Երեկ` հունիսի 23-ին, 71 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը (Կևորկով):
Ավելի քան 60 ֆիլմերի հեղինակ Ռուբեն Գևորգյանցի մահը մեծ կորուստ էր հայկական կինոարվեստի համար:
Երևանի Տիկնիկյաին թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ Ռուբեն Բաբայանը Life.panorama.am-ի հետ զրույցում իր ցավակցությունը հայտնեց Ռուբեն Գևորգյանցի հարզատներին և առհասարակ ողջ հայությանը:
«Ռուբեն Գևորգյանցին վաղուց եմ ճանաչում, նրա հետ անձնական շատ լավ հարաբերություններ ունեիք: Նա փայլուն անձնավորություն էր և իր մտահորիզոնով, և կազմակերպչական ջիղով, և իր վերաբերումքով մարդկանց հանդեպ: Իր ղեկավարած միության անդամների հանդեպ նա շատ սրտացավ ու ուշադիր էր, սա փաստում եմ, քանի որ այդ ոլորտում աշխատել են մայրս, քույրս և քրոջս ամուսինը: Ռուբեն Գևորգյանցի մահը մեծ կորուստ էր, որովհետև նա իր հետ տարավ նաև որոշակի աշխարհ: Նա անփոխարինելի մարդ ու արվեստագետ էր: Իհարկե, նրա փոխարեն ուրիշ մարդիկ կգան, ուրիշ ֆիլմեր կնկարահանվեն, ուրիշները կղեկավարեն իր միությունը, բայց այն խարիզման, որ ուներ Ռուբեն Գևորգյանցը, այլևս չի լինի: Նա տիեզերական աշխարհի մարդ էր` յուրաքանչյուր պարագայում հայ մնալու կարողությամբ»,- նշեց Ռ. Բաբայանը:
Ռուբեն Գևորգյանցը երկար ժամանակ պայքարում էր ծանր հիվանդության դեմ: Մեր զրուցակցի խոսքով` նա երբեք չի տրտնջացել ու չի բողոքել.
«Նա այնքան դրական էր տրամադրված կյանքի հանդեպ, երբեք չէր դժգոհում, չնայած պատկերացնել կարելի է, թե այդ ծանր հիվանդությունը ինչպես կարող էր ազդել նրա վրա: Նա սեփական խնդիրները երբեք չէր դարձնում ուրիշների հոգս, ինչը ևս մեծ մարդու կարևոր հատկանիշ է: Նա առանց տրտնջալու կրում էր այն ծանր խաչը, որն իրեն էր տրված: Ինձ համար նրա մահը մեծ կորուստ էր, ես այն տարիքում եմ, որ մարդիկ, երբ հեռանում են կյանքից, կարծես թե իմ կյանքի շատ կարևոր մի մասն էլ է հեռանում: Քչերը գիտեն, որ շուրջ տասը տարի առաջ Ռուբեն Գևորգյանցը կլինիկական մահ տարավ, որից հետո նկարահանեց «Հրաշագործի աշունը» ֆիլմը` նվիրված իտալացի գրող Տոնինո Գուերային: Ֆիլմի հիմքում ընկած է այն գաղափարը, որ արվեստը հակադրվում է մահին ու հաղթում է նրան: Կարծում եմ` սա հրաժեշտի ֆիլմ էր»,- նկատեց բեմադրիչը: