«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նոր նախաձեռնությունն է «Թումո ստուդիաներ» (TUMO Studios) կրթական ծրագիրը, որի մեկնարկին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ հունիսի 8-ին Թումանյանի այգու՝ Կիևյան կամրջին հարակից տարածքում: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը:
«Թումոն մինչև հիմա ստեղծել է թվային արտադրանքներ՝ անիմացիաներ, համակարգչային հավելվածներ, բայց հիմա ուզում է կարևորություն տալ անալոգ կոչվող մի կարևոր հատվածի, ստեղծել այնպիսի իրեր, որոնք շատ հետաքրքիր են, շոշափելի են, և մենք կկարողանանք օգտագործել առօրյայում: Աշխարհն այսօր նաև կարևորություն է տալիս անալոգային հատվածին: Սա հնարավորություն կտա երիտասարդներին ստեղծել այնպիսի իրեր, որոնք ոչ միայն հետաքրքիր են լինելու, այլև համաշխարհային մակարդակով մրցունակ են լինելու»,- ասաց Մարի Լու Փափազյանը:
ժամանակակից և ստեղծագործ կրթական նոր միջավայր ստեղծելու համար կատարվել է 5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
Նախագծում կարող են ընդգրկվել 18-28 տարեկան երիտասարդները: Ծրագրի հիմնական նպատակն է՝ ձևավորել ու արտադրել կրելու, նստելու, համտեսելու համար նախատեսված ապրանքներ։ Այն ուղղված է երիտասարդ դիզայներների և արհեստավորների զարգացմանն ու մասնագիտացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կավագործությունը, փայտագործությունը, նորաձևությունը, զարդերի ստեղծումը, մետաղագործությունը, ոսկերչությունը, լուսանկարչությունը, հայկական նոր տեսակի բաղադրատոմսերի ստեղծումը:
«Թումո ստուդիաներ» կրթական ծրագրի մեկնարկը տրվեց Թումանյանի այգում, քանի որ հենց այստեղ հատուկ այս նախագծի համար կկառուցվի 3000-4000 քմ տարածքով շինություն, որը կներառի ստուդիաներ, արհեստանոցներ, արտադրամասեր և ցուցասրահներ: Սա դառնալու է մի վայր, որտեղ երիտասարդները՝ հմուտ մասնագետների հետ համագործակցելով, կարողանալու են ստեղծել նոր արտադրանք: Մարի Լու Փափազյանի հավաստմամբ՝ տարածքի շինարարական աշխատանքները շուտով սկսվելու են և ավարտվելու են 2019 թվականին: Բայց մինչ այս տարածքը պատրաստ կլինի, ծրագիրն իր աշխատանքները սկսել է Պուշկինի 38 շենքում:
Նախագիծը ղեկավարելու է Մարալ Մկրտչյանը, որը միջոցառման ընթացքում նշեց, որ այս ծրագրի միջոցով կունենանք մի այնպիսի սերունդ, որ կկարողանա Հայաստանը դարձնել աշխարհի դիզայնի կենտրոններից մեկը:
Միջոցառմանը ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մեզ հետ զրույցում նշեց.
«Հրաշալի նախագիծ է, որը կարող է հերթական ոլորտում Հայաստանը դնել միջազգային քարտեզի վրա: Այլ ասպարեզներում դեռ չենք հասել հաջողության, բայց կամաց-կամաց հանրային գործունեության բոլոր ոլորտներում էլ կհասնենք, և այս նածագիծն էլ ցույց է տալիս, որ հայ ժողովուրդն ունի ներուժ՝ դառնալու դիզայնի համաշխարհային կենտրոն. Նյու Յորք, Փարիզ, Երևան»:
Մարի Լու Փափազյանը նաև տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ ներկայացնելու են հսկայական ծրագիր՝ «Թումո լաբորատորիաները», որոնք զբաղվելու են մասնավորապես ինժեներական կրթությամբ և այդ ուղղությամբ երիտասարդների մոտ զարգացնելու են ինժեներական հմտությունները:
Անի Թորոսյան
168.am