ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է
Advertisement 1000 x 90

ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է

«Փաստինֆոն» գրում է. «ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չի սահմանվել, սակայն չեն պարզաբանում՝ ինչ իրավական հիմքով է սահմանափակվում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը- մուտքն ու ելքը՝ Կիրանց։

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է՝ Կիրանցում սահմանվել է ապօրինի անցագրային ռեժիմ եւ ոստիկանությունը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Ոստիկանները կրկին պատ են կազմել ու արգելել նաեւ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց՝ առանց որեւէ իրավական հիմնավորման, անգամ ոստիկանական հերթապահություն է սահմանվել միջհամայնքային ճանապարհներին եւ հարեւան գյուղերի բնակիչներին եւս թույլ չի տրվում այցելել Կիրանց։ ՆԳՆ պաշտոնական պատճառաբանությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին ականազերծման աշխատանքներ են իրականացվում և նշված աշխատանքների իրականացման շրջանակներում՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու համար, սակայն նկատենք, որ ոստիկաններն արգելում են քաղաքացիների մուտքը գյուղի տարածք, որտեղ ապրում են բնակիչները ու հաստատ այնտեղ ականապատ տարածքներ չկան։

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Ոսկեպարում ևս ականազերծման աշխատանքներ են իրականացվել օրերս և այո, իրապես ոստիկանությունն այնտեղ ևս ուժեղացված ծառայություն էր իրականացնում՝ թույլ չտալով, որ քաղաքացիները մոտենան ականապատ հատվածը, սակայն որևէ արգելք չի եղել՝ Ոսկեպար մուտք գործելու, անգամ քաղաքացիները սրբազանի ուղեկցությամբ ի վերջո բարձրացել էին Ոսկեպարի եկեղեցի, իսկ այս դեպքում առհասարակ արգելվում է քաղաքացիների մուտքը գյուղ, թեև Բագրատ Սրբազանն ինքը հայտարարում է, որ չեն պատրաստվում մոտենալ ականապատ գոտի։

ՀՀ ՆԳՆ-ից որևէ պարզաբանում չներկայացրին, թե ինչ հիմքով է քաղաքացիների մուտքն արգելվում՝ առաջարկելով որպես հիմք ընդունել ավելի վաղ տարածած հաղորդագրությունը, որի մասին մենք արդեն հիշատակեցինք։ ՆԳՆ-ից միայն նշեցին, թե հատուկ ռեժիմ առկա չէ, իսկ թե ինչու է նման մոտեցում ցուցաբերվում Կիրանցի դեպքում, մինչդեռ, Ոսկեպարում նման սահմանափակում չի եղել՝ որևէ պարզաբանում չներկայացվեց։ Սրանից հետեւում է, որ ոստիկանությունը գերազանցում է իր լիազորությունների շրջանակը, ինչը արդեն հանցագործություն է։

Մենք նաև փորձել ենք կապ հաստատել ՀՀ ՊՆ-ի հետ՝ պարզելու, թե արդյոք Կիրանցում ավարտվել են ականազերծման աշխատանքները, թե ոչ, եթե ոչ, ապա՝ արդյո՞ք այսօր ևս դրանք շարունակվում են, սակայն առ այս պահը որևէ պարզաբանում չի ներկայացվել։ Ոսկեպարում եւ Բերքաբերում, ըստ էության, 1-ական օր է տեւել, ավելին՝ ՊՆ-ն մյուս գյուղերի տարածքներում ականազերծում իրականացնելիս նախապես զգուշացրել էր հնարավոր պայթյունների մասին, իսկ այս դեպքում նման նախազգուշացում չկա։

Այլ կերպ ասած՝ Կիրանցը պաշարվել է հայ ոստիկանների կողմից՝ այն թշնամուն անարգել հանձնելու համար, իսկ դատախազությունը շարունակում է հովանավորել ՀՀ տարածքային ամբողջականության ու պետության անվտանգության դեմ իրականացվող քայլերը»։



Նման նյութեր