Հայ-Ռուսական համալսարանի ասպիրանտ Վանիկ Շահնազարյանը Իսլանդիայի համալսարանում պաշտպանել է «Կոլեկտիվ քվանտային երևույթների ուսումնասիրությունը ուժեղ ճառագայթման նյութական միջավայրերի հետ միահյուսված ռեժիմում» թեմայով դոկտորական թեզ։ Նա մեր համալսարանի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի առաջին ասպիրանտն է, որին հաջողվել է դոկտորական ատենախոսություն պաշտպանել արևմտյան հեղինակավոր համալսարանում։
Այս պատվաբեր լուրը յուրօրինակ նվեր է Հայ-Ռուսական համալսարանին իր 20-ամյա հոբելյանի տարում։
Մեր ասպիրանտի պնդմամբ՝ ինտենսիվ էլեկտրամագնիսական դաշտը իրենից ներկայացնում է հզոր գործիք, որը թույլ է տալիս ճկունորեն կառավարել, օրինակ, կիսահաղորդչային նյութերի ֆիզիկական հատկությունները, ինչը հանգեցնում է մի շարք նշանակալի քվանտային երևույթների ի հայտ գալուն: «Ստացված արդյունքները որոշակի հետաքրքրություն են ներկայացնում ինչպես զուտ գիտական տեսանկյունից, այնպես էլ կարող են տեսական հիմք հանդիսանալ նոր սերնդի ոչ գծային օպտիկա-էլեկտրոնային սարքերի ստեղծման համար»,- շեշտել է Վանիկ Շահնազարյանը՝ ընդգծելով, որ իր այս հաջողության մեջ մեծ լումա ունի Հայ-Ռուսական համալսարանը:
Անդրադառնալով իր դոկտորական թեզին՝ (էլեկտրոնային տարբերակը հասանելի է այս հասցեով) նա պարզաբանել է, որ ուսումնասիրել է երևույթներ, որոնք կապված են ինտենսիվ դաշտի առկայությամբ ցածր չափային կիսահաղորդչային կառուցվածքներում տերահերցային ճառագայթման գեներացման, Բոզե-Էյնշտեյնյան կոնդենսացիաի, ինչպես նաև տարատեսակ ոչ գծային օպտիկական պրոցեսների հետ: «էլեկտրամագնիսական դաշտի և կոնդենսացված միջավայրերի միջև ուժեղ կապի ֆիզիկան միջառարկայական հետազոտություններն արագ զարգացող ոլորտ է, որը համատեղում է կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի և քվանտային օպտիկայի մեթոդներն ու երևույթները: Ուժեղ կապի ռեժիմում նյութական միջավայրի և էլեկտրամագնիսական դաշտի փոխազդեցությունը չի սահմանափակվում դաշտի քվանտների կլանմամբ և ճառագայթմամբ»,- ասել է Շահնազարյանը՝ հավելելով, որ վերը նշված ռեժիմում ինտենսիվ ճառագայթման առկայությունը հանգեցնում է միջավայրի օպտիկական և էլեկտրոնային հատկությունների զգալի փոփոխության։
ՀՌՀ մամուլի ծառայություն