22-ամյա Մուշեղը պատերազմի ժամանակ 180-ից ավել «ասկոլկա» է ստացել, կորցրել մեկ աչքը, ամբողջովին վնասել դեմքի աջ կողմի ոսկորները, բայց այսօր պետության կողմից մատնվել է անտարբերության. pastinfo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

22-ամյա Մուշեղը պատերազմի ժամանակ 180-ից ավել «ասկոլկա» է ստացել, կորցրել մեկ աչքը, ամբողջովին վնասել դեմքի աջ կողմի ոսկորները, բայց այսօր պետության կողմից մատնվել է անտարբերության. pastinfo.am

22-ամյա Մուշեղ Կարապետյանը մեկն է այն հազարավոր տղաներից, որոնք պատերազմի հենց առաջին օրերին կամավորագրվեցին և մեկնեցին հայրենիքը պաշտպանելու։

Սեպտեմբերի 28-ին Մուշեղն արդեն Քարվաճառում էր, որտեղ մասնակցել է ռազմական գործողություններին, իսկ հոկտեմբերի 2-ին վիրավորվել՝ կորցնելով մեկ աչքը։ Մուշեղն առանց վարանելու, անգամ առանց մոր հետ խորհրդակցելու պետության համար օրհասական պահին կանգնեց առաջնագծում, իսկ այժմ ինչպես նա է նշում, նույն այդ պետությունն անուշադրության է մատնել իրեն և հազարավոր այլ տղաների, որոնք մարտի դաշտից տարբեր վնասվածքներով վերադարձան։

«Մարզերի վիրավորներին անտերության են մատնել։ Այնքան մարդիկ կան մարզերից, որոնց մասին անգամ չգիտեն, և ես 8 ամիս է, ինչ պայքարում եմ այդ անարդարությունների դեմ և ուզում, որ պատշաճ կերպով ուշադրություն դարձնեն պատերազմում վիրավորվածներին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Մուշեղը։

Մուշեղը 3-րդ կարգի հաշմանդամություն է ստացել, սակայն մի քանի անգամ բողոքարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այս որոշման դեմ, քանի որ կարծում է՝ 2-րդ կարգի հաշմանդամություն պետք է ստանար։

«180-ից ավել ասկոլկա ունեմ, դեմքիս աջ կողմի ոսկորներն ամբողջովին կոտրված են, հոգեբանական խնդիր ունեմ, հոգեմետ դեղեր եմ օգտագործում։ Բողոքարկել եմ հաշմանդամությանս կարգը, բայց ասում են՝ պետք է վնասվածքը մեկը մյուսին բարդացնի, որ կարողանամ 2-րդ կարգ ստանալ»,-ասաց Մուշեղը։

Վերջինս ամսական 63 հազար դրամ թոշակ է ստանում, սակայն նշում է, որ դա չի բավականացնում և՛ իր դեղերին, և՛ այլ ծախսերին։ Նախքան պատերազմին մասնակցելը՝ Մուշեղն անվտանգության աշխատակից էր և կարողանում էր իր աշխատանքով հոգալ իր և թոշակառու մոր ծախսերը, սակայն վիրավորում ստանալուց հետո չի կարող աշխատել, հետևաբար ակնկալում է, որ գոնե թոշակի չափը կվերանայվի ու կբարձրացվի։

«ՊՆ-ի աշխատակիցն ինձ ասում է՝ 63 հազար դրամ թոշակ ես ստանում, չե՞ս հասցնում դեղերդ առնել։ Բացատրում եմ, որ մինչև պատերազմը մեր տան միակ աշխատողը ես էի։ Պատերազմի ժամանակ ամեն ինչ թողեցի ու կամավոր գնացի, իսկ հիմա երբ եկել է ժամանակը, որ իրենք պետք է ինչ-որ բան անեն, ասում են՝ 63 հազար դրամ թոշակ ենք տալիս։ Դրանով դեղերը գնե՞մ, հաց ուտե՞մ, թե՞ մյուս ծախսերն անեմ։ Մայրս էլ ինձնից հիվանդ է։ Ինքն ինձ է խնամում, ես նրան»,-նշեց Մուշեղը՝ հավելելով, որ ի սկզբանե իր թոշակը 25 հազար դրամ էր, սակայն հետևողական աշխատանքից և մի նախարարությունից մյուսը վազելուց հետո բարձրացրեցին։

Մուշեղը պատերազմից հետո բարերարների օգնությամբ Մոսկվայում պրոթեզավորվել է, սակայն 6 ամիս կամ տարին մեկ անգամ պետք է աչքի պրոթեզը փոխի։ Երբ այդ հարցով դիմել է նախարարություն՝ նոր պրոթեզ ստանալու համար, մոտ 1.5 ամիս սպասել է։

«1.5 ամիս սպասել եմ այդ պրոթեզին։ Հասկանու՞մ եք՝ առանց աչք լինելն ինչ է նշանակում, երբ ամեն անգամ արթնանալիս պատին ես հարվածում քեզ։ Այս խնդիրն ունեցողները մինչ օրս չեն կարողանում առանց թափելու ջուր լցնել բաժակի մեջ։ Միան այն բանից հետո, երբ զանգահարեցի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և կոպիտ խոսեցի նրանց հետ, հիշեցին, որ պրոթեզս պատրաստ է»,-նշեց Մուշեղը։

Վերջինիս համար խնդիր է նաև ամեն անգամ հիվանդանոց գնալ-գալը, քանի որ ապրում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Երևան գալն անցանկալի լրացուցիչ ծախս է նրա համար։

Մուշեղ Կարապետյանը նաև նկատում է՝ նոր որոշման մասին է խոսք գնում, որ ամսեկան 100 հազար դրամ օգնություն պետք է տրամադրեն պատերազմում վիրավորում ստացածներին, սակայն Մուշեղի խոսքով խնդիրն այն է, որ ծրագրի շահառու դառնալու համար հաշմանդամության կարգ ստանալուց հետո 22 օրից ավել պետք է հիվանդանոցում գտնված լինեն։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պետք է բոլոր վիրահատությունները տանես, հիվանդանոցից դուրս գրվես և նոր կարողանաս քո կարգի հարցերով զբաղվել։ Ստացվում է՝ 10 հազար վիրավորից ընդամենը 10-15 հոգի կարող է իր զինհաշմանդամության կարգը ստանալուց հետո հիվանդանոցում պառկած լինի և օգտվի այդ օգնությունից։ Մեզ անուշադրության են մատնել։ Այս վիճակով ո՛չ կարող ենք մեքենա վարել, ո՛չ պետական համակարգում աշխատանքի կընդունեն, ի՞նչ պետք է անենք»,-նշում է պատերազմի մասնակիցը։

Վերջինս կարևորում է նաև հոգեբանական աջակցությունը։ Անձամբ իր հետ պատերազմից հետո մի քանի օր հոգեբաններն աշխատել են, սակայն այժմ էլ նա հոգեբանի աջակցության կարիքն ունի, քանի որ պատերազմական սթրեսի հետևանքներն ամբողջությամբ վերացած չեն։

pastinfo.am