Ջերմուկի բնակիչ, 18-ամյա Խաչատուր Բաբաջանյանին «քայլող» կինոթատրոնի գաղափարը հանգիստ չէր տալիս շուրջ երեք տարի: «Կրեատիվ մի բան էի ուզում անել մեր քաղաքի համար, որտեղ ժամանցի վայրերի պակաս կա,- պարզաբանում է Խաչատուրը,- երեք տարի էս գաղափարի շուրջ մտածում էի, բայց միայն այս տարի հնարավոր եղավ իրականացնել»:
2016թ-ի դեկտեմբերին «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Վազգեն Գալստյանի խորհրդով գաղափարը մշակել ու ծրագրով դիմել է Awesome Foundation Yerevan կազմակերպության հայտարարած մրցույթին: Հունվարի 19-ին ստացել է բաղձալի լուրը՝ եզրափակիչ անցած երեք ծրագրերից ընտրվել է իրենը:
Խաչատուր Բաբաջանյանը
Մոտ 1000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում է ստացել Խաչատուրը գաղափարն իրականացնելու համար: Սկզբում մտածում էր, որ «քայլող» կինոթատրոնը տեղավորելու է անիվներով քարշակի վրա և ընդամենը մեկ ամիս առաջ է ավտոբուսի գաղափարը կյանքի կոչել: «Մտքումս անընդհատ քարշակի տարբերակն էր, հետո հասկացա, որ բավականին դժվարություններ կունանամ ու սովետական «Լազ» մակնիշի ավտոբուսն ամենահարմար տեղն է` որպես կինոսրահ կահավորելու համար,- պատմում է Խաչատուրը,- դիմեցի մեր մարզի պատգամավորին՝ պարոն Արսենյանին աջակցության համար՝ էս ավտոբուսը նվեր եմ ստացել»:
«Սինեմա-ավտոբուսի» ձևափոխման աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ: Խաչատուրին օգնում են մտերիմ ընկերը՝ Հարություն Սարգսյանը և Մարինա Արզումանովան, ով իրականացրել է ավտոբուսի արտաքին նկարազարդումները: Աշխատում են առավոտից մինչև արևի մայր մտնելը:
Պատուհանները հերմետիկ փակել են, վարորդի խցիկն անջատել պատով՝ էկրանի էֆեկտ ստանալու նպատակով, ավտոբուսի նստարանների մաշված ու շարքից դուրս եկած կաշվե նստատեղերն ու թիկնակները նախկին սև պաստառի փոխարեն վառ, կարմիր գունավորում են ստացել: «Մուտքի» մոտ, առանձնացված հատվածում, տեղադրել են վաճառասեղանը, որը միաժամանակ ծառայելու է որպես բար (հանդիսատեսին վաճառելու են հյութ ու պոպկորմ):
Տոմսի արժեքը չի գերազանցելու 500 դրամը: Միաժամանակ կինոդիտման հնարավորություն կունենա 14 հանդիսատես: Ավտոբուսում տեղադրվելու է օդափոխման համակարգ՝ հերմետիկ փակված տարածքում զով միջավայր ապահովելու համար: Ֆիլմերի ընտրությունը կկատարեն «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում բաց առաջարկ-քննարկումներից հետո: Կլինեն նաև ուսուցողական, վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև մուլտֆիլմեր փոքրիկների համար:
Խաչատուրին աջակցում են նաև ծնողները: Մայրը՝ Քրիստինե Գևորգյանը հիշում է, որ Ջերմուկի` ներկայում արդեն չգործող կինոթատրոնի շենքում 22 տարի առաջ 10-րդ դասարանցիներով ֆիլմ են դիտել: Դրանից հետո չի հիշում, որ շենքն իր նպատակին ծառայած լինի: Բավականին գեղեցիկ և ճարտարապետական նշանակություն ունեցող շինություն է Ջերմուկի կինոթատրոնի շենքը, որ անկախացումից հետո մասնավորեցվել է, երկու սեփականատեր փոխել ու մինչև օրս մատնված է պարապուրդի:
Ջերմուկի կինոթատրոնի չգործող շենքը
«Ես ցավ եմ ապրում, որ ջերմուկցիների ներկայիս սերունդը զրկված է կինոթատրոն հաճախելու հաճույքից,- ասում է Քրիստինեն,- ինչպես ճանապարհորդությունները, համատեղ այլ միջոցառումները՝ միասին կինոդիտումների հաճախելն էլ է մտերմացնում մարդկանց: Հասկանալի է, որ հիմա կարելի է ինտերնետով ցանկացած բան նայել, բայց կարծում եմ կողք կողքի նստած խմբով մեկ ֆիլմ դիտելը, հետո քննարկելն այլ էֆեկտ է»:
Քրիստինե Գևորգյանը
Պատմում է, որ ուսանող տղայի գաղափարի մասին իմացել է այն ժամանակ, երբ Խաչատուրի առաջարկած ծրագիրն անցել է եզրափակիչ փուլ: Խաչատուրը սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատացման բաժնում: «Տղաս Երևանում է սովորում ու հունվարի արձակուրդներին եկել էր տուն: Էդ ժամանակ ենք իմացել: Ասում էր` մամ, չէի ուզում նախօրոք ասել, բա որ չանցնեի: Դե հետո, երբ ամեն ինչ հաստատվեց, ես էլ, ամուսինս էլ ուժերի ներածի չափով փորձեցինք օգնել, որովհետև սա իր առաջին լուրջ գաղափարն է, որ իրականություն է դարձել, ու կարծում եմ հետագայում զարգացման տեղ ունի»:
«Քայլող» կինոթատրոնը միայն Ջերմուկում չի կայանելու: Խաչատուրը մտադիր է շրջել նաև տարածաշրջանի գյուղերում: Անիվների վրա կինոթատրոնի վարորդը 60-ամյա Դավիթ Մկրտչյանն է, ով նախկինում էլ է վարել նույն ավտոբուսը: «Գյուղերում կինոդիտումներն անվճար ենք կազմակերպելու բնակիչների համար: Աջակցության համար դիմելու ենք համայնքապետարաններին»,- փոխանցում է Խաչատուրը:
«Քայլող» կինոթատրոնի «բենեֆիսը» նախատեսված է հուլիսի 2-ին: Այդ օրը ջերմուկցիներն ու քաղաք այցելած զբոսաշրջիկներն իրենց օրը կարող են ավելի հետաքրքիր կազմակերպել: