Այս օրերին Երևանում է Թոնի Ֆադելը, ով արժանացավ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակին: Ֆադելը, ով ՏՏ ոլորտում հայտնի է ոչ միան իր արտադրանքներով, այլև լավ ելույթներ ունենալու կարողությամբ, մի քանի հրապարակային ելույթ ունեցավ, որտեղ խոսեց ՏՏ ոլորտի ապագայի, հաջողության գաղտնիքների և առաջ գնալու մոտիվացիաների մասին:
168.am-ն առանձնացրել է Թոնի Ֆադելի 10 ամենակարևոր խորհուրդները՝ երիտասարդներին:
1. Պետք է բաց լինել աշխարհի առաջ, չվախենալ մարտահրավերներից: Պետք է անընդհատ գտնել համագործակցության ուղիներ: Նախաձեռնությունն իրականացնելու համար պարտադիր չէ հասնել Սիլիկոնային հովիտ: Վստահեք ձեր ռեսուրսներին և վստահեք ինքներդ ձեզ:
2. Ամեն ինչ երբեք հարթ չի լինում: Դուք պետք է պատրաստ լինեք ձախողումներին, բայց չսովորեք դրանց: Լավագույն աշխատանքներն անընդհատ փորձությունների միջով են անցնում:
3. Մարդիկ իրենք են իրենց համար սահմաններ գծում, իրենք իրենց համար վախեր են հորինում: Պետք է մարդուն ստիպես, որպեսզի դուրս գա իր կաղապարներից, լինի ավելի ազատ: Եթե ուզում ես հաջողություն ունենալ, պետք է չվախենաս ռիսկից:
4. Պետք է մարդուն թողնես անընդհատ վտանգների բախվել: Ես նույնն անում եմ իմ երեխաների հետ. ես թողնում եմ, որ նրանք վտանգների բախվելով՝ դառնան կայացած: Դա ամենից կարևոր բանն է:
5. Ինչ-որ նախաձեռնություն սկսելուց առաջ նայեք ձեր շուրջը: Այսօր ամենուրեք կան շատ խնդիրներ: Մենք պետք է գտնենք մեր այն հմտությունը, որը կարող է օգնել որևէ խնդիր լուծելիս: Գտեք խնդիրները, փորձեք լուծել դրանք: Եթե ձեզ մոտ չի ստացվում, կրկին փորձեք, քանի որ պետք չէ համակերպվել անլուծելի խնդիրների հետ:
6. Կրթությունն ամենից կարևոր գործոնն է: Եթե դուք հավատում եք ձեզ և հավատում եք, որ ապագան ձերն է, ապա անընդհատ սովորելով՝ կհասնեք ձեր պատկերացրած ապագային:
7. Մի սպասեք, որ կրթական հաստատությունները տալու են ձեզ այն, ինչ դուք եք ուզում: Կրթական հաստատությունները ձեզ միայն բանալիներ են տալու, իսկ մնացած գործը պետք է արվի ձեր փորձառության միջոցով:
8. Սովորել կարելի է միայն ձախողումների ուղիով: Ձախողվել, գտնել սխալը, ուղղել այն և կրկին փորձել: Փորձառությունը շատ կարևոր է: Գուցե գրքերը չտան ձեզ այնքան գիտելիք, որքան պարզապես մարդկանց հետ շփումը, թանգարաններ գնալը:
9. Մենք պետք է չվնասենք Երկիր մոլորակը: Եթե անգամ չենք կարողանում օգնել, պետք է մեր նպատակը լինի գոնե չվնասելը: Մեր գտած լուծումներն ու տեխնոլոգիաները պետք է լինեն միջոց՝ խնդիրներ լուծելու, բայց ոչ՝ վնասելու համար:
10. Եթե չես սովորում մի բան, կամ չես շարժվում, պետք է մահանաս: Որպես ինչ-որ բան անող մարդ՝ ձեր ներսում պետք է թիթեռնիկներ լինեն: Եթե չկան, ուրեմն դուք շատ ջանք չեք ներդնում: Պետք է անընդհատ փորձարկումներ անել, ձախողվել, փորձել ու առաջ շարժվել:
Հիշեցնենք, որ Թոնի Ֆադելը լիբանանցի-ամերիկացի գյուտարար, դիզայներ, ձեռնարկատեր և հրեշտակ-ներդրող է: Նա 2006 թվականի մարտից մինչև 2008 թվականի նոյեմբեր եղել է «Apple Inc.» ընկերության «iPod» նախագծի ավագ փոխնախագահը։
Նրան տեխնոլոգիաների ոլորտում համարում են «iPod»-ի հայր: 2010 թվականի մայիսին նա հիմնել է Nest Labs ընկերությունը, որը հաջորդ տարվա հոկտեմբերին հայտարարեց իր առաջին արտադրանքը՝ Nest Learning Thermostat-ը թողարկելու մասին: Ընկերությունը մեծ հաջողություն ունեցավ, և 2014 թվականի հունվարին Google-ը գնեց այն 3.2 միլիարդ դոլարով:
Սիրարփի Աղաբաբյան