Մենք տեղյակ ենք եղել պաստառի գոյության մասին,1991-ին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված «Այո»֊ի նկարազարդումը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր.«Այո»-ի բրենդինգը հաղթած ընկերության պարզաբանումը
Advertisement 1000 x 90

Մենք տեղյակ ենք եղել պաստառի գոյության մասին,1991-ին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված «Այո»֊ի նկարազարդումը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր.«Այո»-ի բրենդինգը հաղթած ընկերության պարզաբանումը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի բրենդինգի մրցույթը շահած Garoon գործակալության ֆեյսբուքյան էջը պարզաբանում է տարածել՝ կապված 1991 թ. անկախության հանրաքվեի տարբերանշանի կրկնության հետ:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ, ստորև պարզաբանում եմ ստեղծված իրավիճակը։ Հանդիսանալով մարքեթինգային կազմակերպություն, և ծանոթ լինելով հեղինակային իրավունքի խախտման մասին օրենքներին, ինչպես նաև տիրապետելով դիզայնի, առաջխաղացման և գովազդի բոլոր մանրամասներին, պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք, իհարկե, տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը։

Պարզաբանում ենք, որ 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթում տեղ գտած նկարազարդման/poster գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր։ Այն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատման կոչի, և, իհարկե, «Այո՛»-ի ոգին։ «Գարուն»- ը տեղին է համարել օգտագործել պաստառի տառատեսակը, և մշակելով այն, վերածել է «Այո՛» արշավի լոգոտիպի։

Նշեմ, որ ՀՀ օրենսդրությունը հստակ տարբերակում է պաստառի և լոգոտիպի սահմանումը, ինչպես նաև հեղինակային իրավունքի խախտման կարգը։ «Գարուն»- ը որևէ մեկի հեղինակային իրավունքը չի՛ խախտել։

Հարգելով Նիկոլայ Ենգիբարյանի, Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի, Ստեփան Նորոյանի աշխատանքը՝ մենք միանում ենք «Այո՛» շտաբի որոշմանը։ «Գարուն» գործակալության ստեղծած և մշակած լոգոտիպը կշարունակի մնալ «Այո՛» արշավի խորհրդանիշը, և մեր գաղափարը կծառայի իր նպատակին։

Շնորհակալ ենք բոլորին՝ արտահայտած հետաքրքրության, կարծիքների և սատարման համար։»,- նշվում է պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարել էր «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ, որի հաղթողը կստանար 3 միլիոն դրամ: Նախօրեին «Այո» քարոզչական կողմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր բրենդինգի մրցույթի հաղթողի անունը.

«Տասնյակ արժանի տարբերակներից կատարվեց բարդ ընտրություն։ Ներկայացնում ենք առաջին տեղը գրաված լոգոն, որը պատրաստել է Garoon գործակալությունը»,- նշված էր «Այո»-ի հայտարարությունում:

Սակայն պարզվեց, որ «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը նոր չէ: Իրավապաշտպան, «Ոչ» քարոզչական նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում 90-ականների մամուլից մի լուսանկար է հրապարակել, որը 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի քարոզն է ներկայացնում։ Լուսանկարում զանգի մեջ պատկերված «Այո»-ն կրկնում է «Այո» քարոզչական կողմի՝ օրերս հրապարակած տարբերանշանի «Այո»-ն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուքի» իր էջում ավելի ուշ նշել է, որ «Այո»-ի բրենդինգի մրցույթի համար հատկացված գումարը կբաշխվի երեք մարդու միջև:

«Դե ինչ, ընկերներ, «Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991 թ․-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանին, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանին և Նարոյան Ստեփանի իրավահաջորդին։ Յուրաքանչյուրին՝ 1 միլիոն ՀՀ դրամ։

Սա ֆանտաստիկ պատմություն էր՝ ֆանտաստիկ սիմվոլիկայով»։