Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր կազմակերպված ակցիային և ներկայացրել այն գործիքակազմը, որով, ըստ իրեն, օրենսդիր և գործադիր իշխանությունները կարող էին առաջնորդվել։
«Այսպես. որն էր նպատակը ժողովրդին ուղղված կոչի՝ կաթվածահար անելու դատական համակարգի աշխատանքը, այն դեպքում, երբ.
Երկրի Վարչապետը հանդիսանում է մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ղեկավարը, ուժի, որը խորհրդանում ունի բացարձակ մեծամասնություն:
Հարցադրումս իրապես կարևոր է, քանի որ փաստացի օրենսդիր և գործադիր իշխանության թևերը ներկայացնող քաղաքական ուժ ունի անհրաժեշտ գործիքակազմը կատարելու անհրաժեշտ բարեփոխումներ դատական համակարգում: Դրանք են.
1. Օրենսդրական նախաձեռնություն: Այս դեպքում և’ Կառավարությունը, և’ պատգամավորները, և’ խմբակցությունն ունեն օրենսդրական նախաձեռնության իրավունք: Այսինքն՝ առանց ավելորդ հուզականության, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի խախտման կարող էին ներկայացնել անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնությամբ և լուծում տալ համակարգային խնդիրների: Ի վերջո, դատարաներն առաջնորդվում են օրենսդրի՝ Ազգային ժողովի կողմից ընդունած օրենքներով:
2. Հանրաքվե: Կարելի էր հանրաքվե կազմակերպել, որի միջոցով հստակ կարտացոլվեր ժողովրդի կամաարտահայտությունը /կարծում եմ դատարանների առջև կանգնած 5-50 հոգին ժողովրդի կամաարտահայտության կամ դիրքորոշումը պարզելու չափման եղանակ չէ/: Ավելին՝ ներկայիս Սահմանադրությամբ սահմանադրական փոփոխություններ մի շարք հարցերի շուրջ հնարավոր է նաև կազմակերպել միայն Ազգային ժողովի կողմից:
3. Հանրագիր: Սահմանադրությամբ ներդրվել է նաև հանրագրի ինստիտուտը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք, որը հրաշալի եղանակ է ժողովրդի կողմից իրեն հուզող հարցերը բարձրաձայնելու, և դրանց պատասխան ստանալու համար: Բացի այդ, կարծում եմ, հասարակությունն արդեն ցույց է տել, որ ի վիճակի է բարձրաձայնել իրեն հուզող հարցերը:
Հետևաբար՝ այսօր կազմակերպված ակցիան ամեն դեպքում մնաց անհասկանալի, կամ էլ այն կարելի է որակել որպես պոպուլիզմի հերթական չափաբաժին: Իշխանությունը պետք է գիտակցի, որ այլևս իշխանություն է, և իրականացնի բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահած լիազորությունները:
Նմանաբնույթ իրավիճակներն ունենում են ռեգրեսիվ ազդեցություն իրավագիտակից քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացի վրա:
Զորակցությունս եմ հայտնում դատական համակարգի ներկայացուցիչներին, որտեղ աշխատում են բազում արդար, ազնիվ, և իրենց գործին նվիրված պրոֆեսիոնալներ»: