Օնլայն անգլերեն-հայերեն բառարան՝ հայ ծրագրավորողի կողմից. champord.am
Advertisement 1000 x 90

Օնլայն անգլերեն-հայերեն բառարան՝ հայ ծրագրավորողի կողմից. champord.am

Արմեն Դարբինյանը երիտասարդ ծրագրավորող է: Մեկ տարի առաջ է նա ձեռնամուխ եղել անգլերեն-հայերեն առցանց բառարանի ստեղծման աշխատանքներին: «Hylex.am» կայքը սկսել է գործել օգոստոսի 28-ից: Այցելուներին դիմավորում է ռոբոտը («bot»-ը), որը ողջունում և պատրաստակամորեն թարգմանում է առաջարկված բառերը:

«Աշխարհում գիտական հոդվածների, գիտական հեղինակավոր ամսագրերի, մասնագիտական գրքերի և նյութերի  գերակշիռ մասը առաջինը լույս են տեսնում հենց անգլերենով: Երիտասարդների մասնագիտական աճի համար անգլերենի իմացությունը կարևոր է, սեփական փորձից ելնելով եմ ասում: Լեզվին տիրապետելու համար շատ կարևոր է ունենալ հարուստ բառապաշար: Իսկ բառապաշարի հարստացման ամենաարդյունավետ եղանակը բառարանից օգտվելն է: Առցանց բառարանը շատ հարմար է այսօր:

Իհարկե, կարող է թվալ, որ ոչ այնքան բարդ գործ ենք կատարել` գրքի պարունակությունը տեղափոխելով առցանց տիրույթ: Իրականում այդպես չէ: Շատ ջանք ենք  գործադրել, որպեսզի բառի թարգմանությունն աչքին ընկալելի լինի և տպավորվի մարդու հիշողության մեջ: Մենք կարևորել ենք բառերի քերականական մանրամասները, դրանց  ճիշտ  ու տրամաբանական հերթականությունը: Հիմա բառարանը շատ մատչելի ձևով է ներկայացնում բառի օգտագործման հաճախականությունը, դարձվածքները և կայուն արտահայտությունները, բարդ բառերը, ածանցյալ բառերը, բառի արտասանությունը, հոմանիշները և հականիշները, օրինակները և քերականական այլ մանրամասներ:

Թարգմանված յուրաքանչյուր բառ չի ենթադրում նոր էջ` նոր հղումով, ամեն ինչ, ասես, մեծ թղթի վրա գրված լինի, որից ավելի հեշտ է օգտվելն ու ուսումնասիրելը: Բացի այդ, այս բառարանը մի մեծ առավելություն ունի. թարգմանությունը կարելի է պատճենել: Այսինքն` հավաքած բառեր են, ոչ թե սկանավորված էջեր», – «Ճամփորդի» հետ զրույցում պատմում է Արմեն Դարբինյանը:

Հաստափոր գրքերի թվայնացումը «Hylex.am»-ն  իրականացրել է «Մանմար» հրատարակչության 2013 թվականի անգլերեն-հայերեն բառարանի (հեղինակներ` Ա. Լազարյան, Ն. Համբարձումյան, Ա. Հայրապետյան) օգնությամբ, որն էլ կազմվել է անգլիական հայտնի «Macmillan Essential Dictionary»-ի հիման վրա: «Հեղինակային իրավունքների հարցում մենք հրատարակչության հետ պայմանավորվածություն ունեք, որպեսզի կրթական նպատակներով, լիովին անվճար զարգացնեք, տարածքենք այս լավ աշխատանքը նաև առցանց: Բառարանը ներառում է շուրջ 28.500 բառ` դարձվածքների հետ միասին: Շուրջ 30.000 բառ է կազմում 1984 թվականին լույս տեսած, ամենագործածական անգլերեն-հայերեն բառարաններից  մեկը (Հ.Ա. Ասմանգուլյան, Մ.Ի. Հովհաննիսյան խմբագրությամբ), որից ևս պատրաստվում ենք օգտվել և ներառել բազմաթիվ բառեր, որոնք առաջին գրքում չկան»,- նշում է Արմենը:

Յուրաքանչյուր ծրագիր իր թիրախային խումբն ունի: Արմենից հետաքրքրվեցինք, թե հիմնականում ում համար է նախատեսված բառարանը: «7-րդ դասարանից մինչև 1-ին, 2-րդ կուրսի ուսանողների համար է բառարանը: Ցանկալի է, որ արդեն 2-րդ կուրսի վերջում մեր ուսանողները տիրապետեն անգլերենին: Հետագայում մտադիր ենք ներառել նաև մասնագիտական տերմինաբանություն` մաթեմատիկոսների, ֆիզիկոսների, ծրագրավորողների, իրավաբանների, տնտեսագետների, բժիշկների և այլ մասնագետների համար»: «Hylex.am»-ի ստեղծման աշխատանքներին Արմեն Դարբինյանից բացի մասնակցել է նաև Նազիկ Սարոյանը, ում ձեռքի տակով են անցել բոլոր բառերը: Հենց նա է զբաղվել թվայնացմամբ: Արմենը նշում է, որ աշխատել են գրեթե մեկ տարի և դեռ մեծ աշխատանք ունեն անելու: «Բառարանի ստեղծման աշխատանքներն ամբողջությամբ իրականացրել եմ իմ հիմնական աշխատանքից հետո, ազատ ժամերին: Անցած տարվա հոկտեմբերից ակտիվորեն լծվել ենք  աշխատանքի և գրեթե  ընդմիջում չենք ունեցել: Շատ ոգևորված ենք»:

Կատարելագործվող ռոբոտը

Առցանց բառարանում «ապրող» ռոբոտը պետք է աճի, կատարելագործվի և ավելի օգտակար դառնա այցելուների համար, վստահեցնում է Արմենը: Գլխավոր նպատակը՝ հայերեն-անգլերեն առցանց բառարանի ստեղծումն է: «Այժմ ռոբոտը քիչ ֆունկցիաներով է օժտված: Եթե բառում մեկ տառ անգամ սխալ է գրված, ապա նա չի ուղղում, մի քանի տառ գրելուց հետո անգամ՝ տարբերակներ չի առաջարկում: Այս ամենը ժամանակի ընթացքում կշտկվի: Մեր ռոբոտը պետք է նաև վիճակագրություն կազմի, թե որ բառերն են ամենից շատ փնտրվում: Այս դեպքում փնտրվող բառի մի քանի տառ գրելուց հետո նա այցելուին կառաջարկի ամենահաճախ փնտրվող տարբերակները: Հասկանում ենք, որ առանց հակառակ` հայերեն-անգլերեն բառարանի, մեր ծրագիրը կնմանվի կիսատ խնձորի: Արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ, սակայն ժամկետներ դեռևս նշել չենք կարող »:

«Hylex.am» կայքը շատ թեթև է աշխատում և հարմար է հեռախոսի միջոցով բառարաններից  օգտվողների համար: Արմենը վստահ է, որ նույնիսկ առանձին հավելվածի կարիք չկա: Նա նաև վստահեցնում է, որ կայքում գովազդ չի լինելու:

Գարեգին Ալեքսանյան

champord.am