Մեծագույն հոգեվերլուծաբաններ Զիգմունդ Ֆրեյդի և Կարլ Յունգի անունները բոլորին են հայտնի, իսկ ահա նրանց տաղանդավոր աշակերտուհուն` ծնունդով Դոնի Ռոստովից Սաբինա Շպիլրեյնին, Արևմուտքում ավելի շատ են հիշում, քան իր հայրենիքում: Սաբինան Յունգի 1-ին հիվանդն էր, ում նա բուժեց Ֆրեյդի մեթոդով, և 1-ին կինը, ով նրա համար ավելին էր, քան պարզապես հիվանդ: Հետագայում առողջանալով` Սաբինան կրթություն ստացավ և ինքը դարձավ հոգեվերլուծաբան:
Սաբինա Շպիլրեյնը ծնվել է 1885թ. Դոնի Ռոստովում, հրեական ընտանիքում: Մանկության տարիներին տիֆի պատճառով կորցրել է քրոջը, և այս կորուստը, հոր կողմից վատ վերաբերմունքի համակցությամբ, դարձավ հոգեկան շեղումների պատճառ: Աղջկան տանջում էին հալյուցինացիաները և հիստերիկ ցնցումները: Ունևոր ծնողները որոշում են նրան ուղարկել Շվեյցարիայի լավագույն հոգեբուժական կլինիկաներից մեկը:
Այդ ժամանակ Կարլ-Գուստավ Յունգը քիչ հայտնի հոգեբույժ էր, բայց իր` «պսիխոտիկ հիստերիա» ախտորոշմամբ հիվանդի` Սաբինա Շպիլրեյնի բուժման արդյունքում նա կարողացավ հասնել մասնագիտական լուրջ հաջողության և ձեռք բերեց անձնական երջանկություն: 19-ամյա Սաբինան առաջինն էր, ում վրա 30-ամյա բժիշկը որոշեց փորձարկել Ֆրեյդի մեթոդը: Հետագա 8 ամիսների ընթացքում հիվանդության ախտանիշներն անհետացան, ինչի մասին Յունգը հայտարարեց հոգեբույժների կոնգրեսի ընթացքում և արժանացավ համընդհանուր գիտական ճանաչման:
Իսկ Սաբինան սիրահարվեց իրեն բուժող բժշկին: Նրանց սիրային կապը տևեց 1906-1909թթ.: Այդ մասին հայտնի դարձավ այն ժամանակ, երբ 1977թ. ժնևյան Վիլսոն ամրոցի նկուղում, ուր նախկինում տեղակայված էր հոգեբանության ինստիտուտը, հայտնաբերվեցին Յունգի, Շպիլրեյնի և Ֆրեյդի նամակները: Այդ նամակագրությունը, ինչպես նաև՝ այնտեղ հայտնաբերված Սաբինայի օրագիրը, լույս սփռեցին երկար ժամանակ գաղտնիության քողով ծածկված իրադարձությունների վրա:
Երբ Յունգը հանձն առավ բուժել Սաբինա Շպիլրեյնին, նա ամուսնացած տղամարդ էր, սակայն հոգեվերլուծության սեանսներն այնքան մտերմացրին նրանց, որ նա այլևս անկարող էր փոխադարձությամբ չպատասխանել Սաբինայի զգացմունքներին: 1908թ. Յունգը գրում է Սաբինային. «Սիրելիս, կներե՞ք Դուք ինձ երբևէ այն, որ ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ, որ ես վիրավորում եմ Ձեզ դրանով և մոռացել եմ իմ` բժշկի պարտականությունների մասին»:
Սակայն Սաբինան երազում էր երեխա ունենալ Յունգից, իսկ վերջինս էլ իր հերթին՝ չէր պատրաստվում թողնել ընտանիքը: Արդյունքում՝ ամեն ինչ ավարտվեց աղմկոտ սկանդալով, որի մասին Յունգը Ֆրեյդին գրեց. «Մի բան կա, որ այս պահին ինձ ահավոր տանջում է. իմ հիվանդը, որին ես ժամանակին մեծագույն ինքնանվիրումով ու անձնազոհաբար հանել եմ ծանր նևրոզային վիճակից, չարաշահեց իմ վստահությունն ու ընկերությունն ամենավիրավորական ձևով: Նա չափազանց մեծ աղմուկ բարձրացրեց միայն այն պատճառով, որ ես հրաժարվեցի նրանից երեխա ունենալ»:
Սակայն այնքան էլ ճիշտ չէ Սաբինա Շպիլրեյնին շահամոլ գայթակղիչ կոչելը. նա իսկապես սիրում էր Յունգին, ինչի մասին վկայում են նրա օրագրի գրառումները:
Ինչևէ, հետագայում Սաբինան որոշեց զբաղվել հոգեվերլուծության ուսումնասիրությամբ և ընդունվեց Ցյուրիխի համալսարան: 1911թ. նա թեզ գրեց և ստացավ դոկտորի գիտական աստիճան: Շպիլրեյնն առաջին կին հոգեվերլուծաբաններից էր, 30-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ:
Սկզբնական շրջանում Յունգն անընդհատ կապի մեջ էր Ֆրեյդի հետ.
