պատահականորեն, մենք այն չէինք տեսնի, եթե Հրազդանի կիրճում զինվորականները ձոր իջնելու համար ճանապարհ բացելու կարիք չունենային,- ասաց Բորիս Գասպարյանը:- Երբ որ տրակտորի կողմից հեռացվեց բազալտի շերտը, նրա տակ բացվեց նստվածք, որի մեջ այդ քարե գործիքներն էին: Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այդ երկրաբանական շերտը, որը պարունակում է մեր հնագիտական գտածոները (հնագետներն այսպիսի տերմին ունեն` սենդվիչված), բազալտի երկու շերտի արանքում էր, և դա հնարավորություն տվեց, որ դա ճշգրիտ թվագրենք Ստացվեցին բազալտի շերտերի տարիքները, որոնց արանքում էր այդ շերտը: Գործիքներ պարունակող շերտի մեջ հայտնաբերվեց հրաբխային մոխիր, որը նախ ասում էր, որ մարդն այդ ժամանակ տեսել է, թե ինչպես է ժայթքում մոտակա հրաբուխը: Որքան բարձրանում էինք շերտերով դեպի վեր, այսինքն` դեպի վերին բազալտը, մի ինչ-որ պահի մարդու գործունեության հետքն այլևս չկա: Այսինքն` դա կարելի է այսպես մեկնաբանել` մարդն այդտեղ ապրել է գետի կամ մի փոքրիկ լճակի ափին, նրանք սիրել են ջրային ավազանների կողքն ապրել, ինչ-որ ժամանակ հետո սկսել է գործել Գութանասար հրաբուխը, մենք անգամ գիտենք, թե դա արդեն որ հրաբխի մոխիրն է: Հետո երբ հավանաբար ինտենսիվացել է հրաբխի ժայթքումը, դուք գիտեք, թե այն ինչ աղետներով է ուղեկցվում, մարդը թողել և հեռացել է»:

Երկու տարբեր ժամանակների պատկանող բազալտի շերտերը և դրանց արանքում գտնվող մոխրի շերտը գիտնականներին թույլ է տվել հնարավորնս ճշգրիտ թվագրել այդ գտածոները, որովհետև հրաբխային մոխրի տարիքը, որը ծածկել է նախամարդու այդ քարե գործիքները, գոնե տվել է, թե մասնագետներն ինչ ժամանակաշրջանի գտածոների հետ գործ ունեն:

«Դա,- շարունակեց հիշյալ ինստիտուտի գիտաշխատողը,- 325-330 հազար տարվա ժամանակագրական միջակայքն է»:

Ինչ են մեզ պատմում «Նոր Գեղի-1» քարեդարյան կայանում հայտնաբերված գտածոները

Պարոն Գասպարյանի բացատրությամբ, նախնադարում գոյություն է ունեցել քարե գործիքներ պատրաստելու երկու մոդել կամ տեխնոլոգիա: Դրանցից առաջինն այն է, երբ մարդը քարե բեկորը, հումքը վերցրել է, երկու կողմից հեռացրել որոշ ցլեպներ` հղկելով քարը, և ստացել որոշակի ձև ունեցող գործիք, օրինակ, ձեռքի հատիչ:

«Դրան հաջորդող տեխնոլոգիական հնարն արդեն տրամաբանորեն, կորդինալ ձևով լրիվ հակադիր է ուղղված, այսինքն` ոչ թե վերցնում են քարը և հեռացնում ցլեպները, այլ վերցնում են քարը, սարքում են միջուկ, այդ միջուկից հանում են ցլեպներ, որոնք նախապատրաստուկներ են, և այդ ցլեպներն են օգտագործում,- ասաց հիշյալ ինստիտուտի գիտաշխատողը:- Եթե առաջին դեպքում այդ ցլեպն աղբ էր, հանվել ու շպրտվել է, երկրորդ դեպքում այդ ցլեպն է, որը հետագայում վերածվել է գործիքի, իսկ այն քարը, որից հանել են այդ ցլեպները, համարվել է աղբ: Սովորաբար դա բացատրում են այսպես, որ առաջին տեխնոլոգիան փոխարինվել է երկրորդով, ոչ մի տեղ այս երկուսը համատեղ չեն գտնվել, այսինքն` կա մեկը և հետո կա երկրորդը, և այդ նոր մեթոդը` քարի մշակման նոր հնարի առաջացումը, բացատրում են մադու մի տեսակը մյուսով փոխարինելու պարագայով: Ցլեպից պատրաստված գործիքը, բնականաբար, ավելի (6-10 անգամ) թեթև է, ավելի հեշտ էր տեղափոխել, այն նաև ավելի սուր է… Այսօրվա գիտական տեսակետի համաձայն` քարի մշակման այդ նոր հնարը ստեղծվել է Աֆրիկայում նոր տիպի մարդու կողմից, ու հետո Աֆրիկայից տարածվել Եվրասիայի սահմաններով, այսպես կոչված, Լևանտի միջանցքի տարածքում: Եթե Աֆրիկայում կա կամ քարի մշակման այդ առաջին ձևը, կամ երկրորդ, որոնք հանդես են գալիս միմյանցից առանձին, ապա Նոր Գեղիի պարագայում մենք ունենք երկուսը միասին, ինչպես նաև որոշակի շերտագրություն, որը ցույց է տալիս, որ նոր հնարը ստեղծվել է հին հնարի հիման վրա: Մենք գործ ունենք ոչ թե նոր տեխնոլոգիայի ի հայտ գալու և մեկը մյուսին փոխարինելու, այլ անցման հետ: Սա շատ կարևոր է նախ ցույց տալու առումով, որ այդ անցումը տեղի է ունեցել տեղում, և ոչ թե բերվել է դրսից: Այսինքն` այն պատկերացումները, որ արխայիկ հոմո սապիենսը կամ ուշ հոմո էրեկտուսը դուրս է եկել Աֆրիկայից` զինված այդ տեխնոլոգիական նոր հնարով, և սկսեց բնակեցնել Եվրասիայի տարածքը, չի համապատասխանում իրականությանը: Այդ հնարներն այստեղ ստեղծվել են տեղում, տեղական քարի արդյունաբերության զարգացման վրա, և դրսից բերված չեն, քանի որ ավելի հին են, քան Աֆրիկայում և մեր տարածաշրջանում հայտնաբերված իրերը»:

Եվս մեկ անգամ ընդգծելով, որ «Նոր Գեղի-1» քարեդարյան կայանը շատ հուսալի թվագրված հուշարձան է, Բորիս Գասպարյանը տեղեկացրեց, որ արտերկրում հայտնաբերված այդպիսի հուշարձանները թվագրության ճշտության հետ կապված խնդիրներ ունեն: Նրա հավաստմամբ, «Նոր Գեղի-1» քարեդարյան կայանում հայտնաբերվածը հնարավորություն է տալիս վերանայել աշխարհի հնագետների պատկերացումները վաղագույն մարդու զարգացման մասին…

«Այդ տեսությունները,- շարունակեց պարոն Գասպարյանը,- աշխատում են ամեն ինչը բերել Աֆրիկայից:- Իհարկե, Աֆրիկայի դերը մարդու ծագման, տարածման մեջ բացառել հնարավոր չէ, բայց ամեն ինչ բացատրել դրսից գալով, իհարկե, բնականաբար, նույնպես ճիշտ չէ»:

Հիշյալ ինստիտուտի գիտաշխատողի տեղեկացմամբ, տվյալ գործիքների հումքի` վանակաթի (օբսիդիանի) աղբյուրի վերլուծությունները ցույց են տվել, որ օգտագործվել է նաև մոտ 150 կմ հեռավորության վրա գտնվող Սյունիքի աղբյուրների օբսիդիանը, այսինքն` այն նախամարդիկ, որոնք ապրել են Նոր Գեղիի տարածքում, շատ շարժուն են եղել, շահագործել են բավական մեծ լանդշաֆտային տարածք, իսկ դա նշանակում է, որ իսկապես կարիք է եղել ստեղծել ավելի առաջադեմ և տեղափոխման համար ավելի հարմար առարկաներ: Հենց սա էլ փաստում է այն անհրաժեշտությունը, թե ինչու քարի մշակման առաջին տեխնոլոգիան պետք է նրանց չբավարարեր, ու պետք է գտնեին ինչ-որ նոր եղանակ` քարե գործիքներ պատրաստելու համար: Դարձյալ ըստ պարոն Գասպարյանի, Աֆրիկայում հայտնաբերված և երկրորդ տեխնոլոգիայով պատրաստված քարե գործիքները համարվում են մոտ 300 000 տարեկան (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի տեղեկացմամբ, դա էլ դեռ վիճելի է): Այսինքն` «Նոր Գեղի-1» քարեդարյան կայանում հայտնաբերված նմանատիպ հարյուրավոր գործիքները դրանցից եթե ոչ ավելի, ապա նվազագույնը 25 000 տարով ավելի հին են:

Հրազդանի կիրճում սենսացիոն հայտնագործությունը շրջադարձային է գիտության համար

«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, տակի բազալտի տակ ևս կա որոշակի շերտ, և ապագայում մենք միգուցե և ունենանք ավելի հետաքրքիր արդյունքներ»,- ասաց Բորիս Գասպարյանը:

«Տեսակետներ են առաջ քաշվում, որ մարդու ձևավորման նախահայրենիքն Աֆրիկան է, Աֆրիկայից առաջին նախամարդը տարածվել է ամբողջ Երկիր մոլորակով, հետագայում, ավելի ուշ հոմո էրեկտուսը (ուղիղ քայլող մարդը) էլի նորից Աֆրիկայից է տարածվել ամբողջ աշխարհով, հատկապես Եվրասիայով մեկ,- ասաց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:- Ահա այդ տեսակետն ամրագրելու, հիմնավորելու համար կար հետևյալ փաստը. այն տեխնիկան, որով այդ քարերը մշակել են, կոչվում է լևալուազյան տեխնիկա, այդ տեխնիկայով մշակված քարերը որտեղ տեսնում էին, եզրակացնում էին, որ դա Աֆրիկայում է ձևավորվել, ու մարդն իր հետ այդ հնարը տարածել է աշխարհով մեկ: Որտեղ որ գտնում էին այդ հնարքով պատրաստված գործիքներ, գտնում էին, որ Աֆրիկայից է մարդն այդտեղ եկել: Նոր Գեղիում կատարված ուսումնասիրությունների թիվ 1 կարևորությունը հետևյալն է. այն ցույց է տալիս, որ մինչ այդ եղած քարի երկկողմանի մշակման ձևը և այդ լևալուազյան տեխնիկան իրար հետ փոխկապակցված են և տեղում են առաջացել, այսինքն` լևալուազյան տեխնիկայի ի հայտ գալն աշխարհի տարբեր հատվածներում պետք չէ բացատրել միայն Աֆրիկայից մարդկանց ներհոսքով, այլ տեղում կարող էր առաջանալ: Այս ուսումնասիրությունների ողջ նշանակությունը հատկապես դրա մեջ է… Սա մարդագոյացման գործընթացների ամբողջ մեխանիզմների ընկալման, տեսական հիմնավորման և այլնի մեջ նոր ուղի է բացում, մինչ այդ միանշանակ էր` մարդը ձևավորվել է Աֆրիկայում, այնտեղ քարե գործիքներ մշակելու հնարներ է ձեռք բերել, կենսաապահովման ինչ-որ մի համակարգի համակարգի տեր է դարձել և այդ հնարներով սկսել է շարժվել աշխարհով մեկ ու սփռվել: Այս դեպքում այդ նյութերն արդեն գալիս են ասելու, որ դա այնքան էլ այդպես չէ. Աֆրիկայից կարող էին տարածվել ու տարածվել են, բայց կային նաև տեղում, այսինքն` Հայկական լեռնաշխարհի այդ հատվածները մարդագոյացման մի ինքնավար, ինքնուրույն օջախ կարող ենք դիտարկել, որտեղ նույնպես ձևավորվել են ինչ-որ պոպուլյացիաներ, որոնք ստեղծել են գործիքի այն տեսակը, որի նախահայրենիքը համարում էինք, որ Աֆրիկան է և Աֆրիկայից է տարածվել: Այստեղ արդեն ակնհայտորեն դա այդպես չէ, տեղում է պատրաստվել»:

Իսկ գուցե առաջին նախամարդիկ այստեղի՞ց են գնացել Աֆրիկա, սփռվել ամբողջ աշխարհով մեկ, չէ՞ որ «Նոր Գեղի-1» քարեդարյան կայանում հայտնաբերված, այսպես ասած, նոր սերնդի և առաջադեմ մտածողության մասին վկայող քարե գործիքներն առնվազն 25 000 տարով ավելի հին են Աֆրիկայում հայտնաբերվածներից: Պավել Ավետիսյանը դրա հնարավորությունը չբացառեց, սակայն անհասկանալի զգուշավորությամբ ասաց, որ առայժմ առկա գիտական տվյալները դեռ թույլ չեն տալիս կատարել այդպիսի եզրակացություն:

«Մենք չենք կարող ասել այստեղից են գնացել, թե ոչ, դա դեռ պրոբլեմ է և ուսումնասիրության խնդիր, գուցե վաղը նման հարցերի կարողանանք պատասխանել, այսօր այդպիսի հարցերի մենք չենք կարող պատասխանել»,- ասաց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը:

Արթուր Հովհաննիսյան

replik.am