Կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի անդրադարձը
Երևի ամեն դար ունի իր աստեղային ժամը։ Այս իմաստով, գոնե հայկական կինոյի համար, քսաներորդ դարի աստեղային ժամը 60-ականներն էին։ Ի վերջո, հենց այդ ժամանակաշրջանի խորհրդանիշներ դարձան Փարաջանովի ու Փելեշյանի, Մալյանի ու Դովլաթյանի գեղարվեստական հայտնությունները՝ որպես միանգամայն նոր մտածողության ելակետեր։
Յուրաքանչյուր դար նաև իր կենսագիրներն ունի, որոնք հետաքրքրվում են պատմության դրամատիկ հանգույցներով, զննում և ուսումնասիրում մարդու ճակատագիրը ժամանակների անհանգիստ շարժման ու հասարակական կյանքի բեկումնային փոփոխությունների հորձանուտում։
Ֆրունզե Դովլաթյանն իր դարի կենսագիրն էր։ Նրա ֆիլմերի ամբողջությունը դառնում է մի էպիկական վեպ, որի առանձին հատորները պատմում են հայ ժողովրդի գլխով անցած մրրիկների և դրանց վտանգավոր շրջապտույտի տակ ընկած մարդկանց մասին։ Նրան միշտ գրավել է ճակատագրական ժամանակի թեման։ Նա միշտ փնտրել է այնպիսի մի անհատի, որի մեջ արտացոլվել ու որի հետ անողոքաբար բախվել է դարիս հերթական և հաճախ «իններորդ ալիքը»։
Կա մի զարմանալի ներքին տրամաբանություն, դեռ ավելին՝ ինքնաբերաբար հյուսվող ժամանակագրություն, երբ համադրում ենք Դովլաթյանի բոլոր հայֆիլմական կինոնկարները՝ ստեղծված ամենևին էլ ոչ ժամանակագրական հաջորդականությամբ։ Իհարկե, դրանցից յուրաքանչյուրն ավարտուն, ինքն իր մեջ «սուվերեն» ստեղծագործություն է, բայց պատմանյութի միասնականությունը այդ բոլոր ֆիլմերը դարձնում է մի ընդհանուր վիպերգություն։ Այդ վիպերգությունը բազմաթիվ պերսոնաժներ ունի։ Սակայն գլխավոր հերոսը… դարն է՝ գործող անձի պես նկատելի։
Ահավասիկ 1968 թվականին նկարահանված «Սարոյան եղբայրները», որի հիմքը Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսն է, միայն թե անհամեմատ ավելի համարձակ ու կենսալի հայացքով իմաստավորված։ Իրոք, սա այն քիչ դեպքերից մեկն է, երբ կինոն «փրկում է» գրական գործը, որը կարող էր մոռացվել ու անհետանալ իր ժամանակի լիմիտը սպառելուց հետո։
Իհարկե, այս ֆիլմն ունի ռեժիսորներ՝ Խորեն Աբրահամյան և Արկադի Հայրապետյան։ Բայց Դովլաթյանը գեղարվեստական ղեկավարն է, գլխավոր դերակատարներից մեկը, և նրա ուժեղ անհատականության ու ստեղծագործական ձեռագրի կնիքն առանց դժվարության կարդացվում է կինոնկարի ամբողջ հյուսվածքի մեջ։
«Սարոյան եղբայրները» պատմում է արդեն նախորդ դարձած դարասկզբի, ավելի ստույգ՝ 1918-20 թվականների մասին, երբ Հայաստանը կանգնած էր պատմության երկընտրանքի առջև։ Իսկ այնտեղ, որտեղ ավարտվում է «Սարոյան եղբայրների» սյուժեն, սկսվում է… «Երկունքը», որը նկարահանվել է համարյա տասը տարի անց, 1976-ին։
«Երկունքը» 20-ական թվականների մասին է՝ Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիների։ Ինչպե՞ս ի մի բերել ազգի ուժերը։ Ինչպե՞ս երկիրը վերակենդանացնել։ Ինչպե՞ս համատեղել ազգային երազանքը քաղաքական անշրջելի իրողությունների հետ։ Դարձյալ իրադարձությունների կենտրոնում է մի անհատ, այս անգամ՝ իրական անձնավորություն (Ալեքսանդր Մյասնիկյանը), որն իր ուսերին է վերցնում պատմության ծանր բեռը։ Նույն դովլաթյանական թեման է, դարի ևս մի փորձության էջ։
«Երկունքին» հաջորդում է «Կարոտը»։ Այո, սա Դովլաթյանի վերջին ֆիլմն է՝ նկարահանված Հրաչյա Քոչարի հայտնի գրական գործի մոտիվներով, որը սցենարի էին վերածել Հենրիկ Մալյանն ու Ռուբեն Հովսեփյանը։ «Կարոտը» 1990 թվականի արտադրանք է, բայց իր բովանդակային էությամբ վերածվում է «Երկունքի» տրամաբանական շարունակությանը, որովհետև այս անգամ արդեն մենք դառնում ենք 30-ականների վկան։ Այս ֆիլմում Դովլաթյանը պատմում է մի նոր ու ողբերգական հակամարտության մասին՝ ստալինիզմի վանդակը և իր հիշողությանն ու սրբություններին հավատարիմ հայը, որի հանցանքը սահմանից այն կողմ մնացած հայրենիքը չմոռանալու մեջ է։
Այս՝ հիշողության թեման, անցյալի կապը ներկայի հետ, անցյալը՝ իբրև մարդու բարոյական հենարան, առաջին անգամ ուժգնորեն հնչել է Ֆրունզե Դովլաթյանի ամենանշանավոր ֆիլմում, որը ստեղծվել է 1966 թվականին և ունի իսկապես խորհրդանշական վերնագիր՝ «Բարև, ես եմ»։
Բանն այն է, որ «Բարև, ես եմ»-ի հետ հայկական կինո եկավ արվեստագետների մի ամբողջ համաստեղություն՝ սցենարիստ Առնոլդ Աղաբաբով ու դերասան Արմեն Ջիգարխանյան, օպերատոր Ալբերտ Յավուրյան և կոմպոզիտոր Մարտին Վարդազարյան, որոնց համար, նույնիսկ եթե դա նրանց դեբյուտը չէր, այդ ֆիլմը դարձավ իսկական ու մեծ ճանապարհի սկիզբ։
Բայց այս գործն ավելին էր, քան երիտասարդ հեղինակների և ազատ, խոհական ու լիրիկական կինոձեռագրի ինքնահաստատում՝ միանգամայն նոր տիպի հերոսով, որովհետև հայկական կինոն առաջին անգամ ֆիլմի կենտրոնական անձ էր դարձնում մտավորականին։ «Բարև, ես եմ»-ը սկզբունքային իմաստով կարևոր սահմանագիծ էր մեր կինոարվեստի, իսկ եթե ավելին ասենք՝ ընդհանուր մշակութային գիտակցության համար, քանի որ հենց վերնագիրը խոսում էր անհատի արժեքի մասին։ 60-ականների կեսերին հետստալինյան ձնհալն իր տարերքի մեջ էր, բայց դեռ շատ մոտիկ էին այն ծանրաշունչ ժամանակները, երբ վարչակարգն ամեն ինչ էր, իսկ մարդը՝ ոչինչ։ «Բարև, ես եմ»՝ ասում էր մի ամբողջ սերունդ, որը փորձում էր նոր հայացքով նայել կյանքին։ Ես եմ, հայ եմ, երկու ոտքով կանգնած եմ իմ հողին, ունեմ իմ հիշատակներն ու չեմ դավաճանի դրանց, բայց ապրում եմ մեծ աշխարհի հետ և համարձակորեն բաց եմ նրա առջև։
Ամբողջությամբ՝ kinoversus.com