Հայաստանի խորհրդայնացումը (1920-19212.թթ.)
Advertisement 1000 x 90

Հայաստանի խորհրդայնացումը (1920-19212.թթ.)

1920-ի դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացավ։ Երկու ամիսը բավական եղավ, որպեսզի բոլշեւիկները վարկաբեկվեն ժողովրդի աչքում եւ Հեղկոմի իշխանությունը դիտվի որպես ատելի վարչակարգ։ Արդեն 1921-ի հունվարին 1200 հայ զինվորականներ ձերբակալվեցին ու աքսորվեցին Ռուսաստան։ Բանտերն ու Չեկայի զնդանները լցվեցին հայ մտավորականներով, պետական ու կուսակցական գործիչներով։

1921-ի փետրվարի 10-ին տեղի ունեցան նոր ձերբակալություններ։ Եւս 200 հոգու բռնությամբ տեղափոխեցին Չեկայի շենքը։ Նրանց թվում էին Հովհաննես Քաջազնունին, Լեւոն Շանթն ու Նիկոլ Աղբալյանը։ Փետրվարի 16-ին ապստամբ ժողովուրդը շրջապատեց մայրաքաղաքը։ Գիշերը Երեւանի բանտերում տեղի էին ունեցել դաժան սպանություններ…

ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1921 թ. Փետրվարյան ապստամբության

Փետրվար 18
Երեւան իջան Ախտայի, Կոտայքի ու Բաշ-Գառնիի ժողովրդական ապստամբ ուժերը՝ Կուռո Թարխանյանի ու խմբապետ Մարտիրոսի ղեկավարությամբ։ Երեւանը մաքրվեց բոլշեւիկներից, որոնք փախուստի դիմեցին Ղամարլու-Շարուր ուղղությամբ։ Ճանապարհին 60 մարդ սպանեցին գյուղերում, քշեցին տավարը։

Նույն օրը խորհրդարանի շենքում կյանքի կոչվեց Սիմոն Վրացյանի կառավարությունը՝ ՀՓԿ-ն (Հայրենիքի փրկության կոմիտե)։ Բանակի ընդհանուր հրամանատար նշանակվեց գնդապետ Կուռո (Սուրեն) Թարխանյանը։

Փետրվար 19
Լույս տեսավ ՀՓԿ պաշտոնաթերթ «Ազատ Հայաստան» թերթը։

Փետրվար 26-28
Բոլշեւիկյան զորամասերն անցան ընդհանուր հարձակման։ 2 կմ հեռավորությունից ռմբակոծում էին Երեւանը։ Ռումբեր ընկան նաեւ քաղաքի ամերիկյան որբանոցի վրա։ Թշնամու գրոհները հետ մղվեցին։

Մարտի 1
Կարմիրները գիշերը լքեցին դիրքերն ու փախան Երեւանի մատույցներից։ Նրանք Ղամարլուում (Արտաշատ) ու Շարուրում իրենց կատաղությունը թափեցին խաղաղ բնակչության վրա՝ սպանելով հազար գյուղացի։ Նրանց մի մասին կացնահարել ու լցրել էին հորերն ու գինու կարասների մեջ, բռնագրավել հացը, մթերքն ու անասունը։

Մարտի 15
ՀՓԿ-ն Երեւանում, Վաղարշապատում ու Աշտարակում հայտարարեց 20-32 տարեկանների զորակոչ։

Մարտի 15-20
Ղամարլուի ճակատում տեղի ունեցան կատաղի մարտեր ռուս-ադրբեջանական զորամասերի դեմ։ Հայ բոլշեւիկները շարունակում են բռնությամբ զինվորագրել երիտասարդությանը։

Մարտի 20
Թիֆլիսից Երեւան եկավ Հովհաննես Թումանյանը եւ ծանոթանալով իրերի կացությանը, հեռագրեց Օրջոնիկիձեին.

«Հինգերորդ օրն է Երեւանում եմ։ Հայաստանի դեպքերի մասին Թիֆլիսում եղած համոզումը իրականությանը չի համապատասխանում։ Շարժումը սկսվել է գյուղացիության մեջ, զանազան շրջաններում, տարածվել մինչեւ Երեւան եւ իր հետեւից քաշել մտավորականությանը։ Զենքը ձեռքին միմյանց դեմ են դուրս եկել մի կողմից Հայաստանի բանվորներն ու գյուղացիները, մյուս կողմից՝ կոմունիստների զինված խմբերը, եւ հոսում է արյունը առանց որեւէ թշնամության հիմքի եւ փոխադարձ բնաջնջման համար։ Ռազմաճակատում ընկեր կոմունիստները որոշ կերպով ասում էին, թե ամբողջ հեղափոխության ընթացքում կարմիր բանակն ավելի անմիտ կռիվ չի վարել։ Այդ պատճառով ջերմորեն խնդրում եմ ձեր հեղինակավոր միջնորդությունը, որպեսզի շուտափույթ վերջ տրվի արյունահեղությանը։ Անհրաժեշտ եմ համարում ավելացնել, որ հեղաշրջումից հետո ձերբակալված կոմունիստներից եւ ոչ մեկը, եւ ոչ մի ռազմագերի գնդակահարված չէ։ Նման հաղորդագրություն անում եմ եւ ռազմաճակատում գտնվող ընկեր կոմունիստներին»։

Օրջոնիկիձեն հեռագիրն անպատասխան թողեց։

Մարտի 25
Թշնամին անցավ ընդհանուր հարձակման։ Դաժան մարտեր Ախտայի ճակատում։

Ապրիլի 2
Քանաքեռի բարձունքից որոտացին ռուսական թնդանոթները… Հայոց զորքն ու բազմահազար բազմությունը նահանջեցին Սյունիք, ուր միանալով Գարեգին Նժդեհի զինուժին՝ մինչեւ 1921-ի հուլիսի 13-ը շարունակեցին պայքարը ռուս-թաթարական զավթիչների դեմ։

Նույն օրը թշնամին վախով իջավ ամայացած Երեւան, ուր նրան դիմավորեցին պարսից հյուպատոսը, մի ամերիկացի բժիշկ եւ Օրջոնիկիձեի ուղարկած բանաստեղծը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
ՀՓԿ հրամանատարական կազմը:

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր