Պարզվում է՝ մեր շոու-բիզնեսի աստղերին նկարող Վիգեն Մնոյանը «շոու-բիզնես» ասվածը լսել է եղբորից՝ «Սիթի FM» ռադիոկայանի գլխավոր պրոդյուսեր Սարգիս Մնոյանից։ Վերջինս բավականին հայտնի մարդ է շոու-բիզնեսում. «Մեր բակերի» «Երևան-Մոսկվա տրանզիտ» պրոյեկտի, բազմաթիվ այլ հեռուստահաղորդումների սցենարիստն է, ինչպես նաև՝ «Պորտֆոլիո» ծրագրի հեղինակը։ Նա եղբորը պատմել է շոու-բիզնեսի մասին, իսկ ահա ծանոթություն այդ երևույթի հետ Վիգենը որոշել է հաստատել ֆոտոխցիկի միջոցով: Նույն ֆոտոխցիկի, որով երգիչ-երգչուհիները, դերասանները և հաղորդավարները միայն գեղեցիկ են դուրս գալիս։ Իհարկե, նրանց գեղեցկության մեջ ժամանակին մեծ դեր են խաղացել հայրիկներն ու մայրիկները, բայց ահա կադրում գեղեցկություն ստեղծելու համար հայրիկին ու մայրիկին փոխարինում են պրոֆեսիոնալ լուսանկարիչն ու երբեմն էլ «Photoshop» ծրագիրը:
– Վիգե՛ն, քո լուսանկարներում նույնիսկ «ամենաբոբո» աստղը գեղեցկություն է ստանում: Դա նրա՞նց պահանջն է։
– Կոմերցիոն լուսանկար անելիս պետք է անես այն, ինչ նախընտրում է պատվիրատուն: Հայտնի մարդկանցից ես ունեմ և՛ կոմերցիոն (այսինքն՝ իրենց պատվիրած), և՛ կերպարային լուսանկար: Իմ ցուցահանդեսների ժամանակ փակցնում եմ այն կադրը, որը ես ճիշտ եմ համարում: Իհարկե, պատահում է, որ իմ ու նրանց «ճիշտը» չի համընկնում: Բայց, միևնույն է, գալիս ենք փոխհամաձայնության: Արվեստն ու կոմերցիան բոլորովին տարբեր հասկացություններ են: Մեր հայտնիներից շատերն են ուզում գեղեցիկ լուսանկար և կերպար, բայց ահա էքսպերիմենտ ասվածից մի փոքր խուսափում են: Իմ կարծիքով, պրոֆեսիոնալիզմն այն է, որ անես այն, ինչ քեզնից սպասում են:
– Ինչպե՞ս ստացվեց քո մուտքը լուսանկարչության և հայտնիների աշխարհ։ Թե՞ իրականում նրանք են քո աշխարհում:
– Ամեն ինչ շատ պատահական սկսվեց: Բանակից վերադառնալուն պես ընդունվեցի «Ա1+»-ի օպերատորության դասընթացներին: Օպերատորության սկիզբը լուսանկարչությունն է, և ես մնացի լուսանկարչության մեջ: Զարմանում եմ, երբ ասում են՝ ֆոտոն անշարժ կադր է: Իրականում լավ ֆոտոկադրի մեջ այնքան ռիթմ ու շարժում կա, որ կես ժամանոց վիդեոնյութի մեջ չես գտնի: Ես այն մարդկանցից չեմ, ով կարող է իր գլխի վերևը զգալ ու տանել ղեկավարի ներկայությունը: Իսկ օպերատորի ղեկավարը ռեժիսորն է: Նախընտրեցի ֆոտոն, քանի որ ֆոտոյի մեջ ես եմ իմ կադրի ռեժիսորը: Առաջին մարդն, ով ինձ օգնել է օպերատորության ճանաչման հարցում, Ալբերտ Յավուրյանն էր: Նա կարևորում էր «օպերատորական աչք» ասվածը: Նկարված աշխատանքների, ամեն կադրի վրա քննարկում էր գնում, որից հետո ես է՛լ ավելի մեծ հաճույքով էի անցնում գործի:
– Հայաստանում այսօր լուսանկարիչներ շատ կան, բայց քո անունը շատ հաճախ է հնչում: «Պորտֆոլիո» ծրագի՞րը նպաստեց դրան, թե՞ այն հատուկ ստեղծվել էր քեզ գովազդելու համար:
– Իհարկե, հեռուստատեսությունն իր ազդեցությունն ունեցավ` իմ անունն ավելի ճանաչելի դարձավ: Ինչ վերաբերում է «Պորտֆոլիո» ծրագրին, թող մարդկանց չթվա, թե Վիգենը մի 10-20 նկար է անում, մեկ-երկու անկապ հարցեր է տալիս ու իր անունը գովազդում: Իրականում տաժանակիր աշխատանք է տարվում` այդ հաղորդման ֆոտոները ստեղծելու համար: Յուրաքանչյուր շաբաթ հարյուր լուսանկար ստանալը խաղ ու պար չէ: Մի ֆոտոն 10, երբեմն էլ՝ 20 լուսանկարից է դուրս գալիս: Բայց այստեղ մեկ այլ խնդիր ևս կա, խոսքն այդ մարդկանց վստահության մասին է: Ես այնպիսի մարդկանց հետ եմ աշխատում ծրագրի շրջանակներում, որոնք հենց այնպես չեն գա լուսանկարչի մոտ. նրանցից ոչ մեկը չի խաղա իր հեղինակության հետ: Մի պատճառ էլ կա, որ իմ անունն է շեշտվում. երևի այդքան էլ վատ չեմ լուսանկարում:
– Հիշո՞ւմ ես քո առաջին հաջողված կադրը, որից հետո ինքդ քեզ ասացիր՝ «մալադեց», Վիգեն տղա:
– Ամենաառաջին լուրջ աշխատանքս համարում եմ այն լուսանկարը, որը տեղ գտավ ապրիլի 7-ին կազմակերպված իմ ցուցահանդեսում: Այն նվիրված էր կանանց: Կադրում կին է։ Առանց համակարգչային միջամտության ստացել եմ կադր, որին նայելիս շատերին թվում էր, թե այն համակարգչային էֆեկտների արդյունք է: Իրականում դա մաքուր լուսանկար է:
– Սև-սպիտակ նկարը երբեմն անվանում են «անգույն» նկար: Դու ինչպե՞ս ես վերաբերվում այդ հարցին:
– Իմ ականջն այդ պահին կարծես ծակեն: Ախր ինչպե՞ս կարելի է սև – սպիտակ ֆոտոն անվանել «անգույն»: Ես միշտ զայրացած ուղղում եմ:
– Իսկ ֆոտոխցիկդ, գույներից բացի, տարբերո՞ւմ է VIP և ոչ VIP հաճախորդներին:
– Հաղորդումից հետո շատ անգամ զանգում-հարցնում են` արդյո՞ք միայն հայտնիներին եմ լուսանկարում: Ոչ: Ես նկարում եմ բոլորին, ով ցանկանում է: Ո՛չ իմ, և ո՛չ էլ իմ ֆոտոապարատի համար կապ չունի, թե ով է կադրում: Ես անում եմ իմ աշխատանքը: Շատ եմ լսել, որ ասում են, թե աշխատանքներիս դիմաց տարբեր կարգավիճակի մարդկանցից տարբեր գին եմ վերցնում: Ես անում եմ աշխատանք, և այն գին ունի, բայց այդ գինը չի տատանվում՝ ըստ հաճախորդի ֆինանսական հնարավորությունների: Կարող է կարծեն, թե հայտնիներին լուսանկարելիս ներդնում եմ իմ կարողությունների 100 տոկոսը, իսկ անհայտների վրա «հանգստանում» եմ, բայց ես անուն ունեմ և իմ անունը չեմ գցի «գռդոնով»:
– Ասում են, երբ դեռ նոր էիր սկսել կոմերցիոն ֆոտոյով զբաղվել, անուն ձեռք բերելու համար՝ անվճար էիր նկարում: Ասում են նաև, որ հիմա արդեն աստղաբաշխական թվեր ես պահանջում մի ֆոտոսեսիայի դիմաց:
– Սուտ է, սուտ: Իմ նկարած առաջին աստղը երգիչ Հայկոն է եղել. ունեցել ենք միանգամից երեք ֆոտոսեսիա, և երեքի դիմաց էլ ես վճարվել եմ: Յուրաքանչյուր աշխատանք արժեք ունի, և ես դա գիտակցել եմ` առաջին իսկ կոմերցիոն ֆոտոսեսիայից: Ինչ վերաբերում է աստղաբաշխական թվերին, ասեմ, որ մի քանի օր առաջ ընկերս իր «Մերսեդեսի» համար միայն մի լուսարձակ գնեց այն «աստղաբաշխական» թվով, որը ես աշխատում եմ ֆոտոսեսիայի ժամանակ: Այնպես որ, չեմ կարծում, թե ես թանկ եմ լուսանկարում: Եթե համեմատեք հարևան Վրաստանի հետ, ես լուսանկարում եմ վրաց միջին
լուսանկարչից երկու անգամ էժան գներով:
Կողքից շատերին թվում է, թե այնքան պատվիրատուներ ունեմ, որ շունչ քաշելու ժամանակ չունեմ, բայց իրականում այդպես չէ: Պարզապես ես հասել եմ նրան, որ կարող եմ ինձ թույլ տալ հրաժարվել որոշ մարդկանց ու նախագծեր նկարելուց: Օրինակ, շատ են եղել մեծ գումարներով հարսանյաց արարողություններ նկարելու առաջարկներ, բայց ես հրաժարվել եմ: Անկեղծ եմ ասում, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում հարսանիք նկարելու մեջ, բայց խնդիրը նրանում է, որ մեր հասարակությունը սխալ ընկալում ունի հարսանյաց արարողություններ լուսանկարողի մասին։ Հարսանիք նկարելը շատ լուրջ ռեպորտաժային ֆոտոնկարահանում է, բայց դա իմը չէ: Եվ ես ուրախ եմ, որ կարող եմ չանել այն, ինչ չեմ ուզում (հետո կատակով ավելացրեց՝ չնայած, եթե լավ գումար առաջարկեն… . – Ք. Հ.)։
– Հաղորդմանդ ժամանակ հյուրերիդ հարցեր ես տալիս, իսկ նրանք՝ պատասխաններ, որոնք շատ անգամ սուտ «փիլիսոփայությունից» այն կողմ չեն անցնում։ Իսկ իրականում հանդիսատեսը սպասում է քո ֆոտոների ցուցադրմանը: Ո՞ւմ է պետք այդ հարց ու պատասխանը, ես շատերից եմ լսել, որ քո հաղորդումը դիտում են միայն լուսանկարներիդ համար: Քո կադրերում մեր հայտնիներն ավելի անկեղծ են:
– Անկեղծ ասած, սկզբում ինձ ևս այդպես էր թվում, բայց հետագայում կարծիքներ էի լսում, որ հարց ու պատասխանը ևս հետաքրքրում է հանդիսատեսին: Ասեմ նաև, որ ինձ համար շատ մեծ խնդիր էր իմ կադրում լինելը: Առաջին հաղորդումների ժամանակ ընդհանրապես չէի հավանում, թե ինչպես եմ վարում հաղորդումը, բայց հիմա մեկ-մեկ դուրս գալիս եմ:
– Խոսենք քո «անմահական» աթոռից, որի վրա տեղ են գտել մեր հայտնիներից շատ – շատերի մարմնի որոշ հատվածները: Վիգեն ջան, էլ ուրիշ աթոռ չունե՞ս:
– Երկու աթոռ ունեմ: Իրոք, շատ են խոսում այդ աթոռի մասին: Անկախ ինձնից, այդ աթոռը խոսակցության թեմա դարձավ: Ասում են՝ ուրիշ աթոռ չունեմ, կամ էլ փորձում են դրա մեջ ինչ-որ անիմաստ իմաստներ գտնել։ Իրականում դա պայմանավորված է միայն նրանով, որ պավիլիոնում եղած աթոռը դա է, դրանով էլ նկարում եմ:
– Եվ այն նման է մեր շոու-բիզնեսում հայտնվող «անհայտ հայտնիներին», որոնք այնքան են երևում էկրանով, որ իրենց կամքից անկախ՝ դառնում են «դեմք»: Լավ, իսկ ի՞նչ նախագծեր ունես:
– Մտադիր եմ ստեղծել օրացույց, որտեղ մեր հայտնի դեմքերից յուրաքանչյուրը կներկայացնի տարվա մեկ ամիս: Դեռ չեմ որոշել, թե ով որ ամիսը կմարմնավորի, բայց արդեն կան մասնակիցների անունները:
– Եթե փորձենք կադրերի բաժանել քո կյանքը, ավելի շատ կգերիշխեն սև-սպիտա՞կ, թե՞ գունավոր կադրերը:
– Սևն ու սպիտակը գույների սկիզբն ու վերջն են: Մյուս գույները գտնվում են այդ գույների միջև: Ռուսական ասացվածք կա՝ կյանքը զեբր է` մե՛կ սև է, մե՛կ սպիտակ: Չեմ ուզում որպես բողոք հնչի, բայց իմ կյանքն իրականում սև-սպիտակ է, պարզապես երբեմն լավ երանգներ է ստանում:
– Որո՞նք են կյանքիդ ամենաչստացված կադրերը:
– Բանակի տարիները և առաջին հերթին՝ լուրջ հիվանդությունը, որ բանակի տարիներին ձեռք բերեցի: Բայց ես ոտքի կանգնող բնավորություն ունեմ: Երբ խնդիրներ են առաջանում, դժվար եմ տանում, բայց նաև իմ մեջ ուժ եմ գտնում և քայլում եմ առաջ: Շատ անգամ ինքս ինձ համար ավելորդ խնդիրներ եմ ստեղծում, միևնույն ժամանակ՝ շատ լավ գիտակցում եմ, որ պետք է հաղթահարել այդ դժվարությունն ու առանց ետ նայելու քայլել առաջ:
Զրուցեց Քրիստինե Հակոբյանը
«3 Միլիոն»