Վասակ Դարբինըան. «Մարդկությունը շարունակվելու է նոր հնարավորություններ փնտրել այլասերվելու համար, մտովի իրենից վանելով, ժամանակի հեռավոր խորքերը մղելով, գալիք սերունդներին ժառանգելով հաջորդ փորձությունը…»
Advertisement 1000 x 90

Վասակ Դարբինըան. «Մարդկությունը շարունակվելու է նոր հնարավորություններ փնտրել այլասերվելու համար, մտովի իրենից վանելով, ժամանակի հեռավոր խորքերը մղելով, գալիք սերունդներին ժառանգելով հաջորդ փորձությունը…»

Ինչու է եկել կորոնավիրուսը, ինչ է ասում մեզ, ինչպես դիմավորենք ու ճանապարհենք նրան

Այս տողերը գրում եմ COVID-19-ի վերելքի օրերին՝ 2020-ի ապրիլի սկզբին, երբ դեռ հայտնի չէ, թե երբ է գտնվելու դրա հակամարմինը, էլի որքան է մոլեգնելու, և քանի հոգի է զոհ գնալու պատուհասին:

Երբ մարդկությունը մոլորված է, և հիվանդանոցներն ու բժիշկները կարծես չեն բավարարում:

Երբ ոմանք վախեցած են ու հիվանդագին աստիճանի զգուշավոր, ոմանք էլ թքած ունեն կարգապահության, իրենց և իրենց մտերիմների ճակատագրի վրա:

Երբ ոմանք փորձում են թաքնվել, ոմանք էլ խելագարվում են մենությունից, ոմանք ապավինում են գերբնական ուժերին ու գերադասում աղոթել, քանի որ գիտակցում են իրենց անզորությունը, ոմանք էլ թաքուն հույս են փայփայում, թե վիրուսը կշրջանցի իրենց, ոմանք վստահ են, թե կհաղթահարեն վարակը, ոմանք էլ չարախնդում են կամ մեղավորներ փնտրում, որ այն դեռ տարածվում է:

Այսուհանդերձ, փորձենք հասկանալ, թե ինչու է եկել COVID-19-ը, ինչ է ասում մեզ, և ինչպես դիմավորենք ու ճանապարհենք նրան.

– եկել է հասկացնելու այն, ինչ դարեր շարունակ սովորեցնում են ուսուցիչները, իմաստուններն ու փիլիսոփաները, փորձում են չափի բերել խրատներն ու պատվիրանները,

– զսպելու թշնամանքն ու պատերազմները ժողովուրդների և պետությունների միջև, համատարած ատելությունը, տարատեսակ հանցագործությունները, ցոփ խրախճանքներն ու հավաքույթները, ի ցույց դնելով այս ամենի անմտությունը, սանձելու փառամոլությունն ու չարագործությունը, որ սրանց սիրահարները այսուհետ ապրեն զուսպ և զբաղվեն մարդավայել գործերով,

– զգուշացնելու, թե որքան ողորմելի և անպաշտպան է մարդկությունը, չնայած աշխարհը կործանելու, շրջակա միջավայրն ապականելու, աշխարհի և կենսոլորտի մատչելի տիրույթները փչացնելու իր անսահման ռեսուրսներին,

– հիշեցնելու, թե որքան փխրուն է մարդը, չնայած հզորության, բանականության, տաղանդի զարմանահրաշ դրսևորումներին, կատարելության ձգտմանը, նաև՝ մեծամտությանը, անփութությանն ու անպատկառությանը,

– բացատրելու, թե որքան խոցելի են ոչ միայն աղքատները, հիվանդները, խեղճերը, բարիները, սովորական մարդիկ,- այլև հզորները, հարուստները, հղփացածները, մեծամիտները, չարագործներն ու մոլագարները,

– կասեցնելու խելահեղությունն ու խելահեղ մրցավազքը, միմյանց նսեմացնելու, ունեցվածքից զրկելու, իրար ատելու և ոչնչացնելու մոլուցքը, քանի որ այդ ամենը կարող է իմաստազրկվել իր կամ իրենից փոքր-ինչ տարբեր մեկ այլ չնչին վիրուսի գոյությամբ,

– զգաստացնելու ամենքին, սահման դնելու ագահությանը, որ ամսական մեկ կամ մի քանի միլիոն ստացողը գիտակցի՝ կուտակածը հետը չի տանելու ուրիշ աշխարհ,- նաև՝ վերականգնելու կարեկցանքն ու բարեսրտությունը, որ հաց ունեցողը կիսի այն չունեցողի հետ,

– ժամանակի և տարածության ընկալումները փոքր-ինչ խմբագրելու՝ ապրելու տեմպը փոխելու, ժամանակի մեջ դադար տալու, սոցիալական տարածություն սահմանելու, շփումները նվազեցնելու,- այս կերպ հնարավորություն տալով սովորել չիմացած բաներ, տեսնել ու ճանաչել այն, ինչ մնում էր աննկատ, մտածել այն, ինչի համար ժամանակ չկար, հասկանալ՝ ում հետ ես ուզում հարաբերվել, ում հետ՝ ոչ, ուր ես ուզում գնալ, ինչից ես հոգնել, ինչի ես ձգտում, ումից ես ձանձրացել, ում ես սիրում և ում ես կարոտում,

– ասելու, որ մահը ընտրություն չի անում՝ չի խնայում և խղճում լավերին ու արժանավորներին, պատկառանք չի տածում տաղանդավորների, հայտնիների կամ մեծահարուստների հանդեպ, և չի պատժում ու տանում միայն վատերին, անտաղանդներին և ընչազուրկներին:

Ամենացավալին այն է, որ այս ամենը հասկանալու են քչերը՝ պարկեշտ, բարեկիրթ ու նորմալ մարդիկ, որոնք առանց այս էլ հասկանում էին: Անպարկեշտները, տականքները, ստահակները չեն հասկանալու կամ հասկանալու են մասամբ:

Առավել ցավալին այն է, որ վիրուսը շատ կարճ ժամանակում դեռ ընդհատելու է տասնյակ ու հարյուր հազարավոր կյանքեր, պատճառելու է տարատեսակ անչափելի կորուստներ, իսկ նրա նահանջելուց հետո առանձնապես բան չի փոխվելու ողջ մնացածների ընկալումներում: Մարդկությունը շարունակվելու է նոր հնարավորություններ փնտրել այլասերվելու համար, մտովի իրենից վանելով, ժամանակի հեռավոր խորքերը մղելով, գալիք սերունդներին ժառանգելով հաջորդ փորձությունը…

Իհարկե, միշտ և ամենուր կգտնվեն այս աշխարհի հավասարակշռությունը պահողներ, և որ ամենագնահատելին և անուրանալին պիտի լինի՝ իրենց անձնվիրությամբ ու ինքնազոհությամբ հերթական աղետից, կործանումից կամ պարզապես խուճապից փախչողներին փրկության ափ հասցնողներ,- բայց հիշենք, որ մեր կենցաղավարությամբ մեզնից յուրաքանչյուրը կարող է նպաստել վարակի կամ տարածմանը, կամ կասեցմանը… Երկու դեպքում էլ հետևանքները կանխատեսելի են:

Վասակ Դարբինյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր