Հղիության ժամանակ կնոջ սննդակարգը կարող է ազդել ապագա երեխայի հոգեկան վիճակի վրա
Advertisement 1000 x 90

Հղիության ժամանակ կնոջ սննդակարգը կարող է ազդել ապագա երեխայի հոգեկան վիճակի վրա

Մեծ քանակությամբ ճարպեր պարունակող սննդակարգը կարող է ոչ միայն կնոջ մոտ առողջական խնդիրներ առաջացնել հղիության ժամանակ, այլեւ կարող է ազդել ապագա երեխայի ուղեղի եւ էնդոկրին համակարգի վրա: Իսկ դա կարող է հոգեկան խանգարումների հանգեցնել, օրինակ՝ դեպրեսիայի: Նման եզրահանգման են եկել Օրեգոնի Պրիմատների հետազոտական կենտրոնի (ԱՄՆ) մասնագետները, որոնց հոդվածը հրապարակվել է Journal Frontiers in Endocrinology ամսագրում:

Գիտնականները նման եզրահանգման եկել են հղի մակակների մասնակցությամբ մի քանի հետազոտությունների արդյունքում: Կենդանիներին երկու խմբի են բաժանել. մի խմբին կերակրել են մեծ քանակությամբ ճարպեր պարունակող սննդով, մյուսին՝ հավասարակշռված սննդակարգով:

Փորձի ավարտին գիտնականները փաստել են, որ առաջին խմբի մակակների ժառանգների մոտ էմոցիոնալ խանգարումներ կան:

Բացի այդ՝ ուսումնասիրելով երկու խմբի ներկայացուցիչների ֆիզիոլոգիական տարբերությունները՝ գիտնականները հայտնաբերել են, որ մեծ քանակությամբ ճարպեր պարունակող սննդակարգը հղիության ժամանակ երեխայի մոտ խախտում է սերոտոնին հորմոն պարունակող նեյրոնների ձեւավորման գործընթացը: Իսկ այս հորմոնը, ինչպես հայտնի է, կարեւոր նշանակություն ունի ուղեղի զարգացման համար:

«Սա բավական տխուր փաստ է: Մոր սննդակարգն իսկապես հսկայական ազդեցություն ունի ժառանգների վարքի վրա: Նախկինում գիտնականները խոսում էին կնոջ ճարպակալման եւ երեխաների մոտ մի շարք հիվանդությունների (օրինակ՝ սրտի) միջեւ կապի մասին: Բայց մեր հետազոտությունը հստակ ցուցադրեց նաեւ սննդակարգի եւ ուղեղի զարգացման միջեւ կապը»,- ասել է OHSU բժշկության դպրոցից պրոֆեսոր Ջոել Նիգը:

med.news.am