Հոգեբանական տեսանկյունից ելնելով՝ կարելի է ասել, որ յուրաքանչյուր մարդու մոտ կա երկչոտության հաստատուն մի մաս, որն ընդհանրապես պայմանավորված չէ անձի տեսակով կամ շրջակա միջավայրով: Փորձենք հասկանալ երկչոտության էությունը և դրան խթանող պատճառները: Եվ այսպես. Երկչոտ մարդը, որպես կանոն, սևեռված է իր կպչուն մտքերի և ապրումների վրա, որոնք նա չի կարողանում և չի ուզում կիսել այլ մարդկանց հետ: Նա նախընտրում է լռել, մինչև որ իրավիճակը ինքնին նրան չի դրդում արտահայտվելու: Նման ներփակվածությունը հանգեցնում է մկանային կծկումների և շարժողական համակարգի բթացման: Երկչոտությունը սերտ կապված է շփոթվածության հետ, ինչը կարելի է բնութագրել՝ որպես կարճաժամկետ հարգանքի կորուստ սեփական անձի նկատմամբ: Երկչոտ մարդիկ ամաչում են իրենցից, այսինքն՝ բացասաբար են վերաբերվում սեփական անձին: Փորձենք հասկանալ երկչոտության առաջացման պատճառները:
Առաջացման պատճառները.
Դրանք շատ են և ունեն ինչպես՝ գենետիկական, այնպես էլ՝ ձեռքբերովի ծագում: Երկչոտության արմատները պետք է փնտրել մանկությունում, որտեղ անհատին չեն սովորեցրել սիրել ինքն իրեն ամբողջությամբ: Հետագայում կյանքի դժվարությունները և տրավմաները ամրացրել են այդ հակումը և դարձրել անհատի մշտական ուղեկցորդը: Որպես կանոն, որպեսզի երկչոտ մարդիկ ավելի հարմարավետ և վստահ զգան, իրենց շրջապատում են ավելի անշրջահայաց մարդկանցով, կամ ակտիվացնում են բազմաթիվ հոգեբանական պաշտպանական մեխանիզմներ, որոնց հետևանքով իրենք ավելի լարված են դառնում: Եթե առավել լավ ուսումնասիրենք երկչոտության էությունը, ապա կարելի է ասել, որ այն իր հիմքում ունի մի մեխանիզմ, որի միջոցով անառողջ համեմատական է տարվում սեփական անձի և այլ մարդկանց միջև՝ ինքն իրեն դիտարկելով բացասական տեսանկյունից: Նման համեմատականները միանշանակ ազդում են անհատի կյանքի որակի վրա՝ հանգեցնելով անառողջ ինքնաքննադատության: Որպեսզի խուսափենք նման ոչ իրական լարվածությունից, պետք է սովորել հաղթահարել երկչոտությունը և վարել առողջ, խնդիրներին ընդառաջ գնացող և դրանք հաղթահարող կյանք:
Ներկայացնեմ երկչոտությունը հաղթահարելու 10 քայլ, որոնք կխթանեն կյանքի որակի դրական առաջընթացը
- Ուշադիր հետևեք ձեր երկչոտության և անվստահության դրսևորումներին և փորձեք հասկանալ դրանց աղբյուրները: Որտեղի՞ց են այդ հատկանիշները հայտնվել, ի ծնե՞ են, թե՞ ձեռքբերովի: Եթե դրանք ձեռք եք բերել կյանքի ընթացքում, ապա ի՞նչն է ձեր վրա ազդել՝ անհաջողություննե՞րը, ծա՞ղրը, քննադատությո՞ւնը, թե՞ որևէ այլ բան:
- Փորձեք տեսնել վստահության այն ներքին ստանդարտը, որի հետ համեմատությունն առաջացնում է լարվածություն և հուզական անհավասարակշռություն: Ինչո՞ւ եք ծանր ապրումներ ունենում այն փաստից, որ նման չեք այդ ստանդարտին: Ինչպե՞ս և ո՞վ է ձեր մեջ ստեղծել այդ ստանդարտը: Փորձեք պատկերացնել ձեր կյանքն առանց նման ստանդարտների և համեմատությունների՝ ընդունելով ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:
- Փորձեք հասկանալ, թե ի՞նչը չեք սիրում ձեր մեջ և ինչո՞ւ եք այն մերժում և թաքցնում ուրիշներից: Ի՞նչ տեղի կունենա, եթե դուք նախ՝ այն ընդունեք ձեզ համար, ապա՝ նաև չթաքցնեք ուրիշներից: Որպեսզի հաղթահարեք երկչոտությունը, պետք է հստակ պատկերացնեք ձեր այն հատկանիշները, որոնք սիրելի չեն ձեզ համար:
- Սովորեք կողքից դիտարկել ինքներդ ձեզ՝ առանց գնահատականների և մեղադրանքների: Այդպիսի չեզոք դիտարկումն աստիճանաբար կխթանի դրական հույզերի առաջացումը, որն ուղված կլինի ձեզ և ձեր շրջապատին: Դրական հույզերի առկայությունն օգնում է հաղթահարել այն բարդույթները, որոնք թաքնված են ձեր ներսում:
- Հումորով վերաբերվեք երկչոտության և անվստահության դրսևորումներին: Ընդունեք այդ հատկանիշներն առանց լարվածության և անտեղի քննադատության և օգտագործեք դրանք՝ որպես ցատկահարթակ նոր կատարելագործությունների համար:
- Ի մի բերեք բոլոր այն հիշողությունները, որոնք կապված են ձեր հաջողությունների և այն իրավիճակների հետ, որի ժամանակ դուք աչքի չեք ընկել երկչոտությամբ կամ անվստահությամբ: Նման հիշողությունները կփոխակերպվեն դրական հույզերի, որոնք անհրաժեշտ են փոփոխությունների իրականացման համար:
- Ուսումնասիրեք ինքնավստահ մարդկանց վարքը: Փորձեք հասկանալ նման մարդկանց հաջողության գաղտնիքները և վստահության պատճառները, որից հետո փնտրեք նույնը ձեր մեջ: Փորձեք գտնել նմանություններ և, դրանց առկայության դեպքում, զարգացրեք դրանք՝ փոխելով ձեր վարքը:
- Գործեք ազատ, վստահ, առանց ավելորդ սահմանափակումների: Հաղորդեք ազատություն և դրական հույզեր ձեր ժեստերին, շարժումներին, քայլքին, դեմքի արտահայտությանն ու ձայնին: Ձեր ամբողջ մարմնով զգացեք ազատությունը:
- Ուշադրություն դարձրեք մկանային լարվածությանը: Երկչոտությունը վերանում է, երբ սովորում եք թուլացնել ձեր մարմինը: Ուսումնասիրեք ձեր երկչոտության մկանային արտահայտումները, փորձեք հասկանալ, թե մկանային որ խմբերն են ապահովում այդ բացասական հույզի պահպանումը:
- Դժվար պահերը և բացասական իրավիճակները փորձեք հաղթահարել վստահության զգացումով՝ հավատալով ձեր ուժերին:
Երկչոտությունը մի պատուհան է, որը հնարավորություն է տաիս կյանքի լիարժեքությունը դիտել ապակու այս կողմից՝ մնալով այդ ամենից հեռու՝ երազողի կարգավիճակում: Ընտրությունը, միևնույն է, անձինն է, նա կմնա այս կողմո՞ւմ, թե՞ կբացի պատուհանն ու կփորձի իր ձայնը հասցնել անցորդներին: Եղեք համարձակ, մի վախեցեք սխալներից և քննադատություններից: Ապրեք կյանքը՝ իր բոլոր երանգներով հանդերձ:
Կամիլա Խաչատրյան
Հոգեբան