«168 ժամի» հետ զրույցում ասաց «Լուսածին» աչքի կլինիկայի տնօրեն, ակնաբույժ, նոր դեղամիջոցի հեղինակ Մանուկ Մանուկյանը:
Թեև դեռևս տասնյակ տարիներ առաջ է հայ գիտնական, ակնաբույժ Մանուկ Մանուկյանը աչքի քիմիական այրվածքների համար նախատեսված դեղամիջոցը ստեղծել, սակայն այն դեռևս կիրառություն չի գտել: Ըստ հեղինակի` այն այսօր միակ դեղամիջոցն է աշխարհում, որը բուժում է նման այրվածքները և քիմիական այրումի ժամանակ վերականգնում վնասված հյուսվածքները: «Գյուտը մոտ 30 տարվա իմ գիտական աշխատանքի ու հետազոտությունների արդյունքն է: Դեղամիջոցի կարևոր պրոցեդուրաներից մեկն այն է, որ այն ազդում է բջջի գենետիկ կոդի վրա»,- ասում է Մ. Մանուկյանը: Նրա խոսքով` որոշ վնասվածքների պարագայում օրգանիզմի իմունիտետի շնորհիվ բջիջներն անմիջապես վերականգնվում են: Օրինակ, երբ երեխան ընկնում է երեսի վրա և ամբողջովին վնասվում է դեմքը, երեք-չորս օրից վերքերը սկսում են լավանալ, և հյուսվածքներն ամբողջովին վերականգնվում են: Հյուսվածքները կարող են բազմաթիվ անգամներ վերականգնվել: Այլ է իրավիճակը քիմիական այրվածքների դեպքում: Ըստ Մ. Մանուկյանի` որևէ թթվի այրումից հետո բջիջների վերականգնումը դժվար է, քանի որ բջիջները չգիտեն` ինչպես վարվել նման դեպքերում, և ցայտնոտի մեջ են ընկնում: «Բջիջը քիմիական այրվածքների ժամանակ չունի մեխանիզմներ, պաշտպանողական լծակներ: Երկարատև աշխատանքից հետո ինձ հաջողվեց ազդել բջջի գենետիկ կոդի վրա, այսինքն` կարողացա քիմիական այրվածքի դեպքում բջջի ֆունկցիաները վերականգնել: Կարողացա պայքարել և ամբողջովին վերականգնել հյուսվածքներն այնպես, ինչպես կվերականգնվի հյուսվածքը, օրինակ, մեխանիկական վնասվածքների ժամանակ: Կիսլոտայով այրվածք ստացած աչքը կարող է վերականգնվել»,- ասաց Մ. Մանուկյանը:
Ըստ գիտնականի` դեղամիջոցի արդյունավետությունը ստուգելու համար փորձարկումներ են կատարվել թվով 210 ճագարների աչքերի վրա: «Ծծմբաջրածնով և կծու հիմքային լուծույթով թուղթը թրջում էինք և դնում ճագարի աչքի վրա, այն անմիջապես քայքայում էր աչքը և խոց էր առաջացնում: Աչքը բուժելու նպատակով մի տեղում ֆիզիոլոգիական լուծույթ էինք լցնում, մյուսում` իմ ստեղծած դեղամիջոցը` էթանոլամինը»,- մեզ հետ զրույցում պատմեց ակնաբույժը: 60 օր շարունակ համեմատելով երկու տարբեր բուժման եղանակները, ակնաբույժի ստեղծած դեղամիջոցի բուժման ազդեցությունը ակնհայտ է դարձել: «Իմ ստեղծած այս նոր դեղամիջոցով բուժման պարագայում վերականգնվում է հյուսվածքի քիմիական կառուցվածքը և ամենակարևորը` վերականգնվում է ֆունկցիան. աչքը մնում է թափանցիկ, և ճագարը տեսնում է, իսկ մյուսի դեղամիջոցի դեպքում այրվածքի տեղը կոպիտ սպի և անթափանց եղջերաթաղանթ է առաջանում, որը փակում է տեսողությունը»,- փորձարկումը ներկայացրեց Մ. Մանուկյանը: Ակնաբույժն ասում է, որ մի դեղամիջոցի կիրառման դեպքում աչքի հյուսվածքների կառուցվածքը և էպիթելային բջիջները կողք կողքի շարված են լինում, իսկ մյուսի դեպքում բջիջները սևացած են լինում, անգամ` պոկված ու խճճված: Այս ամենը ավելի խորը ուսումնասիրելու և տեսանելի դարձնելու համար աչքի բջիջը հազարապատիկ մեծացնում են: «Մենք աչքի բջիջը մեծացրեցինք 52 հազար անգամ, որպեսզի պարզենք, թե ի՞նչ է կատարվում: Մի դեպքում` ամբողջ բջիջները քայքայված էին, բջիջը թաղանթ չուներ, այնինչ թաղանթով պայմանավորված է նրա ֆունկցիաները: Աշխարհում առաջին անգամ ես ցույց տվեցի, որ բջջի թաղանթը վերականգնվում է: Իմ դեղամիջոցով բուժված աչքը պարունակում է կերաթանսուլֆատ, որով պայմանավորված է աչքի թափանցիկությունը և տեսանելիությունը»,- ասաց Մ. Մանուկյանը: (Տես` երկու դեղամիջոցների ազդեցությունը ներկայացնող պատկերները փորձարկումից 60 օր անց, նկարում ճագարի աչք է պատկերված):
Նոր դեղամիջոցի արդյունավետությունը պարզելու համար կատարվել են մի շարք հետազոտություններ, այդ թվում` հյուսվածքաբանական, բջջաբանական, հյուսվածքաքիմիական, էլեկտրոմիկրոսկոպիկ հետազոտություններ, և այլն: Մ. Մանուկյանն ասում է, որ դեղամիջոցի համար կատարված ուսումնասիրությունները շատերին են զարմացրել: «Ամբողջ աշխարհում այս գյուտը ներկայացնելիս` զարմանում են, որ Հայաստանում կատարվել է այսպիսի խորը, բարձր մակարդակի գիտական աշխատանք, իմ դիսերտացիան պաշտպանելու ժամանակ ասացին, որ Նոբելյան մրցանակ պետք է տալ այս մարդուն»,- պատմեց Մ. Մանուկյանը: Հայ ակնաբույժի դեղամիջոցը ներկայացվել է տարբեր երկրներում, մասնավորապես, ըստ հեղինակի` Մոսկվայի Ռազմաբժշկական ակադեմիայում կարծիք են հայտնել, որ աշխարհը չունի քիմիական այրվածքների համար նման դեղամիջոց, և սա առաջինն է դառնալու, և հատկապես պաշտպանական բնագավառում այն կարող է անգնահատելի դերակատարում ունենալ: Ըստ ակնաբույժի` դեղամիջոցի արտադրությունը կազմակերպելու համար բիզնես ծրագիր է կազմվել համապատասխան մասնագետների կողմից, որի իրականացման համար անհրաժեշտ է 270 հազ. դոլար: Նշենք, որ Մ. Մանուկյանը բազմաթիվ նամակներով դիմել է ՀՀ պետական տարբեր կառույցների` ներկայացրել է դեղամիջոցը, բարձր գնահատականների է արժանացել, սակայն «սայլը տեղից չի շարժվել»: «Պետական այրերը միշտ խառն են տարբեր ներքաղաքական խնդիրներով, իսկ գիտնականները ուշադրությունից դուրս են մնում, մինչդեռ դրանք միլիոնավոր դրամների, դոլարների օգուտ կարող են բերել մեր երկրին»,- ասաց ակնաբույժը, ով դեղամիջոցի հետ կապված բոլոր փորձարկումները կատարել է սեփական միջոցներով: Նշենք միայն, որ ակնաբույժն իր գյուտի համար Հայաստանում արտոնագիր է ձեռք բերել, առաջիկա երկու ամսվա ընթացքում ձեռք կբերի նաև եվրասիական արտոնագիրը (The Eurasian Patent Organization), որի ձեռքբերման դեպքում դրսում դեղամիջոցն արտադրելու ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն: Ի դեպ, մեզ հետ զրույցում Մ. Մանուկյանը նշեց նաև, որ իր առաջարկած դեղամիջոցը` էթանոլամինը, դրական ազդեցություն ունի նաև այլ հիվանդությունների` գլխուղեղի, սրտային հիվանդությունների, շաքարային դիաբետի, ռախիտության և մի շարք վիրուսային հիվանդությունների, զոբի` վահանագեղձի հիվանդությունների դեպքում:
Լուսինե Մովսիսյան
Հուլիս 19, 2012
168.am