Pokemon Go-ն և «լրացուցիչ իրականությամբ» բջջային այլ խաղերը առողջության համար օգտակար են: Ճապոնացի գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է Journal of Medical Internet Research-ում, նշված է, որ նման խաղերը գեյմերներին ստիպում են ավելի շատ տեղաշարժվել՝ դրանով պահպանելով ֆիզիկական ակտիվության բարձր մակարդակը:
Հետազոտության շրջանակում Կիմիհիրո Հինոն և Տոկիոյի համալսարանից նրա գործընկերները 2014 թվականից հետևել են Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի 2600 բնակիչների տեղաշարժին: Կամավորները պետք է կրեին հատուկ ապարանջաններ, որոնք հետևել են նրանց ֆիզիկական ակտիվության մակարդակին, ինչպես նաև պետք է պատասխանեին իրենց հոբբիին և կյանքի ոճին վերաբերող մի շարք հարցերի:
2016 թվականին շուկայում է հայտնվել Pokemon Go-ն, որը խաղալու համար գեյմերները ստիպված էին շատ տեղաշարժվել՝ փողոցներում, այգիներում և նույնիսկ գրասենյակային հաստատություններում փոքեմոններ որսալու նպատակով: Տոկիոյի համալսարանի անցկացրած փորձի մասնակիցների շուրջ 50 տոկոսը դարձել է Pokemon Go-ի ֆանատ, ինչը գիտնականներին մղել է նրանց ֆիզիկական ակտիվությունը նույն տարիքի և եկամուտների նման մակարդակով այլ կամավորների տեղաշարժի հետ համեմատելու մտքին:
Պարզվել է, որ բջջային խաղերի սիրահարները (նրանց միջին տարիքը կազմել է 56-57 տարեկան) ավելի ակտիվ էին՝ կատարելով միջինը 300-400 քայլ ավելի: Այս ցուցանիշը կազմում է օրական նորմայի մոտ 5 տոկոսը: Դրանից բացի, Pokemon Go-ն խաղացողներին օգնել է ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից, քանի որ հանուն փոքեմոններ որսալու նրանք ամեն օր քայլել են սովորականից 1 կմ ավելի:
Բարերար արդյունքը պահպանվել է 6-8 ամիս, և նույնիսկ ձմեռային ամիսները գեյմերների բարձր ֆիզիկական ակտիվությանը չեն խոչընդոտել:
Pokemon Go խաղը թողարկել է Niantic կորպորացիան 2016 թվականի հուլիսին: «Լրացված իրականության» տեխնոլոգիայի շնորհիվ այն վիտուալ և իրական աշխարհները մեկ ամբողջության մեջ է միավորում:
Ճապոնացի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Journal of Medical Internet Research ամսագրում: