Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ կստեղծվի գիտական, ստեղծագործական և կենսագրական հանրագիտարան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր և տնօրեն Հովհաննես Այվազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «2019 թվականին կլրանա հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը։ Արդեն իսկ սկսվել են պետական մակարդակով տարատեսակ միջոցառումների նախագծումներ՝ այդ հրաշալի հոբելյանը հավուր պատշաճի և մեծ շուքով նշելու համար։ Հանրագիտարան պատրաստելը ժամանակատար և աշխատատար գործընթաց է, և հենց այդ պատճառով մենք երկու տարի առաջ սկսել ենք բանաստեղծի կենսագրական հանրագիտարանի պատրաստման գործընթացը։ Հույս ունենք, որ բանաստեղծի 150-ամյակին մի լուրջ և բարձր մակարդակով հանրագիտարան կստեղծվի»,- ասաց Այվազյանը։
Նրա խոսքով՝ հանրագիտարանն իր տեսակի մեջ առաջինն է, որ պիտի նվիրվի հայ մտավորականության, հայ գրողի կյանքին և ստեղծագործություններին։ Այվազյանի կարծիքով, կան սիրողական մակարդակի փոքրիկ հանրագիտարաններ, որոնք նվիրված են այլ գրողների, բայց իրենց հրատարակչությունն առաջին անգամ է անդրադառնում։
«Ես կարծում եմ, որ այս հանրագիտարանը կունենա իր հրաշալի շարունակությունը՝ ի դեմս տարբեր գրողների կյանքին ու ստեղծագործությանը նվիրված հանրագիտարանային հրատարակությունների։ Այդ պատասխանատու գործն իրականացնելու համար մեզ պետք է համախմբել հանրապետությունում եղած այն մտավորականությանը, ովքեր զբաղվել և զբաղվում են Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններով, նրա հասարակական, ազգային և մնացած ոլորտների գործունեությամբ։ Այսօր մեր եղած ուժերով պետք է փորձենք առավելագույնն անել այդ հանրագիտարանը պատրաստելու համար»,- ասաց Հովհաննես Այվազյանը։
Բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը նշեց, որ այդ աշխատանքը շատ շնորհակալ գործ է հայ իրականության մեջ, քանի որ առաջին անգամ է ստեղծվում Թումանյանի հանրագիտարան։
«Այնպիսի կենսագրություն, որ ունի մեր ամենայն հայոց բանաստեղծը, հայ մշակույթի մեջ դժվար է գտնել։ Նա միաժամանակ եղել է տասնյակ ընկերությունների նախագահ, տարբեր կազմակերպությունների անդամ։ Թումանյանի հանրագիտարանը ստեղծելը վիթխարի ծավալի աշխատանք է պահանջում»,- ասաց Հովհաննիսյանը։
Բանասիրության դոկտոր Ազատ Եղիազարյանը նշեց, որ բացի Թումանյանի ընտանիքի ամբողջ պատմությունը ներկայացնելուց, հանրագիտարանում պետք է փորձեն նշել նաև նրա ստեղծագործությունները և հաղորդել դրանց իմաստը։