«Ես Ձեր մեթոդով էի աշխատում, ուսուցիչ, սակայն բժշկական սխալ գործեցի այն առումով, որ մտերմացա իմ հիվանդի հետ, անցա բժիշկ-հիվանդ սահմանը, ի՞նչ անեմ, ինչպե՞ս վարվեմ ես հիմա»:
Սակայն աստիճանաբար Յունգի և Ֆրեյդի հարաբերություններում սառնություն նկատվեց: Դա պատահեց 1913թ.-ին, իսկ դրանից 2 տարի առաջ Սաբինան դիմել էր Ֆրեյդին և նրա հրավերով դարձել ֆրեյդյան վիեննական ընկերության անդամ: Դրանից քիչ անց Ֆրեյդը «Նոթեր սիրո փոխատեղման մասին» վերնագրով հոդված հրապարակեց, ուր, առանց անուններ նշելու, սակայն ոչ առանց սարկազմի՝ նկարագրեց Յունգի և Սաբինայի պատմությունը` պնդելով, որ հիվանդի և բժշկի միջև սերն առաջացել է հիվանդի էրոտիկ ֆանտազիաների` դեպի բժիշկը փոխատեղման հետևանքով:
Զայրացած Ֆրեյդը գրում է Սաբինային.
«Ցավալի է լսել, որ Դուք տառապում եք Յունգի համար, և ես գրեթե համոզված եմ, որ նա արժանի չէր այն ուշադրությանը, որին ես նրան արժանացրել եմ: Կանխատեսում եմ, որ շատ շուտով նա կկործանի ամենը, ինչը մենք այդքան դժվարությամբ ստեղծել ենք, իսկ ինքը ոչ մի լավ բան չի անի: Մի կողմ թողնելով մեր գիտական տարաձայնությունները` անձնական հարաբերությունների համատեքստում նրա դրսևորած վարքագիծն արժանի է խստիվ դատապարտման»:
Ռուսաստան վերադառնալով`Շպիլրեյնը Յունգի աշխատանքները թարգմանում է ռուսերեն և ակտիվորեն պրոպագանդում նրա ուսմունքը, ինչը նույնպես հարուցում է Ֆրեյդի դժգոհությունը: Եվ չնայած Սաբինան ամեն ինչ անում էր նրանց հաշտեցնելու համար, հենց նրան էին հաճախ մեղադրում նրանց ունեցած կոնֆլիկտի մեջ:
Շպիլրեյնը հայրենիք վերադարձավ 1923թ., սակայն 1930-ական թթ. ԽՍՀՄ-ում հոգեվերլուծությունն արգելված էր: Ստալինյան ճամբարներում զոհվեցին Սաբինայի 3 եղբայրները` շատ տաղանդավոր գիտնականներ: 1942թ. Սաբինային և նրա դուստրերին այլ հրեաների հետ միասին Դոնի Ռոստովում գնդակահարեցին ֆաշիստները: Այդ ժամանակներից ի վեր նրա անունը հայրենիքում հազվադեպ է հիշվում այն դեպքում, երբ Արևմուտքում նրա մասին մի քանի գեղարվեստական ֆիլմեր են նկարահանել:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը