Վարպետ կանգնի՛ր, Միլանում իջնող կա
Advertisement 1000 x 90

Վարպետ կանգնի՛ր, Միլանում իջնող կա

2017 թվական. Նոյեմբերի 25. «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Բրայթոնի» հետ: Խաղի ավարտից 20 րոպե առաջ «կարմիր սատանաների» կազմում դաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա մասնակցեց հանդիպման վերջնամասին, ոչնչով աչքի չընկավ, հանդիպումն էլ ավարտվեց ՄՅՈւ-ի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Այս հանդիպումը Մխիթարյանի հիշողություններում պետք է լավ մնա, ըստ ամենայնի, սա վերջին անգամն էր, երբ հայ կիսապաշպանը իր կարիերայի ընթացքում կրեց «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը:Այս մասին տեղեկացանք՝ Armsport.am ից:

Մրցաշրջանի անթերի մեկնարկ

2016/17 թվականների մրցաշրջանը Մխիթարյանի համար ծանր դասավորվեց: Մրցաշրջանի առաջին մասը հայ ֆուտբոլիստը վատ անցկացրեց: Չուներ տեղ թիմի մեկնարկային կազմում, գրեթե միշտ բացակայում էր հայտացուցակից և հրապարակայնորեն արժանանում էր թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի քննադատություններին:

Այս ամենը վիրավոր Հենրիխին ավելի ուժեղ դարձրեց: Նա հասկացավ, որ խնդիրն իր մեջ է: Պայքարեց, մարզվեց ու արդեն մրցաշրջանի երկրորդ կեսում մանչեսթերյան ակումբն առանց նրա պատկերացնելն անհնար էր: Եվրոպա լիգայի եզրափակչում խփած գոլն էլ ստիպեց «կարմիր սատանաների» երկրպագուներին երգեր գրել նրա մասին:

2017/18 թվականների մրցաշրջանը Հենրիխը սկսեց ավելի լավ, քան ավարտել էր նախորդ տարին: 7 խաղում 3 գոլ և 3 գոլային փոխանցում. այսպիսն էր նրա ցուցադրած արդյունքը մինչմրցաշրջանային խաղերում: Բոլորն էին հասկանում, որ սա լինելու է հենց նրա տարին: Առաջնության մեկնարկը ավելի քան տպավորիչ էր՝ 5 գոլային փոխանցում մեկնարկային երեք խաղերում: Ավելի լավ լինել չէր կարող: Մխիթարյանը շարունակում էր խաղալ, հիացնել երկրպագուներին ու հաճույք ստանալ իր ցուցադրած ֆուտբոլից, սակայն…

Պոգբան վնասվածք ստացավ, տուժեց Մխիթարյանը

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում՝ «Բազելի» հետ կայացած խաղում մանկունիանցիների կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածք ստացավ ու ստիպված եղավ երկար ժամանակ բացակայել թիմից: Ֆրանսիացու վնասվածքից ամենաշատը տուժեց Մխիթարյանը:

28-ամյա կիսապաշտպանը այն խաղացողներից չէ, որ իր ձեռքն է վերցնում թիմի խաղը ու թիմակիցներին տանում իր հետևից: Նա չի սիրում լինել առաջնային պլանում, երկրորդական կամ երրորդական դերերը հենց նրա համար են ստեղծված: Այդպես եղել է «Շախտյորում», «Բոորուսիայում», իսկ հիմա էլ «Մանչեսթեր Յունայթեդում»: Պոգբան այն ֆուտբոլիստն էր, որ իր վրա էր վերցնում այդ մեծ պատասխանատվությունը՝ թիմակիցներին առաջ տանելը, նրանց վրա բղավելը, վատ դասավորվող խաղում բեկում մտցնելը:

Պոգբայի բացակայության դեպքում այդ դերը ստանձնեց Մխիթարյանը և տապալեց այն ամբողջ ուժով: Հենրիխի մոտ նկատվում էր ավելորդ կաշկանդվածություն, կարծես չէր հավատում, որ մի ամբողջ հզոր պատմություն ունեցող ակումբի առաջատարը նա է ու նրանից է կախված «Օլդ Թրաֆորդի» ճակատագիրը: Նա ամենաքիչն էր վազում խաղադաշտում, խաղերում օգտագար գործողության գործակիցը շատ քիչ էր, կատարված փոխանցումների ճշգրտությունը՝ նույնպես:

Այս ամենը ստիպեց պորտուգալացի մարզչին քիչ վստահել հայ ֆուտբոլիստին: Հենրիխն ավելի քիչ խաղաժամանակ էր ստանում, քան նախկինում: «Բենֆիկայի» հետ խաղում նա ոչինչ չարեց՝ անցկացնելով մեկ խաղակես: Հաջորդ հանդիպումը «Չելսիի» հետ էր, որտեղ նա դաշտում պարզապես քայլեց մեկ ժամ, իսկ «Բրայթոնի» հետ դիմակայությունում դուրս եկավ փոխարինման, խաղաց 20 րոպե ու հեռացավ՝ մեկնարկային կազմ վերադառնալու հույս չթողնելով: Այդ խաղից հետո Հենոն անգամ պահեստայինների նստարանից չի դիտում իր թիմի խաղերը:

Ախ, այդ ՖԻՖԱ-ի քվեարկությունը

Ժոզե Մոուրինյու… մարդ ում ականջները վառվում են իր մասին խոսկացություններից ամեն շաբաթ կամ կիրակի, երբ հայ երկրպագուները հերթական անգամ իմանում են, որ նա Մխիթարյանին չի ընդգրկել թիմի մեկնարկային կազմում: Մարդ, ում մասին խասակցություններով հայ ազգն այնքան շատ է տարված, որ մոռանում է երկրի քննարկելիք թեմաների մասին:

Որքան էլ հայ երկրպագուները քննադատեն ու անեծքներ հղեն Մոուրինյուին, միևնույնն է, այդ փաստից ոչինչ չի փոխվելու: «Յուրահատուկի» համար չկան հեղինակություններ. ֆուտբոլասերները դա լավ գիտեն: Եղիր Իկեր Կասիլյաս, Կակա, Խուան Մատա… եթե դու Մոուրինյուի դուրը չես գալիս, ապա նա թքած կունենա քո ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերայի վրա: Դու կամ պետք է ամբողջ կյանքդ անցկացնես թիմի հայտացուցակից դուրս, կամ սպասես մինչև իր հրաժարականը: Կարևոր չէ դու Մխիթարյանն ես, Մարսիալը թե Լինգարդը, եթե դու չես ցանկանում խաղալ ու նվիրվել ակումբին, ապա քո փոխարեն դա կանի ցանկացած մեկը և գուցե ավելի լավ:

54-ամյա մասնագետը սիրում է, երբ իր ֆուտբոլիստները կռիվ են տալիս խաղադաշտում իր համար, պայքարում են ամեն մի անկյունում, նույնիսկ երբ հարվածում են մրցակցին ու դրա համար որակազրկվում մի քանի խաղով: Նա իր ֆուտբոլիստներից քամում է առավելագույնը: Եթե դու ֆուտբոլիստ ես ու հանուն Մոուրինյուի և նրա ֆուտբոլային գաղափարախոսության պատրաստ ես մահանալ խաղադաշտում, ապա նույնիսկ մեկ ոտքով լինելու դեպքում կընդգրկի թիմի մեկնարկային կազմում:

Արդեն այսօր կարող ենք ասել, որ Մխիթարյանն իր խաղով ու խաղադաշտից դուրս կատարած արարքներով արժանանում է Կակայի, Կասիլյասի ու մարզչին զոհ դարձած այլ ֆուտբոլիստների ճակատագրին: Եթե ինչ-որ տեղ խաղերին չնվիրվելը Մոուրինյուն կարող էր կուլ տալ և սպասել, թե երբ խաղացողը լավ մարազավիճակ կհավաքի, ապա նրա ամբողջ ատելությունը Մխիթարյանի հանդեպ արտահայտվեց այն ժամանակ, երբ Մոուրինյուն տեսավ, թե ինչպես է քվեարկել հայ ֆուտբոլիստը տարվա լավագույն մարզչի համար ընթացող պայքարում:

«Ինչպես թե, Զինեդին Զիդանն ավելի լավն է քան ես: Ուրեմն հենց նա էլ թող խաղացնի քեզ». միգուցե հենց այսպես է մտածել մասնագետը, ու այդ օրվանից է սկսվել Մոուրինյու-Մխիթարյան հակամարտությունը:

Հայ կիսապաշտպանին պետք է մարզիչ, ով ծանր պահին ֆուտբոլիստին ոչ թե կքննադատի, այլ կքաջալերի ու մի քանի կարևոր խորհուրդ կտա: Ամենավառ օրինակը «Բորուսիայում» էր, երբ լիովին ձախողված մրցաշրջանից հետո թիմ եկավ Թոմաս Տուխելը: Մխիթարյանին վատաբանելու փոխարեն նա օգնեց ֆուտբոլիստին, ավելի լավր դարձրեց և արդյունքում՝ 23 գոլ ու 24 գոլային փոխանցում մրցաշրջանի վերջում:

