«Երևանյան Հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը տարին եզրափակում է ամենախոշոր մշակութային իրադարձությամբ: Դեկտեմբերի 27-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկ բացառիկ համերգով հանդես կգա լեգենդար դաշնակահար Եվգենի Կիսինը:
Կայանալիք համերգային ծրագրի և այլ հարցերի շուրջ դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը զրուցեց Եվգենի Կիսինը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` դաշնակահարը նշեց, որ շատ ուրախ է կրկին մեր երկրում լինել: Նա հույս հայտնեց համերգային ծրագրով դրական հույզեր փոխանցել երաժշտասերներին:
«Համերգի առաջին մասում կատարելու եմ Լյուդվիգ վան Բեթհովենի 29-րդ սիմֆոնիան, որը ոչ միայն Բեթհովենի ամենաբարդ գործերից է, այլև ամենանշանակալի ստեղծագործություններից է առհասարակ երաժշտական գրադարանում: Կարծում եմ` այդ գործը իր նվագացանկում ներառող յուրաքանչյուր դաշնակահարի, այդ թվում և ինձ համար, դա նոր աստիճան է, նոր նվաճում»,-ասաց Կիսինը:
Դաշնակահարը վերջերս է ամուսնացել: Նրա կինը կիսով չափ հայ է: «Վստահ եմ, որ կինս չի նեղանա, եթե խոստովանեմ, որ ես իրեն ավելի եմ մոտեցնում հայ մշակույթին: Երբ եկանք Հայաստան, նա իմ նշանածն էր. ես երկրորդ անգամ էի Հայաստանում, իսկ նա` առաջին»,-պատմեց դաշնակահարը:
Կիսինի խոսքով` իր համար շատ կարևոր է այն երկիրը, որն իրեն հյուրընկալում է, քանզի յուրաքանչյուր երկիր ունի իր անկրկնելի դեմքը, դիմագիծը, մշակույթը: Ըստ Կիսինի` տարբեր երկրները, ժողովուրդները և համաշխարհային մշակույթների բազմազանությունը մեր երկրագնդի զարդարանքն են:
Խոսելով մեր օրերում ստեղծագործող կոմպոզիտորների մասին` Եվգենի Կիսինն ասաց, որ անկախ ժամանակաշրջանից յուրաքանչյուր լավ ստեղծագործություն իրեն հետաքրքրում է: Նա ցավով նշեց, որ դեռ չի կատարել ժամանակակից կոմպոզիտորների գործեր, քանի որ դաշնամուրի համար ստեղծագործություններ շատ հազվադեպ են գրվում: Կիսինը շեշտեց, որ սիրով նվագել է հայ ականավոր կոմպոզիտորներ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի որոշ գործեր:
Դաշնակահարը ասաց, որ մանուկ հասակում ստեղծագործել է: «Երկարատև դադարից հետո ես կրկին սկսեցի երաժշտություն գրել: Տարիներ շարունակ վստահ էի, որ երբեք չեմ գրի, քանի որ չեմ կարող ստեղծել որևէ գործ, որը կարող է գոնե մոտ լինել մեծ դասականների` Բախի, Մոցարտի, Շոպենի և այլոց ստեղծածին: Մի քանի տարի առաջ ծնվեցին որոշ երաժշտական գաղափարներ, ու ես կյանքի կոչեցի դրանք: Այդ ստեղծագործություններն ուղարկեցի կոմպոզիտորների, կատարողների, խնդրեցի անկեղծորեն ասել, արդյո՞ք արժե, որ ես շարունակեմ գրել, թե ոչ: Բացառությամբ մեկ մարդու, նրանք նշեցին, որ հավանում են գործերս: Կան դաշնակահարներ, որոնք կատարում են դրանք»,-խոստովանեց դաշնակահարը:
Լսելով հայերեն խոսքը` դաշնակահարն ասաց, որ ցավոք հայերեն չի հասկանում, բայց կարծում է, որ այն հնչում է այնպես, ինչպես հայ ճարտարապետությունն է. քաղցր գեղեցկություն չունի, բայց փառահեղ է, խիստ: