արտագրություններ կակղամորթի օրագրից
ա.
ալիքը նետեց ինձ քո ձախ թիակին, դու կղզի էիր,
որ տարածել էր իր խորությունը արմատներիս զուգահեռ,
և ամեն ոք քո մեջ վագր էր ու միջատ, ես՝ մի քերովբե՝ դատարկ ուրվագծերով,
ու նրանք, ովքեր իրենց ոսկորները նետեցին գիշերվա խարույկի մեջ,
նրանք, ովքեր թռչնի լեզվով խոսեցին երջանկության մասին,
հիմա չոր փշեր են՝ խցկված մեր գանգերի ծաղկամանում
մթնոլորտը ամեն օր լքում էր ինձ անվերջ,
դու ուղղակի նայում էիր, մայրս փակ էր, ոմանք՝ անկենդան,
ես ձեր մարմինն եմ ու տերևը, արյունոտ ոսկոր, ինձ կարող եք կրծոտել, բայց չեք անի,
վարժեցրած մեկը, ով աճպարարի մի հնարքով քանդվում է, վառվում է,
վեր հառնում քո անդերսոնյան սև գլխարկից,
հաճելի սարսափով լցնում
բերանիդ աջ անկյունը, պատուհանի քառակուսին ու հեռուն
հուլիսյան անշարժության մեջ միայն հատապտուղներն են շարժում իրենց բիբերը,
դե՛, կեր ցավը՝ քաղցր ու սև,
մի կում արյուն ու մահ ու ամպերի սահքը՝ որովայնիս,
որ ինձնից քիչ հեռու՝ գետնին, աղջնակներիդ երկու ստվերներն են գցում,
իմը լիներ մեկի հանգստությունն ու մյուսի օտարությունը,
նրանք գիտեն մազերի խառնաշփոթը խառնել խոտերին ու մեռնել երջանկությունից,
բայց ես չեմ կարող, թռչուն չեմ,
ու անգամ, եթե լինեի, փամփուշտը կհամբուրեր պարանոցս
դանդաղ,
ոնց որ ծերությունը, որ դեմքիդ մամռոտ ոտնահետքեր է թողել
ու մխրճվող դանակի պես սահուն,
պառկիր անշարժ, իմ նավապետ, կամ, ինչպես ծառ, տարածիր թևերդ կեղևի մեջ՝
հանուն կողոսկրերիդ տափաստանում մոլեգնող կատաղության,
հանուն ակնագնդերիդ մեջ ապրող բևեռային կենդանու,
հանուն տղայիկիդ, ով մանրադիտակի տակ մարդկանց դիակներն է քչփորում
ես երկու ափով կծածկեմ երեսդ,
երկինքն անտանելի սիրուն է ու քո կարոտի գույնն ունի,
ես հողի կարծր շերտերով կթաքցնեմ տխրության ամեն սանտիմետրը,
քո փոքր պատմությունները իմ բերանից ծիծաղի կարմիր ծաղիկներ են գողանում,
բայց դրանք չեն կարող իշխել անկումի վրա դեպի աննյութ խավարը,
ջուրը հատում է կոկորդս, իմ մեջ ծովի ողջ ծանրությունն է,
բանտախցի պատուհանը, բոլոր անձրևների ձայնը, ինչո՞ւ ծնվել
բ.
ամեն առավոտ կինդ կճպում էր ինձ ափսեիդ մեջ
ու մատուցում մի բաժակ հյութով,
այսքան վաղանցիկ ջերմության մեջ,
դու՝ քո երբեքությամբ,
դու՝ քո ոչմիտեղով,
ինձ լեգենդներ չես պատմել քո մասին,
մինչև ծնկները քշտած տաբատով իմ ճնճղուկ նավապետ,
ծովը քեզ չէր սիրում, մարդիկ՝ ավելի շատ,
քո աչքն էր
քո այտը
քո ծնոտը
ու իմ ձեռքերը, որ միայն պղտորեցին դեմքիդ ջրափոսն
ու ոչինչ չգտան
մատերս կծմծելով նայում էի, թե ինչպես ես գնդակահարում ինձ հեռավոր բեռլինում,
ու երկար հայացքով ճանապարհում մարմինս արևադարձային ինչ-որ գետում,
աչքերս սիրահարվել են դատարկությանը,
ձեռքերս մահը շոշափելու համար են,
ես վայրի տեսակ եմ, նույնքան քարափնյա ու նույնքան բույս,
որ, շանորդի, իմ հիշողությունները միայն
կապույտի մեջ գահավիժող ժայռերի մասին են
դեռ երեկ դու քայլում էիր մովսեսի պես՝ ճեղքելով ջուրը քո ետևից,
ու ես առավոտի պես սահուն բացեցի տերևներս՝ մի քանի գրամ գթության համար,
օ՜, մահը երկար տանիք փնտրեց քաղաքում ու կոպերս գտավ
սենյակս լցրել եմ ծովով ու ինքս մտնել ակվարիումի մեջ,
դու ջրի ձայնն ես անվերջ մակընթացությունների մեջ, ծեր ճայի մահը և այլն,
ես քո մասին կպատմեմ ջրահարսին, ժայռին, ալիքին,
որ չմեռնես, որ չմեռնես
ինչ կատարյալ էր ափերիդ մեջ փշրվող լույսը,
և որքան ծանր՝ դանակից արագ իջնող խավարը,
որ հատում-անցնում է երակի միջով,
ու քո բաց վերքից
շնչահեղձ ձկներ են թափվում
ես սիրում եմ կնոջդ աչքերը,
որ նավաբեկության թույլ աղմուկներով են լցված,
ներբանների ու ծնկների ու ձեռքերի թռիչքը անքնության միջով,
պապ, պապ, ոսկորներս թողնում եմ խցիդ կախիչից կախ,
երջանիկ վերջաբանում մենք երբեք չենք հանդիպի,
դու ինձ լավ գիտես,
միշտ ես իմացել
ձիարշավ
ես քեզ հաղթեցի, պապ, ոնց որ բոլոր տղերքն են մի օր անում,
հոգնությամբ լի, ամբողջը սև, իմ աչքերը քոնի պես չեն, չունեն հոգի,
ծովի պես չեն, չեն կարող իրենց կապույտ հանդարտությամբ ոսկոր խժռել
իմ սիրած լուսանկարում մոլախոտի տերևներով կինը փաթաթվել է քո աջ ծնկին,
նման ծառի՝ քո ձեռքերը գրկում են հուլիսյան ստերիլ առավոտը, հետո նրան,
ծանր ու անշարժ, ասես պատրաստ եք մի ամբողջ կյանք այդպես մնալ
հղի կինը մեքենայի հետնամասում ծխախոտ է վառում, պատմում է,
թե որքան մեռելային տեսք ունեին նորածինները ակվարիումներում՝
անհաղորդ ու կատարյալ, իսկը անկենդան մարմարե հրեշտակներ
հետո բժիշկը, որի մի ոտքը թռչող հոլանդացու պես ծովն է կերել,
ասում է՝ պատյաններ ենք երկու մոլեկուլների համար,
որոնք ուզում են անվերջ բազմանալ,
և որ բոլոր հարբեցողները, ինքնասպանները, մոլագարները ավելի լավն են, քան մենք
հա՛, ես քո վատագույն ստիխն եմ, բույսերի հիվանդությունն ու դառը ժանգը,
որին քսան քանի տարի պահել ես քո հսկա երակներում, թույլ տվել, որ գործեմ՝
ավիրելով, ավիրելով քո ստորին կոպի ամպոտ գիծը, հետո ամբողջ դեմքդ, հետո՝ ինձ
բայց ես սիրում եմ մատներդ հատող լույսի ցուրտ շերտերը, ու քեզ՝ փշատերևիդ,
իմ լավագույն հիշողություններում մենք միասին ենք, կինդ ժպտում է,
մի տուն, որի անհոգ պատուհանները բարձրացնում են իրենց կոպերը
դեպի ամառային աստղազարդ երկինքը,
փակ, փակ, փակ, դու տարուբերվում էիր կոկոնի պես,
ձեռքերս քեզ դեռ չէին գտել
շարժիր աչքդ ու քարերին քսիր խամրած կանաչը,
դու հողն ես, որն անվերջ ծաղկումների ու հրդեհների միջից գալիս է,
որ տարածվի ներբաններիս տակ
ես՝ հարբած ծառ, որն իր սուր արմատներով հոշոտում է քո ամեն բառի քնքշանքը,
ես՝ դեպի մահը ձգված նետ, կարող եմ անընդհատ պարպվել ու վրիպել,
ու այս է իմ ողջ էությունը
ես նա եմ, ով ցած է նետվում, որ իր մարմնով կերակրի մսակեր ձկներին՝
տալով իր ողջ հայրական սերը ձևերի կոպտությանը, կածանումի թույլ աղմուկներին,
և խավարին, խավարին, ու սա է իմ ողջ էությունը
հիշում եմ ձեռքերիդ պառկած հիվանդ լույսը, թռչնին, որ ճեղքեց կապույտն ու անհետացավ,
հետո ալիքներն իրենց անվերջ մոխրագույնով բացում ու փակում էին քեզ ոստրեի պես,
ու գուցե մահը մի գետ էր, որ վազում էր քո երկու աչքերի մեջտեղով
գուցե մահը քո անձրևոտ բառերից բողբոջած մատներս էին,
դժոխային երախդ փակվում է, ապա բացվում, և հրաժեշտն, ինչպես հրկիզվող ձի,
ցատկում է դեպի անդունը՝ դեպի մահացու խառնարանը մեր դիմագծերի