Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) չի կարելի հոգեկան հիվանդություն համարել, պնդում են Սան Դիեգոյի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները: Նրանք պարզել են, որ ՀՏՍԽ-ն փոխում է ուղեղի ձևը, հետևաբար՝ ֆիզիոլոգիական վիճակ է:
Հետազոտության ընթացքում գիտնականները հետևել են ուղեղի տրավմատիկ վնասվածք ունեցող կամ ՀՏՍԽ-ով տառապող ներկա կամ նախկին 89 զինծառայողի: 29-ի մոտ զգալի ՀՏՍԽ են ախտորոշել, իսկ մյուսները նման խանգարում չեն ունեցել, իսկ ուղեղի վնասվածքը չափավոր է եղել:
Սքանավորելով վետերանների գլուխները՝ գիտնականներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ նրանց ուղեղի կառուցվածքը տարբերվում է մյուս նախկին զինծառայողների ուղեղի կառուցվածքից, որոնք ՀՏՍԽ-ի միջով չեն անցել: ՀՏՍԽ-ով տառապողների մոտ ուղեղի՝ սթրեսի և էմոցիաների համար պատասխանատու գոտին՝ նշաձև մարմինն ավելի խոշոր է եղել:
Ուղեղը երկու նշաձև մարմին ունի, յուրաքանչյուր կիսագնդում՝ մեկական: Դրանք միասին առանցքային դեր են խաղում էմոցիաների ձևավորման, ինչպես նաև հիշողությունների ու վարքագծի վերահսկողության գործում: Հետազոտողները ենթադրում են, որ աջ նշաձև մարմինը նաև վերահսկում է վախն ու տհաճ խթաններին արձագանքը:
Պարզվում է, որ ՀՏՍԽ-ի զոհերի ուղեղում նշաձև մարմինների ծավալը 6%-ով ավելին է, հատկապես՝ աջ կիսագնդում:
Հետազոտության արդյունքները նոր հնարավորություններ են բացում ՀՏՍԽ-ի բուժման մեթոդներ որոնելու հարցում, որը մինչև հիմա հոգեկան խանգարում էին համարում: