Տատս հացի գինը լավ գիտի։ Ու չի սիրում, երբ իր պատրաստած ապուրից կամ տապակայից սեղանին մնում է։ Դա վիրավորանք է համարում, թե՝ պատրաստածը չպիտի փչացնել։
Ծնվել է 1939 թվականին, ու նրա մանկության տարիներին հացն ամենաթանկն էր ու ամենաերազելին։
Ամեն անգամ մանկության մասին խոսելիս, տատս հիշում է հացի խնդիրը։ Պատմում է, որ ավագ քույրը քարերը խաշում էր կաթսայի մեջ, փոքրերին համոզելով, թե՝ «կարտոֆիլ է, մի քիչ համբերեք, հիմա կեփի»։ Սոված երեխաները ականջ էին դնում վառարանին բլթբլթացող քարերի ձենին, մինչև քունները կտաներ։ Պատմում է, թե ինչպես է մայրը սիմինդրի աղացած կոթը (ցողունը) խառնել ջրալի ապուրին, մի քիչ համը փոխելու համար։
Ու որքան էլ տատս կրկնի պատմությունները, ամեն անգամ հուզիչ է։
Ռիմա տատս փռնչու՝ հացթուխի աղջիկ է։ Նրա Սմբատ հայրը հայտնի է եղել որպես խեղճին ու աղքատին ձեռք մեկնող մեկը։ Պատերազմի տարիներին, երբ հացը ոսկու գին ուներ ու տալոնով էր հատկացվում, շատ խիստ էր դրված պետությունից գողանալու պատասխանատվության հարցը։ Յուրաքանչյուր բուռ ալյուրի կորուստը կարող էր թանկ նստել փռնչիների վրա՝ աքսոր կամ գոնե մի հինգ տարվա բանտարկություն։
Ու մի օր գյուղի հարսներից մեկը, ամուսինը՝ ռազմաճակատում, եկել էր, թե․ «Սումբաթ դայի, էրեխեքս սովից մեռնում են, մի հնար արա»։ Հնար անողը պետք է Ստալինը լիներ։ Բայց փռնչի Նազնանց Սմբատն ասում է՝ գիշերվա էսինչ ժամին ետնամուտքով կգաս փուռ ու էնպես, որ ոչ ոք չտեսնի։ Ստալինը հաստատ Կրեմլից տեսնողը չէր։ Բայց հո ԿենտԿոմը գյուղում հազար աչք ու ականջ ուներ։
Գիշերվա պայմանավորված ժամին կինը մոտենում է։ Փռնչի Սմբատը հարցնում է՝ «հո մարդու չհանդիպեցի՞ր ճամփին», ու ասում՝ «գնա էն սենյակ, շորերդ հանի»։ Կինը թե՝ «Սումբաթ դայի, բա ես էդ աբուռի տերն ե՞մ, էս ի՞նչ ես ասում»։ «Ժամանակ չկա, մտի սենյակ, շորերդ բարձրացրու»,-պնդում է փռնչի Սմբատը։ Կինն արցունքներն աչքերին մտնում է սենյակ, շորերը բարձրացնում, միգուցե մտքում անիծելով պատերազմն ու ամուսնուն, իր անտեր բախտը, երեխաներին, որ տանը սոված իրեն էին սպասում։ Տատիս հայրը ներս է մտնում խմորի մի քանի երկար լոշ ձեռքերին, արագ փաթաթում կնոջ մերկ մարմնով ու ասում․ «Դե արագ հագնվիր՝ թաքցրու շորերիդ տակ, հեռացիր, քանի մարդ չի տեսել»։
Բայց փռնչի Սումբաթի վեց էրեխեքը հացի կարոտ մեծացան։ Ուրիշին հաց տվող փռնչուն հինգ տարով բանտարկեցին իր հին մուշտակը մեկ ուրիշի վերավաճառելու համար, թե՝ սպեկուլյանտ ես։
Ու էդ հինգ տարիները տատիս ողջ մանկությունը սևացրել են։
Տատիս ավագ քույրը՝ Արաքսյան, իմանալով, որ տրակտորիստներին նորմա հաց են տալիս, գնացել ու կոլխոզում տրակտորիստ էր աշխատել ընտանիքը կերակրելու համար։ Տատս պատմում է․
«Երևի երկու տարեկան կլինեի, որ հորս բանտարկեցին։ Ու մեր ողջ ընտանիքն ընկավ աղքատության մեջ։ Մայրս ոտքով գնում էր սարեր, կոլֆոզի կարտոփը մշակում, մի երկու հատ էլ թաքուն պահում ծոցի մեջ, որ բերի, էրեխեքն ուտեն։ Մի անգամ գյուղի կանանցից մեկը խեղճ մորս մատնել էր, բոլորի աչքի առաջ կարտոփը ծոցից հանել։
Մայրս սիմինդի կոթը փուռն էր տալիս, չորացնում, ջաղացում աղալ տալիս։ Դառնում էր թեփ։ Լիս դառած ջաղացպանը, քարերի վրա նստած ալրափոշին հավաքում տալիս էր, ասում՝ ախչի Հերիք, սա էլ կխառնես էդ սիմինդին, էրեխեքիդ կտաս։
Էդ թեփը մերս լցնում էր ապուր եփելու, ջրի երես էր բարձրանում։
Տատիս ծնողները՝ Սմբատ և Հերիքնազ Նազինյանները
Մերս ոտքով հասնում էր Աղստաֆա՝ բամբակի կորիզ բերելու։ Հորեղբայրս Աղստաֆայի բամբակի գործարանում պահակ էր աշխատում, կինն էլ հավաքարար էր, մի քիչ լավ էին ապրում։ Հորեղբայրս բամբակի կորիզ էր հավաքում, հետն էլ՝ մի բուռ սիմինդ, մի բուռ ալյուր, ինչ կճարվեր, տալիս էր մորս, ասում՝ «Հերիք ջան, տար, էրեխեքի գլուխը պահի»։
Էդ անտերը հենց բերանս էի տանում, դառնությունը խեղդում էր։ Ես ամենափոքրն էի, չէի ուտում, մեծ քույրերս ու ախպերներս մի կերպ ուտում էին։ Սննդի պակասից երևի նյութափոխանակությունս էր խանգարվել, ուռել էի։
Ինձ տարան բժշկի։ Բժիշկն ասաց՝ էս երեխուն ամեն իրիկուն քամած մածուն տվեք, փորը պինդ կապեք, քնացրեք»։
Տատիս հորեղբայրը որոշում է բանտարկված եղբոր երեխաներից ամենափոքրին՝ Ռիմային, իր խնամքի տակ առնել, մինչև եղբայրը դուրս կգա կալանավայրից։ Տատս իր հորեղբոր կնոջ հետ ոտքով բռնել է իր մանկության հացի ճանապարհը՝ Իջևանի շրջանի Աչաջուր գյուղից մինչև ադրբեջանական Աղստաֆա քաղաք։
«Հորեղբորս ընտանիքն ինձ երկու տարի Աղստաֆայում պահեց։ Հորեղբորս կին Աստղիկը եկավ ինձ իրենց տուն տանելու։ Հիշում եմ, ինձ համար իր ձեռքով կարած շոր էր բերել՝ ալյուրի պարկից կարված։
Ոտքով հասանք Մայիսյան կամրջի մոտ, տեսա մի զինվորական աղջիկ, մի քանի կտոր սև հաց ձեռքին գնում է։ Փոքր էի, չգիտեի, որ էն ժամանակ դա մի քանի հոգու բաժին է։ Հորեղբորս կնոջն ասի՝ ձալո, էսքան հացը իրենն ա՞։ Աստղիկը բարկացավ, ասաց՝ ամոթ ա, սուս մնա։ Էդ աղջիկը ռուս էր երևի, բայց հասկացավ, որ հաց եմ ուզում, մի կտորն ինձ տվեց։
Տատիս հացի ճանապարհը ուղիղ գծով 30 կիլոմետր է։
Գլխավոր լուսանկարում ձախից՝ Ռիմա Նազինյանը
Ամբողջությամբ՝ hetq.am