Նորաթուխ հայրերի ուղեղի աշխատանքի դիտարկումները ցույց են տվել, որ երիտասարդ հայրիկներն իրոք ավելի շատ են սիրում և հոգ տանում դուստրերի մասին, քան որդիների, ինչը հեշտությամբ կարելի է տեսնել ուղեղի ակտիվության պատկերում: Այդ մասին հայտարարել են գիտնականները Behavioral Neuroscience հանդեսում հրապարակված հոդվածում:
«Երբ երեխան լալիս է կամ կանչում է հորը, դուստրերի հայրերը նրանց կանչին ավելի ուժեղ են արձագանքում, քան որդիների հայրերը: Մեզ խիստ անհրաժեշտ է հասկանալ, թե երեխայի սեռի վերաբերյալ չգիտակցված պատկերացումները ինչպես կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես են նրա մասին ծնողները հոգ տանում նույնիսկ նրա կյանքի առաջին օրերին ու շաբաթներին»,-հայտարարել է Ատլանտայում Էմորի համալսարանից Ջենիֆեր Մասկարոն:
Վերջին տարիներին գիտնականներն սկսել են հատուկ ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ տղամարդկանց ու կանանց, ինչպես նաև էգերի ու արուների օրգանիզմը կարող է միանգամայն տարբեր կերպ արձագանքել զանազան գրգռիչների, այդ թվում՝ ցավին, հաճույքին կամ այլ ազդանշանների: Օրինակ՝ անցյալ տարի ամերիկացի կենսաբանները հայտնաբերել են, որ սթրեսին տղամարդկանց ու կանանց հակազդման տարբերությունները բացատրվում են տղամարդկանց օրգանիզմում հատուկ սպիտակուցի առկայությամբ, որը ճնշում է տագնապի ռեակցիան:
Մասկարոն և նրա գործընկերները բացահայտել են սեռերի կենսաբանական տարբերությունների ևս մեկ անսովոր դրսևորում՝ ուսումնասիրելով այն, թե տղամարդկանց ուղեղն ինչպես է արձագանքում իրենց վերջերս ծնված դուստրերի և որդիների լացին: Դրա համար նրանք հավաքել են հինգ դյուժին կամավորների, որոնք վերջերս երեխա են ունեցել, և խնդրել են նրանց՝ կրել հատուկ սարք, որը գրանցում էր նրանց բոլոր խոսակցությունները մի քանի օրվա ընթացքում:
Դրանից հետո նրանք կամավորներին՝ երեխաների հետ միասին, հրավիրել են իրենց լաբորատորիա և նրանց առաջարկել անվճար թեստ անցնել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆում: Դեպքերի մեծ մասում երեխան չէր դիմանում հորից բաժանմանը և սկսում էր լաց լինել, ինչը թույլ էր տալիս գիտնականներին՝ հետևել, թե նրանք ինչպես էին արձագանքում նորածնի կանչերին: Առանձին դեպքրում գիտնականները լաբորատորիա էին բերում նաև ուրիշների երեխաների և հետևում նրանց լացի նկատմամբ տղամարդկանց արձագանքին:
Բացի լացի նկատմամբ ավելի ուժեղ արձագանքից, որն արտացոլվում էր կամավորների ուղեղի աշխատանքում, գիտնականները կարողացել են գրանցել նաև այլ փոփոխություններ: Օրինակ, դուստրերի հայրերի ուղեղում ավելի ակտիվ էին այն հատվածները, որոնք պատասխանատու են հույզերի և արժեքների համար, իսկ որդիների հայրերի ուղեղում՝ այլ հատվածներ:
Բացի այդ, տարբերվել է այն խոսքերի ամբողջությունը, որոնք հայրերն օգտագործում էին երեխայի հետ շփվելիս: Դուստրերի հայրերն ավելի հաճախ օգտագործում էին բացասական հույզերի և մարմնի հետ կապված բառեր, իսկ որդիների ծնողները՝ այնպիսի բառեր, որոնք կապված են հաջողության ու զարգացման հետ, ինչպես նաև ավելի «վերլուծական» բառեր ու արտահայտություններ:
Ինչպես գտնում են գիտնականները, հայրերի ուղեղի աշխատանքի և վարքագծի այսօրինակ տարբերությունները կարող է բացատրել այն, թե ինչու են կանայք սովորաբար ավելի հուզական լինում և հակված կարեկցելու, քան տղամարդիկ: