«Ինքը երկնքի՛ աստղ է: Ինքը երկնային արքայությունում է, իհարկե…»:
Նա ասաց այս խոսքերն ու մի որոշ ժամանակ լռեց: Իր խոշոր, սև աչքերով նա լուռ նայում էր հեռուներին: Նրա աչքերը կարծես մի քիչ թաց էին ու նրա դեմքին շա՜տ, շա՜տ բարի ժպիտ կար: Անսահման բարի ժպիտ:
Ճիշտ այն պահին, երբ Երևանի կենտրոնում՝ «Ոսկե Ծիրան»-ային ծնունդ աստղային պուրակում, բացվում էր Վարպետի՝ Ֆրունզե Դովլաթյանի աստղը, Երևանի արվարձաններից մեկում մենք սպասում էինք «Դովլաթյանի» Սոնային: Ինչո՞ւ հենց «Դովլաթյանի» Սոնայի հետ որոշեցինք հանդիպել այդ խորհրդավոր օրը, դժվար է ասել: Գուցե այն պատճառով, որ մենք նրան որոնել էինք շա՜տ երկար:
Երեսունմեկ տարի առաջ, երբ նա ընդամենը քսաներկու տարեկան էր, վառ անհատի իր գույներով հայտնվեց Դովլաթյանի «Մենավոր ընկուզենին» շա՜տ հայի ֆիլմում: Հայտնվեց ու մեծ կրքով, հախուռն, մինչև վերջին նյարդի բաց նվիրումով մարմնավորեց իր հողի մենավոր ընկուզենու խորհուրդը կրող Դովլաթյան-Սահակ Կամսարյանի աղջկա՝ Սոնայի դերը:
Ճակատագրական այդ նվիրումը նրան դուրս բերեց «բաց ծով», նա երևաց հսկայական մի երկրի էկրաններին, դարձավ միլիոնավորների սիրելին, երևաց այդ երկրի սահմաններից դուրս, մեկ գիշերում դասվեց հայտնիների շարքին ու… ըստ էության՝ անհետացավ:
Նրա մասին գուցե գիտեին ընկերները, խաղընկերները, մտերիմները, բայց նա այլևս չկար նկարահանումների հրապարակներում, չկար էկրաններին, կուլիսներում, չկար բոհեմական հավաքներում: Բայց նա սիրելի էր հատկապես դովլաթյանական կինոյի սիրահարներին ու սիրելի էր հավանաբար ճիշտ այնքան, որքան դովլաթյանական մյուս բացահայտումները՝ անկրկնելի Գալյա Նովենցը, սքանչելի Մարգարիտա Տերեխովան, անզուգական Նատալյա Ֆատեևան և այլոք:
Եվ ահա երևանյան արվարձաններից մեկում մենք սպասում ենք «Դովլաթյանի» Սոնային՝ կինոյի ու թատրոնի դերասանուհի Անետ Հարությունյանին:
Փորձում ենք հեռվից որսալ նրա հայացքը: Նա գրեթե նույնն է՝ նույն խոշոր, սև աչքերով՝ հայի աչքերով, նույն դիմագծերով, նույն հայացքով, նույն՝ սև, հաստ ունքերով: Անգամ ձայնի երանգներն են նույնը: Սոնայի ու Անետի միջև միայն տարիներն են՝ ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր մարդու կյանքում:
Անետը նույնքան անմիջական է, որքան՝ Սոնան, նույնքան՝ անկեղծ: Դովլաթյան ռեժիսորի մեծությունն աննմիջապես հառնում է աչքիդ առաջ. որքա՜ն ճշգրիտ է ընտրել դերասանուհուն կերպարի համար Վարպետը, որքա՜ն խորն է կարողացել տեսնել մարդուն նույնիսկ այն ժամանակ, երբ այդ մարդն ընդամենը քսաներկու տարեկան է:
«Ես Դովլաթյանին հիշում եմ շա՜տ, շա՜տ, շա՜տ, շա՜տ լավ: Ինքը շա՜տ քաղցր մարդ էր: Շա՜տ, շա՜տ, շա՜տ: Անմիջական էր շա՜տ, շա՜տ անկեղծ էր՝ իր ֆիլմերի նման»,- մեծ սիրով ասում է Անետ Հարությունյանը:
Մենք ուզում ենք խոսել թե Դովլաթյան մարդու, թե դերասանի, թե ռեժիսորի, թե «Մենավոր ընկուզենու» մասին, բայց ուզում ենք նաև «բացահայտել» Անետ Հարությունյանին, հասկանալ նրան, նրա անհետանալու գաղտնիքները, առեղծվածները: Զրույցը շատ հեշտ է ստացվում, որովհետև Անետը շատ անկեղծ է, անմիջական, պարզ: Բայց նաև դժվար է զրույցը, որովհետև մարդը, տարիները, ճանապարհն ու ճակատագիրն իրենցն ունեն: Դժվար է նաև, որովհետև Անետն ու Սոնան մեզ համար այդ պահին շատ են շաղկապված: Նրանք շատ են լրացնում միմյանց:
Եվ այնուհանդերձ ուզում ենք «գալ» Անետ Հարությունյանից ու հարցնում ենք.