Փրկությունն «Ինտերում» է

Ժոզե Մոուրինյուն ֆանտաստիկ մարզիչ է: Այո՛, նրա գլխավորած թիմերը հասել են խելահեղ արդյունքների: Նրա «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճում է տիտղոսներ և կապ չունի դա Եվրոպա Լիգա է թե Չեմպիոնների լիգա: Նա արդյունք է գրանցում, ինչը գոհացնում է ակումբի ղեկավարներին: Կանես դա Մխիթարյանով, Դարմիանով թե Սմոլինգով այնքան էլ նշանակություն չունի: Կանես դա պաշտպանվելով, թե հարձակվելով նույնպես ոչ մի տարբերություն: Բեր տիտղոսներ և կմնաս թիմի ղեկին:

Արդյունքում, Մխիթարյանը փչացնում է կարիերան՝ մնալով «Մանչեսթեր Յունայթեդում»: Եթե մի պահ պատկերացնենք, որ նրա ու գլխավոր մարզչի հարաբերությունները իդեալական են, ապա նույնիսկ այդ դեպքում Հենրիխը պետք է որքան հնարավոր է շուտ հեռանար Մոուրինյուի գլխավորած թիմից:

Պորտուգալացի մարզչի ստեղծած ավոտբուսի մասին նովելներ ու վեպեր կարելի է գրել: Նրա այս մարտավարությունը քանդում է ֆուտբոլային գեղեկցության մասին պատկերացումները, իհարկե՝ հիմնականում թիմին դրական արդյունք բերելով: Մխիթարյանի պես ստեղծագործ ու աշխատասեր ֆուտբոլիստը տեղ չունի նման մարտավարություն ունեցող թիմում: Հենրիխին պետք է թիմ, որը կվազի, տարածություն կունենա, կվերահսկի գնդակը և ամենակարևորը՝ գոլեր կխփի:

«Բրայթոնի» հետ մրցավեճը շատ հիշեցինք: Այդ օրը Հենրիխի կարիերայում շատ բան է փոխել: Լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ այդ խաղից հետո տեղի է ունեցել լուրջ վիճաբանություն ֆուտբոլիստի ու մարզչի միջև: Կիսապաշտպանի՝ մանչեսթերյան ակումբը լքելու որոշումը կարծես թե կայացել է հենց այդ օրը:

Գործին արդեն միջամտել է տրանսֆերների արքան՝ Մինո Ռայոլան: Գործակալի համար սա վերջին հնարավորությունն է, որ կկարողանա յուղոտ գնով վաճառել Մխիթարյանի տրանսֆերը: Հենրիխի ծառայություններով ամենալուրջը հետաքրքրված է Միլանի «Ինտերը»: Արդեն տեղեկություն կա, որ հայ ֆուտբոլիստը տվել է Իտալիա տեղափոխվելու իր համաձայնությունը:

Լուչիանո Սպալետիի թիմը խաղում է հենց այն ֆուտբոլը, որը սիրում է Մխիթարյանը: Բաց, հարձակվողական, գնդակ պահելով և գոլեր խփելով: Սա այլևս այն «Ինտերը» չէ, որ դեգերում էր Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի միջնամասում ու երազում Չեմպիոնների լիգայում խաղալու մասին: Միլանում ստեղծել են թիմ, որն առաջիկա 1-2 տարում լուրջ պայքար է մղելու ոչ միայն Իտալիայի առաջնությունում, այլ ամբողջ Եվրոպայում:

«Ինտերում» բոլոր խաղային դիրքերը զբաղեցրած են, բոլոր գոտիներում Սպալետին ունի հուսալի և որակյալ ֆուտբոլիստներ, բացի մի դիրքից՝ ամենակարևորից՝ 10 համարի գոտուց: Այս դիրքում խաղացող Ժոաո Մարիուն և Մարսելո Բրոզովիչը, կարծես թե Մխիթարյանի պատվերով, անչափ վատ մրցաշրջան են անցկացնում:

Մարիուն մասնակցել է 11 հանդիպումների և ոչնչով չի տպավորել թիմի գլխավոր մարզչին: Պորտուգալացին հիմնականում դուրս է գալիս փոխարինման ու ակնհայտ երևում է, որ Սպալետին ցանկանում է որքան հնարավոր է շուտ ազատվի նրա ծառայություններից:
Իհարկե, լավ օրից չէ, որ «ներաձուրիների» 10 համարի դիրքում խաղում է Մարսելո Բրոզովիչը: Խորվաթ կիսապաշտպանը լավ ֆուտբոլիստ է, ֆիզիկապես ամուր, տեխնիկապես լավ զարգացած, սակայն «Սկուդետո» նվաճող թիմի մեկնարկային կազմում նրա խաղամակարդակի ֆուտբոլիստ չպետք է լինի: 25-ամյա խաղացողի մոտ բացակայում է վերջին փոխանցում կատարելու ունակությունը: Խորվաթի մոտ մեծ է կարևոր պահին թիմի խաղն իր վրա վերցնելու ցանկությունը, սակայն գրեթե բոլոր դեպքերում նրա մոտ դա չի ստացվում:

Այս դիրքում Սպալետին նույնիսկ օգտագործեց Բորխա Վալերոյին, սակայն մեկ երկու խաղ հետո հասկացավ, որ նա դաշտի կենտրոնում ավելի օգտակար է:

«Ինտերի» գոլոհարը ու առաջատարը Մաուրո Իկարդին է, ով կարող է ոչնչից գոլ ստեղծել թիմի համար: Իկարդին փայլուն է իրացնում եզրից կատարված փոխանցումները: Եզրում ունենալով Կանդրևայի ու Պերիշիչի պես թիմակիցներ, արգենտինացին շատ հանգիստ կարող է նվաճել Ա Սերիայի լավագույն ռմբարկուի կոչումը: Սակայն այս եռյակին հարձակման գծում պետք է ևս մեկը՝ կատարյալ լինելու համար: Նրանց պետք է մի ֆուտբոլիստ, ով կհամակարգի երեքի խաղը, կապող օղակ կլինի կիսապաշտպանների ու Իկարդիի միջև: Կսկսի թիմի գրոհները, հաճախ կեզրափակի այն և վերջապես կկատարի 10 համարին պատկանող բոլոր պարտականությունները: Այս հանգամանքները թվարկելուց պարզ է դառնում, որ «Ինտերն» ավելի լավ տարբերակ, քան Մխիթարյանը չի կարող գտնել:

Ժամանակն է…

Մխիթարայնի պես որկաներ ունեցող ֆուտբոլիստը պետք է փախնի Մոուրինյուի ստեղծած ավտոբուսից: Որքան էլ «Մանչեսթեր Յունայթեդում» տիտղոսներ նվաճելն ավելի հեշտ լինի, որքան էլ այս ակումբն ավելի մեծ անուն ու հեղինակություն ունենա, Մխիթարյանի համար ֆուտբոլ խաղալուց ավելի կարևոր բան չպետք է լինի:

Նա մեկ անգամ արդեն հաղթել է Մոուրինյուին. ևս մեկ անգամ դրա անհրաժեշտությունը չկա:

Բոլորը գիտեն, որ Հենրիխը ֆուտբոլ է խաղում, որովհետև սիրում է այն, որովհետև բոլորին ապացուցելու բան ունի, որովհետև նա Մխիթարյանն է, ով երբեք չի վազել փողի և փառքի հետևից: Հակառակը լինելու դեպքում նա շատ հանգիստ երիտասարդ տարիքում կընդուներ «Անժիի» կամ «Սպարտակի» հրավերը՝ աշխատելով շատ գումար, բայց խորտակելով կարիերան: Հենրիխը չգնաց այդ ճանապարհով: Նա ունի իր հստակ ֆուտբոլային ուղին և այս փառահեղ կարիերան պետք շարունակվի ոչ թե Մոուրինյուի վարած ավտոբուսում, այլ մի թիմում, որտեղ կխաղա ֆուտբոլ, հաճույք կստանա իր խաղից և կրկին իր մասին ֆիլմեր նկարել կտա:

Սա կարիերայի հետընթաց չէ. ամենևին: «Ինտերում» լուրջ ներդրումներ են արվում, թիմը գլխավորում է Իտալիայի լավագույն մարզիչներից մեկը, միլանցիներն իրենց կազմով իսկական կռիվ են տալիս Ա Սերիայի վերջին տարիների բացահայտ առաջատար «Յուվենտուսի» հետ: Ակումբը կարողացել է պահել առաջատարներին՝ Իկարդիին ու Պերեշիչին, որոնց հետ «ներաձուրիների» պատմության մեջ նոր էջ պետք է բացվի և Մխիթարյանը այս ռոմանտիկ պատմության մեջ իր ուրույն տեղը կարող է ունենալ: Սպալետիի ստեղծած մեխանիզմին պակասում է միայն Հենրիխի կարգի ֆուտբոլիստ: Մխիթարյանի համար սա մարտահրավեր է, որը հայ ֆուտբոլիստը ստիպված ու սիրով պետք է ընդունի:

Հենոյի կարիերան Անգլիայում հակասական էր: Նա պարտվեց ու հաղթեց, դարձավ հերոս ու բոլորի քննադատության առարական, ապացուցեց, որ երազանքին հասնելու ճանապարհին ոչ մի Մոուրինյու, Ռեշֆորդ կամ Լինգարդ նրան չեն կարող խանգարել: Պայքարեց ու հաղթեց բոլորին, նույնիսկ ինք իրեն և այժմ ժամանական է, երբ նա Մոուրինյուի վարած ավտոբուսի ամենավերջից պետք է ձայն տա և ասի՝ «Վարպետ կանգնիր՛, Միլանում իջնող կա»…

armsport.am