Իվ Մոնտան և Սիմոնա Սինյորե. սիրո փորձություն. kinoversus.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իվ Մոնտան և Սիմոնա Սինյորե. սիրո փորձություն. kinoversus.com

«Սերը կույր է, բայց ամուսնությունը հանճարեղ ակնաբույժ է»։ Սիմոնա Սինյորե

Իվ Մոնտանը Սիմոնա Սինյորեին հանդիպել է 1949թ-ին, և այդ ճակատագրական հանդիպումից անմիջապես ծնունդ է առել նրանց փոխադարձ սերը։ Սինյորեն այդ ժամանակ ամուսնացած էր ֆրանսիացի ճանաչված ռեժիսոր Իվ Ալեգրեի հետ և ուներ մանկահասակ դուստր։ Մոնտանին հանդիպելուց հետո նա հեռացավ ամուսնուց և 1951թ-ին ամուսնացավ երկրորդ անգամ։ Այդ ժամանակ երկու աստղերն էլ երեսուն տարեկան էին։ Նրանց միավորում էր ոչ միայն սերը, այլև համատեղ աշխատանքը նկարահանման հրապարակում։ Մոնտան-Սինյորե զույգը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում էր, իսկ նրանց լուսանկարները անընդհատ զարդարում էին ամսագրերի շապիկները։

Նրանց առաջին հանդիպումից չորս օր անց երկուսն էլ պատրաստ էին կայծակնահար արագությամբ փոխել իրենց կյանքը։ Այս ամուսնությունը տևեց ավելի քան երեք տասնամյակ՝ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ։ «Իմ սիրտը կտոր-կտոր էր լինում, բայց ես անկարող էի դիմադրել այդ զգացմունքին։

Որքա՜ն ուժգին պիտի սիրես՝ այսպիսի զարմանալի արկածի հորձանուտը նետվելու համար»,- հետագայում ասել է Սինյորեն։ Ինչևէ, ծանոթությունից կարճ ժամանակ անց Սիմոնան հավաքեց իրերը և մանկահասակ դստեր հետ տեղափոխվեց Մոնտանի տուն։ «Այլապես այս ամենն իմաստ չունի, եթե չի շարունակվելու»,- նրան ասել էր Մոնտանը։

Սիմոնան վառ անհատականություն էր՝ նույնքան վառ դերասանական տաղանդով օժտված։ «Երբ ես համաձայնում եմ խաղալ այս կամ այն դերը, այդ նույն պահին իմ ներսում տեղի է ունենում մի տարօրինակ քիմիական ռեակցիա։ Աստիճանաբար ծնունդ է առնում կերպարը, սկսում է ապրել իմ մեջ, իսկ ես չեմ միջամտում։ Որքան ավելի եմ մեծանում, որքան ավելի շատ եմ երջանկություն ու ցավ տեսնում, այնքան ավելի հեշտ եմ յուրացնում իմ դերերը»,- ասում էր Սիմոնան։

Նրա խաղացանկը ներառում է կերպարների մի ողջ պատկերասրահ, կերպարներ, որոնք այնքան տարբեր են միմյանցից․ աշխույժ ու գռեհիկ Մարին՝ «Ոսկե սաղավարտը» ֆիլմից, ինքնամփոփ ու մռայլ Թերեզ Ռաքենը, ով Լորանի հետ հանդիպումից հետո սկսում է այրվել սիրուց ու վախից, հույսից ու հուսահատությունից, «Ճանապարհ դեպի բարձր հասարակություն» ֆիլմի հերոսուհի Էլիսը՝ նախապաշարմունքներից զուրկ, սիրառատ, ցանկասեր․․․

Այս վերջին դերը հատկապես թանկ էր Սիմոնայի համար։ Նույնիսկ  նկարահանումների ավարտից հետո նա դեռևս երկար ժամանակ շարունակում էր ապրել ու մտածել, հագնվել ու հարդարվել իր հերոսուհու պես։ Սիմոնա Սինյորեն մեկ անգամ չէ, որ Ֆրանսիայում ճանաչվել է տարվա լավագույն դերասանուհի։ Նա մրցանակներ էր ստանում ԱՄՆ-ում, Անգլիայում, Ճապոնիայում, Իտալիայում և այլուր, իսկ 1960թ-ին նրան շնորհվեց բաղձալի «Օսկարը», որին արժանացել էին փոքրաթիվ ֆրանսիացի դերասանուհիներ։

Չնայած իր շռնդալից հաջողություններին՝ Սիմոնան երբեք չէր կորցնում զգոնությունը և մտածում էր առաջին հերթին այն մասին, որ իր կարիերայի վերելքը չվիրավորի Մոնտանի ինքնասիրությունը։ Նա անկեղծորեն ուրախանում ու հպարտանում էր, երբ Մոնտանը նկարահանվում էր հերթական ֆիլմում կամ հանդես գալիս լեփլեցուն դահլիճներում։ ԱՄՆ-ում, օրինակ, Մոնտանի համերգի ժամանակ առաջին շարքում էին նստած Կլարկ Գեյբլը, Մառլեն Դիտրիխը, Ինգրիդ Բերգմանը, Ֆրենկ Սինատրան, և բոլորը հիանում էին նրա նրբագեղությամբ, ճկունությամբ, հմայքով։

Սիմոնան հավաքում էր Մոնտանի մասին բոլոր հիացական գրախոսականները և մեջբերում ամենակարևոր գնահատականը․

«Երբ Իվ Մոնտանը երգում է, զգում ես, թե ինչպես է բաբախում նրա սիրտը»։ Մոնտանի բեմական կերպարի ձևավորման գործում Սիմոնայի ազդեցությունը հսկայական էր։ Մոնտանն ինքն էլ խոստովանում էր․ «Ես հանդիպել եմ երկու հիասքանչ կանանց՝ Էդիտ Պիաֆին, ով օգնեց ինձ մուտք գործել ֆրանսիական էստրադա, և Սիմոնային, ում դերն ու նշանակությունն իմ կյանքում դժվար է գերագնահատել»։ Սիմոնան ամենուր ուղեկցում էր նրան և հետզհետե ավելի հազվադեպ էր հայտնվում կինոստուդիաներում։

Նա անգիր գիտեր Իվի բոլոր երգերը, նրա յուրաքանչյուր ելույթի ժամանակ քարացած նստում էր, իսկ ելույթից հետո, երբ թնդում էին ծափահարությունները, ցնծում էր։

Հանուն Մոնտանի նա հրաժարվեց Հոլիվուդում իրեն առաջարկված շահավետ պայմանագրից՝ պատճառաբանելով, թե Ամերիկան հեռու է, իսկ ինքն առանց ամուսնու նույնիսկ հարազատ քաղաքում մի ծայրից մյուսը չի գնա»։ Եվ նա չէր կեղծում, բոլորը դա գիտեին, նրա համար, իրոք, դժվար էր Մոնտանից թեկուզ մի քանի ժամ հեռու լինելը։

Նկարահանումների մեկնելիս նա ամեն անգամ ճամպրուկը դասավորում էր արցունքն աչքերին։ Ռեժիսոր Ժակ Բեքերը, լսելով Սիմոնայի հերթական մերժումը ֆիլմում նկարահանվելու վերաբերյալ, մի անգամ նրան ասաց․

«Դու լիովին ճիշտ ես, սերը պետք է ամեն օր խնամել, ինչպես բույսն են խնամում»։ Իհարկե, նրանց ամուսնական կյանքն անամպ չէր, պատահում էին նաև վեճեր ու նյարդային պոռթկումներ։ Երբ Մոնտանն օրերից մի օր Սիմոնային հանդիմանեց, թե նա ոչնչով չի զբաղվում՝ բացի իրեն ամենուր հետևելուց, և չի նկարահանվում, որովհետև ոչ մի ռեժիսոր նրա կարիքը չունի, Սիմոնայի սրտում վերջապես գլուխ բարձրացրեց պատվախնդրությունը։

Նա՝ իր գործի մեծ պրոֆեսիոնալը, նույն րոպեին զանգահարեց Մարսել Կառնեին և ասաց, որ համաձայն է խաղալ Թերեզ Ռաքենի դերը, թեպետ հոգու խորքում հույս ուներ, թե Իվը կկանխի այդ հեռախոսազանգը։ Բայց Իվը լուռ էր, և Սիմոնան որոշեց նրան ապացուցել, թե որքան պահանջված դերասանուհի է ինքը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և Վենետիկի կինոփառատոնում արժանացավ «Արծաթե առյուծի»։

kinoversus.com