1 օրում աշխարհի շուրջը. Արտավանում կայացավ էկոտուրիզմի երկրորդ փառատոնը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

1 օրում աշխարհի շուրջը. Արտավանում կայացավ էկոտուրիզմի երկրորդ փառատոնը

Երևան-Գորիս ճանապարհի Ջերմուկի խաչմերուկից 100 մետր անց դեպի աջ բարձրացող ոլորապտույտ ճանապարհը տանում է դեպի Վայոց Ձորի Զառիթափ համայնքի Արտավան գյուղ:

Այսօր Արտավանում գործող միակ B&B (Բեդ ընդ բրեքֆըսթ, թարգմանաբար՝ անկողին և նախաճաշ) հյուրատունը՝  տիկին Դուստրիկինն է: Այն  կարող է միաժամանակ 8 մարդ ընդունել:

Լավաշ, պանիր, լոբով ու ոսպով աղցաններ, տապակած դդմիկ, քամած մածուն, ավելուկ, թան: Տիկին Դուստրիկը ճաշի ժամին մեզ հյուրասիրեց այն ուտեստներով, որոնք նախատեսված են Արտավանի միակ  B&B-ի կենվորների համար:

Հարցնում եմ՝ Լավաշը դո՞ւք եք թխել:

«Լավաշն էլ է իմը, մածունն էլ, պանիրն էլ. ամեն ինչ տնական է»,- հպարտությամբ նշում է գործունյա տիկինը՝ արագ-արագ սեղանին շարելով ուտեստներով լի ափսեները: «Չասեցիք՝ ծիրանի տնական օղի կբերեմ, թե մեր «քաշած» գինին»,-  հարցնում է նա՝  չմոռանալով խոսքի մեջ ընդգծել, որ արդեն 3 թոռնիկ ունի, անգլերեն չգիտի, բայց օտարազգի հյուրերի հետ լեզու գտնում է:

«Վազգեն ջան, քեզանից որ մի տասը հատ լիներ, գյուղի վիճակը շատ լավ կլիներ»,-ասում է նա՝  դառնալով «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ  Վազգեն Գալստյանին, ով եկել էր մեզ՝  նստակյաց  լրագրողներիս բնաճանաչողական քայլարշավով դեպի Արտավանի Ալ լիճ կամ ինչպես տեղացիներն են ասում՝ Հայելի գյոլ  տանելու:

Արշավը  հուլիսի 8-9-ը Արտավանում անցկացվող  Էկոտուրիզմի  փառատոնի ծրագրի մի մասն էր կազմում:

«Արտավանի հիմնական գրավչությունն այս լիճն է , որ այնտեղ աճած բուսականությունը ձևաւորել է որոշակի կղզիների համակարգ, որոնք մի կետից նայելիս կարծես աշխարհի քարտեզը ձևավորած լինեն: Սա բնության հրաշք է, որը կարող ենք օգտագործել տուրիստական հոսքեր ապահովելու համար»,-մեզ հետ զրույցում ասաց Վազգեն Գալստյանը: Փառատոնը երկրորդ անգամ է անցկացվում: Առաջին անգամ այն կազմակերպվել է Արտավանի հարևան Գոմք գյուղում:

Փառատոնի կազմակերպչական խումբը: Լուսանկարը՝ Վազգեն Գալստյանի ֆեյսբուքյան էջից:

«Գոմք,  Արտավան և Մարտիրոս գյուղերի տարածքներում  նպատակ ունենք կազմակերպել էկոտուրիստական պոտենցիալ ունեցող հատվածների ճանաչելիության բարձրացում: Առաջին քայլը փառատոնն է: Հիմնական նպատակը տեղացիների հուշելն է որ շրջակա միջավայրի պահպանությամբ իրենք կարող են ավելի շատ եկամուտ ունենալ , քան այն սպառելով»,-ընդգծում է  Վազգենը հավելելով, որ փառատոնը  յուրօրինակ  քննություն էր գյուղացիների և այցելուների համար, որպեսզի գնահատեն նրանց կարողությունները և կարիքները:

«Արտավանի կենսաբազմազանությունը շատ մեծ է, այնինչ գյուղացիները փառատոնի ժամանակ  ներկայացրել էին մի քանի բուսատեսակ»,-նկատում է մի պահ արշավը մեզ հետ զրուցելու համար դադարեցրած Վազգենը և խոստանում, որ գյուղացիների իրազեկվածության բարձրացման և կարողությունների զարգացման նպատակով  հուլիսի վերջին  մասնագետ կհրավիրեն՝ գյուղացիներին տեղի բուսատեսակներին և դրանց օգտակար հատկություններին ծանոթացնելու նպատակով, որպեսզի հետագայում կարողանան հավաքել և շահույթ ստանալ:

«Գյուղացիների ունեցած հնարավորությունները թույլ են տալիս զբոսաշրջիկներին ընդունել և ճանապարհել, մեզ մնում է աջակցել և օգնել գյուղացուն, որպեսզի իր բիզնեսը կատարելագործի և հարմարեցնի տուրիստի պահանջին»:

«Մինչ օրս Արտավանում մեր աջակցությամբ գործում էր  1 B&B հյուրատուն, բայց հիմա  7-8 տնտեսություն արդեն ցանկություն են հայտնել իրենց տունը հյուրատան վերածելու:  ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից  դրամաշնորհի ենք ստացել, որով  զարգացնելու ենք  Արտավանի  B&B  ցանցը և  կօգնենք, որ գյուղացիներն  ավելի գրագետ կազմակերպեն իրենց բիզնեսը»,-ընդգծեց Վազգենը՝ ավելացնելով, որ Արտավանի հողը բերրի է, այստեղ աճում է թութ, ծիրան, ընկույզ, գյուղացիները նաև ձկնորսությմաբ են զբաղվում. 7-ից ավել լճակներ կան, որտեղ գյուղացիները ձկներ են աճեցնում, այնուհետ որսում և ճաշակում:

«Իրականում այս լճակները էկոտուրիստական ծառայությունների մատուցման տեսանկյունից ավելի եկամտաբեր կարող են լինել, քան ձկնորսության»,-ասում է փառատոնի կազմակերպիչը և ընդգծում, որ իրականում իրենց պլանները բավականին մեծ են. «Սա փոքրիկ միջոցառումային ծրագիր է: Մենք Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի և ՄԱԿ-ի փոքր դրամաշնորհների ծրագրերի աջակցությամբ 4000 հեկտար տարածքի վրա իրականացնելու ենք էկոտուրիզմի զարգացման, տարածքի բնության պահպանման, տարածքի կառավարման որակի բարելավման ծրագիր, որը ընդգրկելու է Արտավան, Գոմք միջանցքը:

Խոսրովից մինչև Շիկահող գնացող ամբողջ հատվածը էկոմիջանցք է որոնք ապահովում են կենդանիների անվտանգ միգրացիոն հոսքերը և որտեղ էնդեմիկ բուսատեսակների, այդ թվում՝ կարմիր գրքային,  մեծ քանակություն կա: Մենք Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի, Բնապահպանության նախարարության  և Արտավանի գյուղապետի աջակցությամբ փորձում ենք իրականացնել էկոմիջանցների  ծրագիրը»,-եզրափակեց երիտասարդ կազմակերպիչն ու հագնելով կոշիկները՝ շտապեց հասնել արշավական ընկերներին:

Օրվա ավարտին շարժվեցինք Երևան՝ բարի նախանձով հրաժեշտ տալով Արտավանում վրանային ճամբար խփած շուրջ 50 արկածախնդիր էկոզբոսաշրջիկներին, ովքեր առավոտյան պատրաստվում էին մասնակցել փառատոնի շրջանակներում կազմակերպված  «Գանձերի որոնում» էկո քուեսթին:

radioazalia.microwav.fm