ԱՄՆ-ում հանձնել են Շնոբելյան մրցանակները (Ig Nobel Prize), որոնք շնորհվում են ամենաանհեթեթ գիտական նվաճումների և ոչ ստանդարտ գաղափարների համար:
Պարգևատրման 27-րդ ամենամյա արարողությունը տեղի է ունեցել Հարվարդի համալսարանում (Մասաչուսեթսի նահանգ):
Խաղաղության Շնոբելյան մրցանակը բաժին է հասել Ցյուրիխից մի խումբ շվեյցարացի գիտնականների՝ դոկտոր Մայլո Պյուենի գլխավորությամբ: Նրանք ապացուցել են, որ ավստրալացի նախաբնիկների ջիջերիդու երաժշտական փողային գործիքով նվագն օգնում է ազատվել խռմփոցից և նպաստում է հարմարավետ քնին:
Տնտեսագիտության բագավառում մրցանակն ստացել են ավստրալացիներ Մեթյու Ռոքլոֆը և Նենսի Գրիրը, որոնք պարզել են, որ
խաղատանը խաղացողները հակված են ավելի բարձր խաղագումարներ դնելու այն բանից հետո, երբ ձեռքներին կոկորդիլոս կամ ցանկացած այլ վտանգավոր կենդանի բռնեն:
Անատոմիայի բնագավառում մրցանակի է արժանացել բրիտանացի Ջեյմս Հիթքոութը, ով պարզել է, որ 30 տարեկանի հասնելուց հետո մարդու ականջներն սկսում են չափերով մոտավորապես 2 միլիմետր մեծանալ յուրաքանչյուր տասնամյակը մեկ:
Պարգևի են արժանացել նաև ֆրանսիացի նյարդակենսաբանները, որոնք ապացուցել են, որ որոշ մարդկանց ուղեղում գոյություն ունի հատուկ տեղամաս, որը զզվանք է առաջացնում պանրի հոտի և համի նկատմամբ:
Բացի դրանից, Շնոբելյան մրցանակ են ստացել իտալացի գիտնականները, որոնք պարզել են, որ նույնական շատ երկվորյակներ լուսանկարներում չեն կարողանում միմյանց տարբերել:
Այս մրցանակը, որը նաև կոչվում է Հականոբելյան մրցանակ, հանձնվում է այնպիսի «նվաճումների համար, որոնք նախ ստիպում են ծիծաղել, իսկ այնուհետև՝ խորհել»: Այն սահմանվել է 1991 թվականին «Անհավանական հետազոտությունների տարեգրություն» հանդեսի կողմից:
1999-ից մրցանակը շնորհվում է 10 բնագավառներում, անվանակարգերի մի մասը համընկնում է Նոբելյան մրցանակի անվանակարգերի հետ, մնացածները սահմանվում են ամեն տարի առանձին: Պարգևները հաղթողները սովորաբար ստանում են տարբեր տարիների նոբելյան դափնեկիրների ձեռքից: