Պարզվել է մարդու կյանքի առավելագույն տևողությունը
Advertisement 1000 x 90

Պարզվել է մարդու կյանքի առավելագույն տևողությունը

Մարդու կյանքի տևողությունը սահման ունի և կախված չէ սնվելու որակից, բժշկության մակարդակից և կենցաղային պայմաններից, պարզել են Էրազմի համալսարանի (Նիդեռլանդներ) գիտնականները:

MedicalXpress-ը հայտնում է, որ հետազոտողներն իրենց եզրակացությունները կատարել են 75 հազար մարդկանց 30-ամյա դիտարկումների ընթացքում ստացած տվյալների հիման վրա, որոնք այս տարիներին են մահացել: Նրանց մահվան տարեթվին տարիքը ճշգրիտ գրանցվել է:

Գիտնականները պարզել են, որ վերջին 30 տարում կյանքի միջին տևողությունը զգակիորեն աճել է: Այսպես՝  Հոլանդիայում, օրինակ, եռապատկվել է այն մարդկանց թիվը, որոնք անցել են 95 տարվա շեմը: Չնայած այս ցուցանիշի աճին, առավելագույն տարիքը, որին մարդկությանը հաջողվել է հասնել, նախկինն է մնացել: Մարդիկ սկսել են ավելի երկար ապրել, սակայն ռեկորդները նախկինն են մնում: «Սա յուրատեսակ պատի է նման»,- պարզաբանել է հետազոտության հեղինակներից պրոֆեսոր Ջոն Էյնմալը:

Գիտնականի խոսքով՝ կանայք կարող են ապրել մինչև 115,7 տարեկան, իսկ տղամարդիկ մի փոքր պակաս՝ մինչև 114,1: Պրոֆեսոր Ջոն Էյնմալի խոսքով՝ առավելագույն տարիքը կախված չէ կյանքի մակարդակից: Դրա վրա չի ազդում ո՛չ սնվելու որակը, ո՛չ բժշկության որակը:

Այս ցուցանիշներից բարձր բոլոր թվերը պատահականությունների շարքից են: Այդպիսին է եղել ֆրանսուհի Ժաննա Կելմանի ռեկորդը: Նա ապրել է մինչև 122 տարեկան: Սա համարվում է գոյատևման ամենաերկար ժամկետը: Կինը ծնվել է 1875 թվականին և մահացել 1997 թվականին:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ նման ռեկորդները ընդհանուր վիճակագրությունից դուրս են, սակայն չեն կարող նաև այն փոխել:

med.news.am