-Ով է՞ Անետ Հարությունյանն ի վերջո:
-Օ՜, ի՜նչ դժվար բան եք հարցնում: Ես ծնվել ու մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ բոլորն աշխատում էին ու շա՜տ քիչ ուշադրություն էին դարձնում ինձ: Հայրս ռուսաստաններում էր աշխատում, «խոպանչի» էր: Նրան համարյա չէինք տեսնում: Նոր տարուց նոր տարի էր գալիս: Մայրս էլ խանութում էր աշխատում, ամբողջ օրն աշխատում էր, առավոտից իրիկուն աշխատում էր: Երբ տանն էր լինում, հասցնում էր մեզ ուղղակի «դասավորել»: Մենք երկու երեխա էինք՝ ես և եղբայրս: Երկուսս էլ շատ տարբեր էինք:
Ու այդպես ես մեծացա, մեծացա, ավարտեցի դպրոցը, ընդունվեցի կոնսերվատորիա, հետո կոնսերվատորիան թողեցի, ընդունվեցի դերասանի թատրոն-ստուդիա՝ Դմիտրի Կեսայանցի կուրսը, ավարտեցի ու գնացի Մոսկվա՝ սովորելու ՎԳԻԿ-ում, սովորեցի, ավարտեցի, հետո վերադարձա, կրկին ընդունվեցի կոնսերվատորիա, չավարտեցի…: Մի խոսքով: Ես շատ խառն էի այդ տարիներին, շատ խառը:
Հինգերորդ դասարանում մի աղջիկ կար մեր դասարանից, որը եկավ ու ասաց, որ ինքն ընդունվել է պիոներ պալատի թատերական խումբ: Ես էլ մտածեցի, որ ես էլ եմ ուզում ընդունվել ու գնացի գործերս հանձնելու: Մի մեծ լուսանկար էի վերցրել: Ընդունողն ասաց. «էսպիսի մեծ նկար ես բերել, որ քեզ լավ ճանաչե՞նք»: Ես արտասանում էի «ես ջուր եմ խմել ամեն աղբյուրից», հետո նույնը սկսեցի երգել, էտյուդ արեցի և այլն: Չգիտեի էլ կարգին, թե ինչ պետք է անեմ, ինչ՝ չէ: Շիրինյան Ռոբերտն էր ընդունողը, գուցե ճանաչեք, ռեժիսոր Արա Շիրինյանի հայրը ու ինքն ինձ ընդունեց միանգամից մեծերի խումբ: Երևի մարգարեական էր:
Ես հաստատ որոշել էի, որ դերասանուհի եմ դառնալու ու դրա համար հետո գնացի ու ընդունվեցի ՎԳԻԿ: Այդ ժամանակ մի ընկեր ունեի: Ասաց, որ ինքը գնալու է ՎԳԻԿ ու ասաց. «դու էլ ընդունվի»: Ու ես գործերս տվեցի ՎԳԻԿ ու միանգամից ընդունվեցի: Այդ տարի Հայաստանից էին «հավաքելու» դերասանական կուրս: Իսկ քննություններից մեկի ժամանակ քննողների մեջ էր նաև Դովլաթյանը: Ինքն ինձ միանգամից տեսավ: Ես իրեն միանգամից դուր եկա ու նա ասաց, թե ինչի՞ ես ընդունվում, գնալու ես չորս տարի իզուր անցկացնես: Ու ինձ թվում է ճիշտ էր: Մարգարեական էր:
Ընդունվեցի, սովորեցի, իհարկե… ու դրանից ոչ մի բան չստացվեց, բացի այն…ինչ-որ ստացվեց…:
-Բայց Անետ Հարությունյանը քսաներկու տարեկանում խաղաց ռեժիսոր Դովլաթյանի ֆիլմում, խաղաց դերասան Դովլաթյանի հետ, մի գիշերում դարձավ մի հսկա երկրում հայտնի դերասանուհի և այդպես շարունակ:
–Չգիտեմ, հայտնի դարձա՞, թե՝ ոչ: Ֆիլմում նկարահանվեցի, որքան հիշում եմ, առաջին կուրսի վերջում: Դովլաթյանը հրավիրեց, ես համաձայնվեցի ու սկսեցինք աշխատել: Շա՜տ բարի մթնոլորտ էր հրապարակում: Դովլաթյանը բազմապրոֆիլ դերասան էր: Որպես խաղընկեր՝ նա հրաշալի էր, իհարկե:
Որպես ռեժիսոր՝ նույնպես: Նա ինձ խնդիրներ էր տալիս, որ շատ հեշտությամբ անում էի: Միշտ հասկանալի խնդիրներ էր տալիս: Դովլաթյանը հիանալի ռեժիսոր էր: Ամենադժվարն այդ ֆիլմում ինձ համար եղել են Վլադիմիր Քոչարյանի հետ տեսարանները: Մնացած բոլոր տեսարաններում շատ հեշտ է եղել:
Այդ ժամանակ իմ ընկերը Վովայի մոտ ընկերներից էր, իսկ Վովայի հետ մենք պետք է խաղայինք սիրային տեսարաններ: Վովան մի օր եկավ ու ասաց. «Անետ, Դովլաթյանն ինձ ասել է, որ պետք է քաշեմ, արձակեմ քո զգեստի կոճակները»: Նեղվեցի, իհարկե և ասացի, որ չեմ թողնի: Վովան ասաց. «դե մի բան արա, ուրեմն»: Ես էլ «բուլավկաներով» կպցրեցի ու միայն վերևի մասը թողեցի: Հետո Դովլաթյանն իմացավ, ասաց. «աշխարհի ամենասիրուն դերասաններից մեկին եմ քեզ տվել, իսկ դու ձևեր ես թափում»: Ես նորից նեղվեցի, իհարկե, սկսեցի նեղված, վիրավորված լացել, ձեռքերս քոր էին գալիս նյարդերիցս, բայց, բնականաբար, հետո անցավ, գնաց:
Նկարահանումների ժամանակ մայրս մահացավ: Դովլաթյանն եկավ մեր տուն: Այդ ժամանակ ես շա՜տ ցաք ու ցրիվ էի: Ահավոր: Շա՜տ խառը վիճակ էր ինձ մոտ այդ ժամանակ: Մայրիկիս յոթնօրեքից հետո մեր խմբի հետ ես գնացի ռեստորան ու…ես պարեցի: Չգիտեմ՝ ինչու, չգիտեմ՝ ինչպես: Խառն եմ եղել, որ այդպիսի բան եմ արել: Հետո, իհարկե, շատ զղջացի այդ բաների համար:
Դովլաթյանն այնքան ազատ էր ու այնքան անկաշկանդ: Իր մոտ, հետո իմացա, որ այդ ժամանակ շատ դժվար շրջան էր: Սիրտն էր ցավում և այլն, բայց մենք դրա մասին չգիտեինք: Նա Դովլաթյանն էր: Ես հիշում եմ, որ Ալբերտ Յավուրյանի հետ եկել էին Մոսկվա: Ինձ գտան ու մենք միասին գնացինք «Կոսմոս» հյուրանոցի ռեստորան, ուր Դովլաթյանն ինձ հետ ռոքն- ռոլլ էր պարում: Շատ հետաքրքիր մարդ էր: Շատ լավ բան է մնացել իմ մեջ այդ նկարահանումներից: Շատ տաք հիշողություններ են իմ մեջ:
Ասեմ նաև, որ տատիկս էր եկել ֆիլմի պրեմիերային: Եկել էր եղբորս ու նրա տիկնոջ հետ: Մայրս արդեն մահացել էր: Նստեց նայելու, և հենց եկան այդ սիրային տեսարանների մասերը, տատիկս գլխաշորը քաշեց գլխին ու ասաց. «Անետ, թաղեմ քեզ»: Եղբայրս ասել էր. «տատիկ սուս արա, մի խայտառակի մեզ»: Ընկերս էլ էր եկել:
-Բայց այդքանից հետո թողեցիք կինոն ու անհետացաք: Ինչո՞ւ:
-Այդպես ստացվեց: Կյանքն այդպես դասավորեց, փառք Աստծո:
– Փառք Աստծո՞:
-Իհարկե, իհարկե փառք Աստծո, որովհետև ինձ համար թատրոնն այնքա՜ն կարևոր էր, որ դարձել էր կյանքի իմաստ: Բայց հետո, ես դուրս եկա թատրոնից ու երկա՜ր տարիներ այլևս թատրոն չգնացի: Միայն ասմունքում էի: Ինձ համար թատրոնը մեռավ, կարծես թե: Կամ՝ ավելի շուտ, ես մեռա թատրոնի համար: Ես թատրոնի համար, իրոք, մեռա: Հետո հետ եկա, իհարկե, բայց արդեն լրիվ նոր վիճակով եկա: Թատրոնն իր տեղում էր, իհարկե: Աստծո նման էր թատրոնն ինձ համար: Ես թատրոնում ամեն բան կանեի: Ամեն բան: Ամեն բան: Կինոն էլ գրավեց ինձ, անշուշտ, բայց կինոն ինձ համար ավելի դժվար էր, քան՝ թատրոնը, որովհետև թատրոնում մի բանը սկսվում է, գնում է ու վերջանում է: Իսկ կինոն՝ ամեն անգամ նոր, նոր, նոր, ու ամեն անգամ պետք է լինես մեջը, որն ինձ համար շատ դժվար էր:
-Գուցե կինոյից հրավերներ չեղա՞ն:
-Հրավերներ եղան, իհարկե, բայց չստացվեց: Չգիտեմ, թե ինչը չստացվեց, բայց չստացվեց մի տեսակ: Բայց ասում եմ փառք Տիրոջը, որովհետև ես Աստծուն գտա: Ես գտա իսկական Տիրոջը, ոչ թե կուռք, որ թատրոնն էր և դրա համար հազար փառք:
Բայց այդ ամեն ինչն արդեն անցյալ է: Իհարկե, դա մի ժամանակ էր, որն անհրաժեշտ էր ինձ՝ որպես մարդու, որ ես կայանամ: Ես ուրախ եմ, որ հանդիպեցի Յավուրյանին, Ջիգարխանյանին, որը հետո ՎԳԻԿ-ում եղավ իմ դասախոսը, իմ կուրսի ղեկավարը: Ուրախ եմ, որ հանդիպեցի Դովլաթյանին: Ուրախ եմ, որ նրանք եղան իմ կյանքում, որովհետև ես նրանցով անցա ճանապարհ:
Երբ հեռավոր 1927-ին, Քյավառում, Վաղինակ և Մարգարիտ Դովլաթյանների ընտանիքում ծնվեց Ֆրունզը, փայլեց հայ ժողովրդի աստղը: Երբ 1965-ին Դովլաթյանն ասաց «Բարև, ես եմ», փայլեց հայկական կինոյի աստղը, և աստղային այդ լույսի փայլը անշփոթ կինոլեզվով երևակեց հայ ժողովրդի անցյալն ու ներկան, երազանքներն ու կորուստները, պատրանքներն ու իրականությունը:
Սևաչ, հմայիչ, ձգողականության աներևույթ թելերով խարսխող Մարդը, որն «ինչըղ Հիսուս Քրիստոսն եղնի», թողեց մի կինոպատմություն, որը մի ողջ սերնդի էպոխալ պատմություն է: Թողեց հարաբերությունների մի ողջ պատմություն, որը բարության, մարդկայնության, ընկերասիրության պատմություն է:
Եվ այսօր, երբ նրա աստղն է արդեն փայլում նրա երկրի սրտում, նրա երկրում ավելանում է լույսի չափաբաժինը, թեպետ, դեռ անպատասխան է նրա հարցը. «Տղե՜րք, էդ ի՜նչ եք անում, էդ ինչո՜վ եք զբաղվա՜ծ…»:
Իսկ երկնքից նրա աստղը փայլում էր վաղուց, որովհետև, ինչպես «նրա» Սոնան ասաց. «Ինքը երկնքի՛ աստղ է…»: