Աչքներիս առաջ որքան ճշմարտություններ են աղավաղվում, որքան ստեր ու զրպարտություններ են մոգոնվում և ավաղ՝ որքան արդար մարդիկ են անպատվվում, իսկ ուրիշները, որ արհամարհելի երևույթներ են՝ գեղազարդվում են:
Ուրեմն ես ինչո՞ւ պետք է հավատամ 2000 տարի առաջ ապրած հույն աշխարհագիր Ստրաբոնին, ով մեր երկիրը դիտել է իրեն հարմար տեսանկյունից կամ որ ավելի հավանական է՝ ստեղծագործողի երևակայությամբ:
Ահա նա գրում է Հայաստանում Անահիտ դիցուհու պաշտամունքի մասին ու գլխին զոռ տալով հայտարարում, թե երկրի «ամենաերևելիները դիցուհուն նվիրաբերում են կույս դուստրերին, որոնք ըստ սովորության երկար ժամանակ պոռնկանալուց հետո տրվում են ամուսնության. ոչ ոք անվայել չի համարում այդպիսիների հետ կենակցելը»:
Անմիջապես էլ, մատնելով գրածի կեղծիքը, իբր արդարանում է. «Նման նի բան պատմում է Հերոդոտոսը՝ լյուդուհիների մասին»:
Աստված Հերոդոտոսի ու լյուդուհիների հետ, այս հույնն ինչո՞ւ է գրում մի բան, որը հայ պատմիչներից ոչ ոք չի արձանագրել: Մեր պատմությունը, ազգագրությունն ու բանահյուսությունը, ընդհակառակը, առատ փաստեր են պահպանում այն մասին, որ հայերը կնոջ կուսությունը փառաբանել ու սրբացրել են:
Դրա հաստատումը կուսությունը վավերացնող կարմիր խնձորի սովորույթն է, որը հազարամյակներ անց էլ հարգվում է՝ որպես կանացի անարատության և ընտանեկան հավատարմության արտահայտություն:
Սա չափազանց իրապաշտական ավանդույթ է, որովհետև մեր նախնիները հրաշալի իմացել են մի բան, որը գիտությունը վերջերս է ապացուցել՝ կնոջ մարմինը պահպանում է սեռական առաջին հարաբերության հետևանքները, որոնք ի հայտ են գալիս անգամ շատ տարիներ անց՝ որպես այդ առաջին զուգընկերոջ ժառանգներ:
Իհարկե, այս տեսությունը հերքողների հոծ բանակներ կան, սակայն նրանց նպատակը գիտությունը հերքելը չէ, այլ պոռնկությունը գենդերական կոչերով հանրայնացներլը: Թողնենք նրանց, սա ամենքին ծանոթ պատմություն է, դառնանք Ստրաբոնին:
Հույն պատմիչը Հայաստանում եղել է մ.թ.ա. I դարում, սակայն մեծ հայտնագործություն է անում՝ ասելով, թե հայերի ծագումն ու Հայաստանի հիմնումը կապված են իր հայրենակից, արգոնավորդ Արմենոս Թեսալացու անվան հետ: Ստրաբոնը չի նշում իր աղբյուրը, բայց եզրակացնում է, թե Կողքիսից /Կոլխիդա/ անցնելով Հայաստան՝ այդ Թեսալացին իր անունը տվել է երկրին ու նրա ժողովրդին:
Այսինքն հայերը հազարամյակներ շարունակ պատմություն ու մշակույթ չէին կերտում, այլ անտեր-անտիրական դեգերում էին, մինչև մի հույն գար ու իրենց երջանկացներ արմեն ու Արմենիա անուններով : Առասպել է, հորինվածք, այն էլ շատ անտաղանդ: Նույնպիսի վերագրումներից անմասն չեն մնացել նաև մարերն ու պարսիկները: Հայ պատմաբանների կարծիքով այդ կարգի առասպելները հորինվել են Մակեդոնացու արշավանքների ժամանակ՝ հույների աշխարհակալ նկրտումներն արդարացնելու նպատակով:
Հետևապես Անահիտ դիցուհու տաճարին կույսեր նվիրելը ևս, մանավանդ նրանց պոռնկացումը, առասպել է, ավելին՝ անբարո սուտ է: Ցավալին այլ հանգամանք է, որ այսօր դրսադրածո տականքները նմանօրինակ զառանցանքներն օգտագործում են մեր ժողովրդին այլասերելու համար:
Կարծում եմ՝ ժամանակակից գիտնականները հայ ժողովրդի պատմությունը մաքրելու առաքելություն ունեն:
Կոչ չեմ անում տարբեր կարծիքները չհրապարակել, ոչ, հարկավոր է ստեղծել մեր պատմության քննական տարբերակը, ինչպես նաև՝ Խորենացու պատմության հանրամատչելի մեկնությունը: Որովհետև ծանոթանալով տարբեր աշխատությունների ու դասագրքերի՝ հաճախ մոլորվում ես կամ սխալ եզրակացություններ անում:
Այսօրվա հայ հասարակությունը, մանավանդ մատաղ սերունդը, ճշմարիտ խոսքի կարոտ է: Ապացուցված է, որ պարզ խոսքը կարող է մարդու գենետիկական շղթան խզել: Չպետք է մոռանանք, որ բնությունից ժառանգած գենը հայի մեծագույն հարստությունն է, և այն սրբությամբ պահպանելու պարտականությունն ունենք: