Շաքարը բացասաբար է ազդում հոգեկան առողջության վրա
Advertisement 1000 x 90

Շաքարը բացասաբար է ազդում հոգեկան առողջության վրա

Մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը կարող է բացասաբար ազդել մարդու հոգեկան առողջության վրա, պարզել են բրիտանացի գիտնականները։ Ընդ որում՝ նրանց եզրակացությունները միանգամից քննադատության են արժանացել։

Լոնդոնի համալսարանական քոլեջից մի խումբ հետազոտողներ շաքարի օգտագործման մասին հարցում են անցկացրել ավելի քան 8 հազար մարդու շրջանում։ Հարցումն անցկացվել է 1985-1988 թվականներին, իսկ հետագա տարիներին հարցման մասնակիցները ժամանակ առ ժամանակ հարցաթերթիկներ են լրացրել։

«Սննդի ու քաղցր ըմպելիքների մեջ մեծ քանակությամբ շաքարի գործածումը կապակցված է 5 տարվա ընթացքում տղամարդկանց մոտ հոգեկանի ամենատարածված խանգարումներից մեկի (CMD) զարգացման հետ»,- ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature կայքում։ CMD-ն դեպրեսիայի ու տագնապի վիճակն է։

«Մեր հետազոտությունը հաստատում է շաքարի բացասական ազդեցությունը հոգեկան առողջության վրա երկարաժամկետ հեռանկարում ու ենթադրում, որ քիչ քանակությամբ շաքարի օգտագործումը կարող է բարելավել հոգեկան առղջությունը»,- ասվում է հետազոտության մեջ։

Դիետոլոգիայի ասոցիացիայի ներկայացուցիչ Քեթրին Քոլինզը հայտնել է, որ գիտնականների առաջ քաշած տեսակետն «ապացուցված չեն», քանի որ շաքարի օգտագործման մասին տվյալների հիմքում հարցման մասնակիցների պատասխաններն են, ընդ որում՝ հաշվի չի առնվել ոգելից խմիչքներում շաքարի պարունակությունը։

«Եթե ավելի քիչ ազատ շաքար գործածեք, ապա դա օգտակար է ատամների համար, գուցե նաեւ քաշի։ Բայց մի՞թե դա պաշտպանում է դեպրեսիայից։ Դա ապացուցված չէ»,- մեջբերում է Քոլինզին AFP-ն։

Փորձագետ Թոմ Սանդերսը նույնպես կոչ է արել «զգուշավորությամբ» վերաբերվել հետազոտության արդյունքներին։

med.news.am