«Սա խուժանի պատերազմն է, որ տարիներ շարունակ ընթացել է Հրաչի դեմ»
Advertisement 1000 x 90

«Սա խուժանի պատերազմն է, որ տարիներ շարունակ ընթացել է Հրաչի դեմ»

Գրող, հրապարակախոս, լրագրող Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ Էջմիածնի նախկին քաղաքապետի ավտոմեքենայի անվադողերը ծակեցին, հետո կռիվ սարքեցին և Հրաչ Աբգարյանին ծեծեցին, ոչ ոք ոչինչ չձեռնարկեց:

Ամիսներ անց՝ այսօր, կարդում եմ թե ինչ է կատարվել Էջմիածին քաղաքում և չեմ կարող չպատմել մի պատմություն, որ առնչվում է Հրաչ Աբգարյանին:

Ուրեմն՝ 90-ականներն էին, նոր անկախացած երկիր էինք, սահմաններում պատերազմ էր, ներսում դժվար օրեր:Մութ ու ցուրտ ժամանակները չեմ շեշտում,ուղղակի ասում եմ ծանր ժաամանակներ էին: Երեխաների համար Ապարանի Լուսագյուղ գյուղի անտառային հատվածում վրանային ճամբար էինք կազմակերպել:

Մասնակիցների մեջ էր նաև Հրաչի լուսահոգի որդին, որ վերջերս ծանր հիվանդության պատճառով հրաժեշտ տվեց կյանքին: Մի օր գնում եմ բանակավայր, տեսնեմ վրանային ճամբարից հեռու, անտառի մեջ մի անծանոթ վրան է խփած: Մոտենում եմ վրանին, որ տեսնեմ՝ ովքեր են:

Մտնում եմ ներս, տեսնեմ Հրաչը որսորդական հրացանը կողքին նստած է: Զարմացած հայացքիս նայելով, ասում է՝ «Ես ծնող եմ, երկու տղաներս Ձեր մոտ են: Իրենք չգիտեն, որ ստեղ եմ, դու էլ մի ասա, թող ոչ ոք չիմաա: Ես գիշերները նստում եմ, հեռվից հսկում եմ, որ շակալները ճամբար չմտնեն, երեխաներին չվնասեն»:

ejmi

Քիչ զրուցելուց և շնորհակալություն հայտնելուց հետո, քայլում եմ դեպի ճամբար, մտնում եմ խոհանոց… և ի՞նչ տեսնեմ:

Խոհանոցում երկու պարկ ալյուր կա, մեկ պարկ շաքարավազ և մակարոնեղեն: Խոհանոցի պատասխանատուից հետաքրքրվում եմ, թե դրանք որտեղից:

Ասում է՝ Էջմիածինի երեխաներից մեկի ծնողն է ուղարկել, հետո ավելացնում է, ասացին՝ բանակումի ավարտին ոչխար էլ են բերելու: Այդպես ես ծանոթացա Հրաչ Աբգարյանի հետ և հետագայում հաճախ էինք հանդիպում: Հրաչ Աբգարյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Էջմիածին քաղաքում կանգնեցվեց զոհված ազատամարտիկների հիշատակի հուշարձանը:

Նա նաև օգնում էր Ճակատ մեկնած տղերքին և նրանց ընտանիքներին:

Հրաչը առաքինի անձնավորություն է, հրաշալի հայր և մարզիչ: Նա լինելով բոքսի ՍՍՀՄ չեմպիոն, ամեն ինչ անում էր, որ Էջմիածինում երեխաները սպորտին մոտ լինեն: Իր հարազատ քաղաքում մարզադպրոց կառուցեց և ոչ միայն պրոֆեսիոնալ բոքսի մարզիկներ էին պատրաստվում այդ դպրոցում, այլև՝ բանակի զինվորներ: Հիմա, երբ կարդում եմ, թե ինչ է տեղի ունեցել Հրաչի հարազատ քաղաքում, սարսռում եմ: Սա խուժանի պատերազմն է, որ տարիներ շարունակ ընթացել է Հրաչի դեմ: Իսկ թե ինչո՞ւ, այնքան էլ դժվար չէ պարզել, եթե ցանկություն լինի:

Ես վստահ եմ, այս վիճակը առաջացել է նրանից, որ Էջմիածինում Հրաչին հարգում են և այդ հարգանքի հանդեպ լցված ատելությունն ու վախը, մի օր պետք է այսպիսի ավարտ ունենար: Չնայած կարծում եմ , որ սա դեռ ավարտ չէ, սա նախերգանքն է: Դրանք չեն հանգստանուլու այնքան, քանի դեռ Հրաչը շարունակելու է ապրել իր քաղաքում: Իսկ Հրաչը ապրելու է և գնալու տեղ չունի: Որդու շիրիմը հո չի թողնելու բորենիներին:

Հ.Գ. Ես հարգում եմ Հրաչին և չեմ հավատում մյուս կողմին, գիտեք ինչո՞ւ, որովհետև ապրիլյան պատերազմի օրերին տեսա նրանց կողմից իբր տանկ խոցելու բեմադրած ռեպորտաժը և հերթական անգամ համոզվեցի, թե ում հետ գործ ունենք: Իսկ դուք հիշում ե՞ք…»: