Ամեն մարդ չէ, որ կարող է դիմանալ այս հոգեբուժարանին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ամեն մարդ չէ, որ կարող է դիմանալ այս հոգեբուժարանին. hraparak.am

Գեորգի Կուտոյանի մահվան մանրամասների վերաբերյալ Քննչական կոմիտեի հայտարարությունը նորանոր հարցականներ առաջ բերեց եւ էլ ավելի խճճեց մարդկանց, որոնք իրապես զարհուրած են նրանից, թե ինչ է կատարվում  Նոր Հայաստանում։ Եվ չեն հասկանում՝ ինչպես կարող էր 2000-ականներին «ամփոփված» քաղաքական սպանությունների շրջափուլը նորից բացվել։

Ինչեւէ, հարցերից մեկն այն էր, թե ինչու Գեորգի Կուտոյանի կնոջը, ով տեղյակ է եղել, որ ամուսինը մոտ 20 օր առաջ, ալկոհոլ օգտագործած վիճակում, 35-40  անկանոն կրակոց է արձակել տան պատերին (GLock 34-ում, ըստ այս զենքի տեխնիկական բնութագրերի, մեկ փամփշտակալում կարող է լինել 8-16 մամփուշտ, եւ, հետեւաբար, մարդը  2-5 «մագազին» դատարկել է), չի անհանգստացրել այն, որ ամուսինը գնում է իրենց՝ ամուսնական տուն՝ 2-3 օրով այնտեղ մեկուսանալու։ Կամ՝ եթե անհանգստացրել է, ինչո՞ւ չի փորձել կանխել։ Կամ՝ ինչո՞ւ է Կուտոյանը խնդրել, որ կինը փամփուշտները հավաքի, դնի սեղանին, ինչո՞ւ ինքը դա չի արել։ Հարցեր, որ այս 2 օրվա ընթացքում բարձրացրել են իրավաբանները, փաստաբաններն ու քաղաքական գործիչները։ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը, օրինակ, գրել էր․ «Ինչ-որ մեկը մեզ ուզում է ցույց տալ, որ ԱԱԾ-ում, ոստիկանությունում ղեկավար պաշտոնների աշխատել են թույլ, ոչ ադեկվատ, հիվանդ ու ցնորված ալկոհոլիկներ…»։

Հենց այս հարցով էլ սկսեցինք մեր հարցազրույցն 90-ականների ԱԱԾ տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ։ Թե արդյոք հատուկ ծառայության ղեկավարը կարո՞ղ է լինել այն աստիճան հուզական վիճակում, որ պատին 35 հատ կրակոց արձակի ու դրանից առաջ էլ ալկոհոլ օգտագործած լինի։ Գուրգեն Եղիազարյանն ի պատասխան ասաց, որ, ըստ իր տեղեկությունների, Գեորգի Կուտոյանն ընդհանրապես խմիչք չէր օգտագործում։ «Խմիչքի օգտագործումն այդ երկու օրերին, այս՝ կրակելու եւ այլն, դա իր բնութագրի մեջ երբեւէ չի եղել, ուրեմն նյարդային վիճակն էնպիսին է եղել, որ բերել է դրան»,-արձանագրում է Եղիազարյանը։ Իսկ այդ կրակոցները  կարո՞ղ էին ենթագիտակցաբար հոգու ճիչ լինել, որ  միգուցե ինչ-որ մեկը լսեր, հաղորդեր, թե ինչու է այս մարդը կրակում։ ԱԱԾ նախկին աշխատակիցն ասում է, որ թե՛ այդ կրակոցները,  թե՛ այն, որ ալկոհոլ չօգտագործող մարդը կոնյակ է խմում, թե՛ մեկուսանալու ձգտումը, այս ամենը խոսում է նրա հոգեկան ապրումների ու  խոր դեպրեսիվ վիճակի մասին։ Հետեւաբար, Եղիազարյանի համար կատարվածը շատ նման է ինքնասպանության։

Ըստ Եղիազարյանի՝ այլ բան է, երբ դեպքի վայրը սեփական աչքով ես տեսնում, դա  «ընդհանուրի 50+ տոկոսն է», իսկ ՔԿ-ի մինչ այս հաղորդած, նրա գնահատմամբ՝ կցկտուր տեղեկատվության հիման վրա ինչ-որ բան ասելը  նա անշնորհակալ գործ է համարում։ Բայց մի բան կարող է ասել, մասնավորապես, որ մենք ապրում ենք հիվանդ հասարակությունում։ «Նիկոլը Հայաստանը սարքել է մեծ հոգեբուժարան՝ չունենալով օրակարգ, բա ամեն օր գլխից մի բան է հանում։ Եվ ամեն մարդ չէ, որ կարող է դիմանալ էս հոգեբուժարանին»,- շարունակեց Եղիազարյանը։ Նա բերեց ասվածի օրինակներ, որոնցից մեկն էլ այն է, որ «այսօր հանգուցյալ Կուտոյանի ընկերները Հայաստանում  տոտալ հետապնդումների են ենթարկվում։

Մեկը՝ ՍԴ նախագահը, բռնում են սանիկներին, քավորներին, հարեւաններին, տանում են հարցաքննության 75 տարեկան հորը, հարցաքննում են երեխաներին։ Եվ նման օրինակները բազում են, մենք ապրում ենք աննորմալ ռեժիմով, օրակարգով, եւ այս օրակարգն ազդում է մարդկանց հոգեկան աշխարհի վրա»։

Նշենք, որ ԱԱԾ նախկին ղեկավարի մահվանն անդրադարձավ նաեւ միջազգային մամուլը՝ ռուսաստանյան  RBK-ից մինչեւ The Washington post, եւ «Հրապարակը» ռուսաստանյան ոչ անհայտ եւ որոշակի շրջանակները ներկայացնող Մոդեստ Կոլերովից փորձեց պարզել, թե այս սպանությունն ինչ ռեզոնանս է ստացել ռուսական քաղաքական շրջանակներում։ Կոլերովն ի պատասխան նետեց․ «Ոչ մի հատուկ ռեզոնանս էլ չկա․․․ իսկ ի՞նչ էիք սպասում, ձեզ համար սա արդեն սովորական բան է… սպանությունները, կադրային խառափնթոր եւ անկանոն փոխատեղումները»։  Ստիպված էինք Կոլերովին հիշեցնել, որ Ռուսաստանն ամենամեծն է գնդակահարված, կախված, պատուհանից դուրս նետված, կասկածելի պայմաններում մահացած ուժայինների ու գեներալների թվով, բայց ռուսաստանցի քաղաքագետն էլ արձագանքեց․ «Այո, ճիշտ եք, բայց դրանք առաջին դեմքեր չեն եղել, եւ երկրորդ․ մեզ մոտ մարդիկ պատուհանից ցած են ընկել 91-ին՝ իշխանափոխության ժամանակ։ Մենք սա վաղուց ենք անցել, իսկ ձեզ մոտ շարունակվում է»։ Մոդեստ Կոլերովն ընդգծեց՝ քաղաքական հնչեղ սպանությունները կատարվում են իշխանափոխության պատճառով։ Նա բազմանշանակ ասաց․ «Իշխանության յուրաքանչյուր փոփոխություն ստեղծում է կադրային ճգնաժամ»։ Մոդեստ Կոլերովից մի քանի ընդգծումներ եւս․ «Նա նախկին իշխանության ներկայացուցիչ էր եւ երեւի թե ինչ-որ հիմքեր ուներ»։ Ի՞նչ հիմքեր, ինչի՞ պատճառով, գաղտնի տեղեկատվության լայն բազա՞ն նկատի ունեք։ Կոլերովն ասում է, որ գաղափար չունի, ու ավելացնում․ «Միգուցե նա ինչ-որ մեկից նեղացա՞ծ էր»։

Կոլերովին հարցրինք նաեւ՝ հավանական համարո՞ւմ է, որ ռուսաստանյան իշխանություններն այստեղ իրենց սեփական հետաքննությունն անցկացնեն։ Կարծում է՝ ոչ։ Նաեւ չի կարծում, որ Գեորգի Կուտոյանն այն պաշտոնյան էր, որ ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության հետ շատ էլ սերտ կապեր ունենար։ Ինչո՞ւ։ Ասաց․ «Նա եկել էր արտասահմանից (նկատի ունի Մեծ Բրիտանիայում սովորելը), նա այլ՝ նախկին կադրային համակարգից էր»։

Ի դեպ, արտասահմանը հիշատակելու առիթով՝ արդյոք ԱԱԾ  նախկին ղեկավարը կարո՞ղ էր մեկնել Մեծ Բրիտանիա, եթե նկատի ունենանք, որ համակարգի շարքային աշխատակիցներն են սահմանափակված լինում արտասահմանյան ուղեւորությունների հարցում։ Մոդեստ Կոլորովը, ի պատասխան, շատ իմիջիայլոց նկատեց․ «Հա, ի՞նչ կա, որ Ձեր գործող նախագահն էլ Անգլիայից էր։ Նա էլ վարչապետ էր, հետո՝ Անգլիայում դեսպան եւ նույնպես տեղեկատվության էր տիրապետում, գնաց, հետո եկավ։ Եվ Փաշինյանն էլ իր վրա պատասխանատվություն վերցրեց՝ ասելու, որ նրա քաղաքացիության հարցում ամեն ինչ նորմալ է»։ Որպես ամփոփում՝ մերձկրեմլյան շրջանակները ներկայացնող վերլուծաբանն ընդգծեց, թե ինքը բոլորովին հակված չէ «18 թվականի իրադարձությունները» կոչել հեղափոխություն՝ նկատի ունենալով, որ նախկին նախագահի պաշտոնը պահպանվում է։ «Այդ ի՞նչ հեղափոխություն է, եթե Նիկոլայ Երկրորդը մինչեւ հիմա գահի վրա է։ Բայց ձերոնք դա կոչում են հեղափոխություն, իսկ հեղափոխությունները միշտ ուղեկցվում են կադրային կորուստներով»,- նկատեց Մոդեստ Կոլերովը։

hraparak.am