Թեխասի համալսարանի Առողջության գիտական կենտրոնից (UT Health San Antonio) բժիշկ Ռոն Լին իր գործընկերների հետ 15 տարի հետազոտել է BRCA1 գենի, այսպես կոչված՝ «Ջոլիի գենի» գործողության մեխանիզմը: Հայտնի է, որ BRCA1-ի արատավոր պատճենը ժառանգած կանայք 70 տարեկանում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման 65 տոկոսի հավանականություն ունեն, և ձվարանների քաղցկեղի առաջացման մինչև 39 տոկոս:
«Պարզվել է, որ BRCA1-ը շատ կարևոր դեր ունի հետազոտման համար ձեր ընտրած գործնականում ցանկացած տիպի բջիջների ԴՆԹ-ի վերականգնման մեջ»,- ասել է բժիշկ Լին:
Բժիշկ Լին և նրա թիմը հետազոտել են BRCA1 արատավոր գեն կրող և այն չկրող կանանց կրծքագեղձի հյուսվածքների մի քանի նմուշներ: Պարզվել է, որ այս հյուսվածքների միջև զգալի տարբերություն կա:
- Գենի էքսպրեսիայի հետ կապված անոմալ բջջային կառույցների աճի ուժգնացումը բարձր է միայն BRCA1 մուտանտ գենը կրող կանանց կրծքագեղձի հյուսվածքներում;
- Այս աճը ավելի ակտիվ է միայն լյումինալ էպթելային բջիջներում, որտեղ առաջանում են կրծքի BRCA1 ուռուցքները;
- Լյումինալ էպիթելային բջիջների տարբեր տեսակների շարքում անոմալ բջջային կառույցների աճն ավելի մեծ է այն հյուսվածքներում, որոնք էստրոգենի նկատմամբ զգայուն են:
BRCA1 գենի գործողության մեխանիզմի համաձայն՝ այն ծածկագրում է ԴՆԹ-ի վնասվածքների վերականգնումը և բջիջների բաժանումը կարգավորող սպիտակուցը: Այսպիսով՝ գենն օրգանիզմը պաշտպանում է ուռուցքների առաջացումից: BRCA1-ը նաև ազդում է էստրոգենի ռեցեպտորների վրա՝ արգելափակելով կրծքագեղձի և մյուս օրգանների բջիջների չափից ավելի բազմացումը, որոնք կախված են այս հորմոնից: Եթե գենում վնասվածք (մուտացիա) կա, գենոմի բազմացման և ամբողջականության վերահսկողությունը թուլանում է, ի հայտ է գալիս ԴՆԹ-ի անկայունություն և կարող է զարգանալ կրծքագեղձի բջիջների չարորակ փոխակերպում: Այսինքն՝ քաղցկեղ է առաջանում:
Ներկայումս հայտնի է BRCA1-ի ավելի քան 1000 մուտացիա: Պոպուլյացիայում մուտացիաներ հանդիպելու հաճախականությունը 1 տոկոս է: Այսինքն՝ 100-ից 1 կնոջ մոտ հայտնաբերվել է BRCA1 գենի վնասվածք:
Եթե կնոջ մոտ առկա է այս մուտացիաներից մեկը, կծքագեղձի քաղցկեղի հավանականությունը զգալիորեն մեծանում է՝ կազմելով 50-80 տոկոս: Մեծանում է նաև օնկոլոգիական այլ խնդիրների առաջացման հավանականությունը, մասնավորապես՝ ձվարանների, շագանակագեղձի, աղիների, էնդոմետրիայի, կոկորդի և մաշկի չարորակ հիվանդությունները:
Ընտանեկան հիվանդության զարգացման վատթար պատմության դեպքում հավանականությունը մեծանում է՝ BRCA1 գենի մուտացիաները կրողների դեպքում մինչև 65 տոկոս կրծքագեղձի քաղցկեղի և մինչև 39 տոկոս ձվարանների քաղցկեղի համար:
«Կուրծքը և ձվարանները 2 հիմնական օրգաններն են, որոնք կնոջ օրգանիզմում էստրոգենի նկատմամբ զգայուն են, և հենց սրանք են թիրախ հանդիսանում BRCA1 գենի վնասման դեպքում անոմալ հյուսվածքային կառույցների աճի համար»,- ասել է բժիշկ Լին: «Մեզ արդեն հաջողվել է հայտնաբերել BRCA1-ի դիսֆունկցիայի և կրծքագեղձի ու ձվարանների քաղցկեղի հակվածության միջև կապերի մեխանիզմը: Սա հետագա թեստավորման համար շատ գրավիչ մոդել է, որի շնորհիվ կարող է փոխվել կրծքագեղձի քաղցկեղի դեմ դեղերի զարգացման ուղղությունը»,- ասել է նա:
Nature Communications-ում հրապարակված հետազոտությունն առայժմ վերաբերում է միայն կրծքագեղձի հյուսվածքներին: Շուտով հետազոտողների խումբը կանցկացնի ձվարանների հյուսվածքների համանման հետազոտություններ:
Հիշեցնենք, որ BRCA1 գենը «Ջոլիի գեն» են անվանել այն բանից հետո, երբ հայտնի դարձել, որ հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին պրևենտիվ մաստէկտոմիա է կատարել սեքվենիրացման ժամանակ BRCA1 և BRCA2 մուտանտ գեների հայտնաբերումից հետո, որը նրան ժառանգաբար է փոխանցվել: