«Երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու համար սկսվել են աշխատանքներ երկրաջերմային էներգիայի աղբյուրների ճշգրիտ տեղանքների հայտնաբերման նպատակով: Այդ տեղանքներից մեկը Ջերմաղբյուրն է, որի երկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտությունները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ մոտ 2500-3000 մետր խորության վրա առկա են բարձր ճնշմամբ (20-25 մթն. ճնշ.) տաք ջրի (մինչև 250օC) պաշարներ: Այդ տվյալների հաստատման դեպքում նշված տեղանքում հնարավոր կլինի կառուցել Հայաստանում առաջին մոտ 25 ՄՎտ հզորությամբ երկրաջերմաէլեկտրակայանը»:
Այս տեղեկությունը տեղադրված է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայքում, որտեղ նաև նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի համատեղ ֆինանսական միջոցներով «Գռիձոր» և «Կարկառ» կոչվող երկու երկրաջերմային հարթակներում ավարտվել են համապատասխան երկրաֆիզիկական հետազոտությունները, հաստատվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիրը, որի համաձայն՝ 2016 թ. իրականացվել են «Կարկառ» կոչվող երկրաջերմային հարթակում երկրաբանական հորատման աշխատանքները: Ըստ նախարարության՝ փորձարկումների և համապատասխան չափումների արդյունքները կհրապարակվեն 2017 թ.:
2017 թվականն արդեն ավարտվում է, սակայն պարզվում է, որ այդ ողջ գործընթացն արդյունավետ չի իրականացել: Ծախսվել է շուրջ 6 միլիոն դոլար, սակայն հորատանցքերը, ըստ որոշ մասնագետների, ճիշտ վայրում չեն փորվել:
Հարցը ս.թ. սեպտեմբերի 1-ին քննարկվել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում (նախագահ՝ Վազգեն Սաֆարյան): Հիմնական բանախոսը Հանրային խորհրդի ընդերքի ռացիոնալ օգտագործման և երկրաբանական ուսումնասիրության ենթահանձնաժողովի նախագահ, երկրաֆիզիկոս Գարիկ Բաբուրյանն է, որը ժամանակին Էներգետիկայի նախարարության ընդերքի վառելաէներգետիկ ռեսուրսների բաժնի պետն էր, դեռևս խորհրդային տարիներին այդ տարածքում համապատասխան աշխատանքներ է համակարգել և լավ գիտի տեղանքն ու ռեսուրսները:
2004-2006 թթ.՝ մինչ վերոնշյալ ծրագրի իրականացումը, Բաբուրյանը նախաձեռնել է այդ տարածքում երկրաֆիզիկական ու երկրաբանական հետազոտություններ՝ պարզելու համապատասխան ռեսուրսների և երկրաջերմաէլեկտրակայանի ստեղծման հնարավորությունները: Ուսումնասիրությունները կատարվել են, միջազգային փորձագետներն էլ այն դրական են գնահատել, և Համաշխարհային բանկը համաձայնել է հորատման աշխատանքների համար տրամադրել 3 միլիոն դոլար: Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ պայմանավորվածությունն արդեն պատրաստ է եղել, պետք էր այն հանձնել թղթին, երբ առավոտյան նախարարը Բաբուրյանին կանչել է ու ասել. «Բաբուրյան, գործ չունես, էդ տարածքը տվել են Էռնեկյանին»: «Համաշխարհային բանկն էլ ասաց՝ չհասկացանք, մանկապարտե՞զ է, ինչ է, իրիկունը մի բան եք ասում, առավոտը գալիս ուրիշ բան եք ասում: Էդպես էդ տարածքը տվեցին էռնեկյանին, և էդ հարցը սառեց»,- պատմում է Բաբուրյանը:
Տարիներ են անցնում: Օրենքի համաձայն՝ Էռնեկյանից տարածքը վերցնում են, քանի որ նա այնտեղ որևէ գործունեություն չէր իրականացրել: Եվ ահա, 2014 թ. Համաշխարհային բանկի հետ պետությունը կնքում է պայմանագիր, և համապատասխան հետազոտություններից հետո 2016 թ. իրականացվում են երկրաբանական հորատման աշխատանքներ: Ընդ որում, Համաշխարհային բանկը մրցույթ է հայտարարում, որի արդյունքում հորատման աշխատանքներն իրականացնելու համար ընտրվում է թուրքական ընկերություն:
Առաջին հորատանցքը փորվում է, սակայն բարձր ճնշմամբ ջրային պաշարներ չեն հայտնաբերվում: Մոտ 400 մ հեռավորության վրա փորում են երկրորդ հորատանցքը, որտեղ հայտնաբերվում են նվազ ջերմությամբ պաշարներ, որոնք, ըստ Բաբուրյանի, անարդյունավետ են: «Փաստորեն, հորատանցքերը սխալ տեղում են փորվել, այդ պատճառով էլ սպասված արդյունքը չի եղել»,- ասում է նա:
2017 թ. սեպտեմբերի 20-ին, այսինքն՝ մոտ օրերս, ծրագրի ժամկետն ավարտվում է, և եթե մինչ այդ կառավարությունը որևէ բան չձեռնարկի՝ դրամաշնորհից մնացած 2 միլիոն դոլարը կվերադարձվի Համաշխարհային բանկ, և ծրագիրը կկասեցվի: Բաբուրյանը, բարձրացնելով հարցը Հանրային խորհրդում, ուզում է նորից ուշադրություն հրավիրել 2006 թ. իրենց կատարած հետազոտությունների վրա և դիմել ՀՀ կառավարություն, որպեսզի վերջինս իր հերթին դիմի Համաշխարհային բանկ՝ «Կարկառի» երկրաջերմային հարթակին տրամադրած դրամաշնորհից դեռևս «փրկված» մոտ 2 միլիոն դոլարը տրամադրելու տեղական որևէ ընկերության և իրենց առաջարկած հատվածում հորատանցք կատարելու: Չնայած այս դեպքում էլ 100 տոկոսանոց արդյունք չեն կարող ակնկալել, քանի որ, ինչպես երկրաբաններն են ասում, երկրաբանության մեջ երբեք 2 անգամ 2-ը հավասար չէ 4-ի: Համենայն դեպս, ըստ իրենց հետազոտությունների, հավանականությունը, որ այդ հատվածում բարձր ճնշմամբ տաք ջրային պաշարներ կան, մեծ է:
Գարիկ Բաբուրյանի համար զարմանալին այն է, որ երբ ինքը դիմել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակ՝ բարձրացնելու այս խնդիրները և ներկայացնելու իր առաջարկը, այնտեղ բավական անտարբեր են մոտեցել հարցին. «Ասացի՝ բա ձեզ չի հետաքրքրո՞ւմ՝ էդքան փող եք տվել, ինչո՞ւ արդյունք չեղավ: Ասացին՝ դե հիմա գրանտ ա, տվել ենք, կամպանիաները եկել, ծակել են՝ չկա, ի՞նչ անենք»:
Այս հարցի շրջանակներում Բաբուրյանը մեկ այլ խնդրի էլ է անդրադառնում: Երբ Համաշխարհային բանկը երկրաջերմաէլեկտրակայանի տեղանքի ուսումնասիրությունների և հորատումներ իրականացնելու համար մրցույթ է հայտարարում, գործը միշտ տալիս է արտասահմանյան ընկերություններին, որոնք, ըստ նրա, տեղյակ չեն մեր երկրաբանական բարդ կառուցվածքին, այդ պատճառով էլ աշխատանքներն անարդյունավետ են լինում:
Նշենք, որ Համաշխարհային բանկի տրամադրած դրամաշնորհը տնօրինում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը:
Հիմնադրամի փորձագետ Արթուր Գրիգորյանը, ի տարբերություն Բաբուրյանի, կատարած աշխատանքն անարդյունավետ չի համարում: Ասում է՝ առաջին հորատանցքի ջերմաստիճանը համեմատաբար ավելի ցածր է եղել, մոտ 1100C, ջրի պաշարներ չեն հայտնաբերվել, սակայն երկրորդ հորատանցքի ժամանակ գտնվել են ջերմակիրներ, որոնք թույլ են: «130 աստիճան է, իսկ դա արդեն արդյունահանելի է,- ասում է Գրիգորյանը,- մենք մեր ունեցած տվյալներն ուղարկել ենք միջազգային 50 ներդրումային կազմակերպություն՝ ներկայացնելով արդյունքներն ու առաջարկելով տարածքում ներդրումներ կատարել: Նախարարի ստորագրությամբ Հայաստանում գործող բոլոր դեսպանատներին են ուղարկվելու հորատանցքերի փորձարկման արդյունքները, որպեսզի իրենք էլ այդ ինֆորմացիան տրամադրեն իրենց երկրներում գործող երկրաջերմային ներդրող կազմակերպություններին: Հիմա սպասում ենք այդ կազմակերպությունների պատասխաններին: Հետաքրքրվողներ կան, բայց սպասում ենք՝ ավելի մեծ լինի ցանկը, որպեսզի մրցույթ հայտարարենք»:
Ինչ վերաբերում է մնացած մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհային մնացորդին, Արթուր Գրիգորյանն ասում է, որ այդ գումարի ծախսման ուղղությունը կճշտվի ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Համաշխարհային բանկի համատեղ կայանալիք մանրամասն քննարկումների արդյունքում:
Ի դեպ, Գրիգորյանը տեղեկացնում է, որ Հայաստանի երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի ամբողջ գումարը կազմում է մոտ 10.25 միլիոն դոլար, որից առնվազն 20-25 տոկոսը տեղական հարկերի համաֆինանսավորման մասնաբաժինն է: