Կումամոտոյի համալսարանի (Ճապոնիա) գիտնականները փորձերի արդյունքում ապացուցեցին, որ մատչա կանաչ թեյը օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ և նույնիսկ կարող է փոխարինել հակադեպրեսանտներ ընդունելուն: Մատչայի այս հատկությունը վաղուց էր հայտնի, բայց «ժողովրդական իմաստության» մակարդակով և այս խմիչքի սիրահարների սուբյեկտիվ պնդումներով։ Այժմ հետազոտողները գիտական ապացույցներ ունեն, որ մատչան կարող է օգնել պայքարել մի հիվանդության դեմ, որին իրենց կյանքի ընթացքում բախվում են աշխարհի չափահասների մինչև 20%-ը:
Մատչան պատրաստվում է նույն բույսից, ինչ և սև կամ կանաչ թեյը, բայց մշակվում է բոլորովին այլ տեխնոլոգիայով՝ տերևները մանրացվում են մինչև կանաչ փոշի: Ստացված փոշին չեն եփում, այլ հարում են եռման ջրի մեջ հատուկ հարիչով։ Գործընթացը մեդիտատիվ բնույթ է կրում և սերտորեն կապված է զեն բուդդիզմի ավանդույթների հետ, իսկ մատչան ինքնին վաղուց համարվում է առողջարար ըմպելիք: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ թեյի այս տեսակը չափազանց հարուստ է հակաօքսիդանտներով։
Դեպրեսիայի զարգացումն ուղղակիորեն կապված է դոֆամինային համակարգի գործառույթի արգելակման հետ։ Այս երևույթի պատճառները բազմաթիվ են, բազմաթիվ են նաև դոֆամինի մակարդակը շտկելու ուղիները, սակայն դրանցից շատերն ունեն բացասական կողմնակի ազդեցություններ։
Մատչայի դեպքում մկների վրա կատարված փորձերը չեն հայտնաբերել որևէ կողմնակի ազդեցություններ։ Լաբորատոր մկներին ուսումնասիրելիս ճապոնացի գիտնականներն արձանագրել են, որ մատչայի օգտագործումն ակտիվացնում է ուղեղի նախաճակատային կեղևը և հարակից կորիզը։ Առաջինը կապված է սթրեսի առաջացման հետ, երկրորդը պատասխանատու է ուղեղը խթանող հորմոնների արտադրության համար։ Երկու հատվածներն էլ ուղղակիորեն ազդում են դոֆամինի արտադրության վրա, ինչը հաստատում է, որ մատչան ունի դեպրեսիայի դեմ պայքարելու ազդեցություն։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը